Այս պահին Թուրքիայի ու Ադրբեջանի համար քաղաքական հաշվարկի ժամանակահատված է. պատգամավոր
ԱՄՆ նոր նախագահի վերադարձը Սպիտակ տուն որոշակիորեն ասոցացվում է սպասումների և անորոշությունների հետ:
Թեև վերջինս նախընտրական արշավի և ընտրվելուց հետո` մինչև պաշտոնը ստանձնելու ժամանակահատվածը, հրապարակել է ներքին և արտաքին քաղաքական հարցերով իր դիրքորոշումներն ու անելիքները, սակայն պարզ է, որ ամեն ինչ չէ, որ հարթ է ընթանալու կամ մատնանշված սցենարներով ու ելքերով:
Առանցքային խնդիրն աշխարհում աստիճանաբար հետին պլան մղվող խաղի այն կանոններն էին, որոնք ամրագրվել էին երկրորդ աշխարհամարտից հետո և ուժի կիրառման սկզբունքի առաջին պլան գալն է:
Այս պահին Թուրքիայի ու Ադրբեջանի համար քաղաքական հաշվարկի ժամանակահատված է` վերլուծելու, թե իրենց հնարավոր ագրեսիան Հայաստանի նկատմամբ, մասնավորապես, այսպես կոչված, միջանցքի կամ դրա անվան տակ, Նախիջևանի հետ ուղիղ կապի նպատակով, ի՞նչ հակազդեցություն կամ հետևանքների կհանգեցնի:
Արտաքին բարենպաստ միջավա՞յր, թե՞ խոչընդոտող գործոններ. շատ բան կերևա առաջիկայում, երբ «հողի վրա» առավել հստակ կդառնա, թե հիմնական դերակատարները միմյանց հետ առևտրում ի՞նչ զիջումների կգնան, ո՞ր ռեգիոնների կամ երկրների հաշվին և որ ամենակարևորն է` արդյո՞ք աշխարհաքաղաքական դերակատարները նոր խաղի կանոններ կսահմանեն, թե՞ կշարունակի աշխարհը շարժվել «ջունգլիների օրենքներով»:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան