Կառավարությունը կրկնապատկում է կենսապաշարների օգտագործման դրույքաչափերը
Կառավարությունը հունվարի 9-ի նիստում հավանություն է տվել Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծին, որն ուղղված է կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման արդյունավետության էական բարձրացմանը։ Հիմնական փոփոխությունը կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման վճարների դրույքաչափերի կրկնապատկումն է։
Կառավարության տվյալներով՝ որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով վերջին տասնամյակի ընթացքում գրանցված գնաճը և որոշ կենդանատեսակների, հատկապես սիգի ու խեցգետնի նկատմամբ աճող սպառողական պահանջարկը, որոնց պոպուլյացիան նվազման միտում է ցուցաբերում։ Հաշվի է առնվել նաև որոշ կենդանատեսակների նկատմամբ միջազգային առևտրային հետաքրքրության աճը։
Նոր օրենքը նպատակ ունի ոչ միայն օպտիմալացնել կենսապաշարների օգտագործման վճարների հաշվարկման և վերահսկման համակարգը, այլև էականորեն կրճատել քաղաքացիների և տնտեսվարող սուբյեկտների կողմից անհիմն հայտերի ներկայացման դեպքերը։ Դրույքաչափերի վերանայումը կիրականացվի 1.3 գործակցի կիրառմամբ։