10.01.2025
ՏԿԵ նախարարը չի բացառել մարզերում տրանսպորտի գնի բարձրացումը
prev Նախորդ նորություն

Առաջին անգամ նվազագույն կենսաթոշակը գերազանցել է պարենային զամբյուղի արժեքը. Փաշինյան

Լուսանկարը` primeminister.am
Լուսանկարը` primeminister.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության հունվարի 9-ի նիստում հայտարարել է վերջին հինգ տարում կենսաթոշակների աննախադեպ աճի մասին։ Նրա խոսքով, 2022 թվականին երկրի պատմության մեջ առաջին անգամ նվազագույն կենսաթոշակը գերազանցել է նվազագույն պարենային զամբյուղի արժեքը։


«2018 թվականից մենք կրկնապատկել ենք նվազագույն կենսաթոշակը։ Ոմանք ասում են՝ «Դե հա, 36.000 դրամ չի՞»։ Մի՞թե մենք ենք մեղավոր, որ կրկնապատկելուց հետո հենց այդքան է ստացվել։ Եթե սկզբնական գումարն ավելի բարձր լիներ, ապա կրկնապատկելուց հետո էլ ավելի մեծ կլիներ», - նշել է վարչապետը։


Փաշինյանն ընդունել է, որ կենսաթոշակների բարձրացմանը զուգահեռ առկա է գնաճի խնդիր, որը կապված է երկրի տնտեսության առանձնահատկությունների հետ։ Սակայն նա ընդգծել է, որ պարենային զամբյուղը մնում է օբյեկտիվ ցուցանիշ, որը հաշվի է առնում գնաճի գործընթացները։


Նույն նիստում կառավարությունը երկարաձգել է մինչև 2025 թվականի վերջ կենսաթոշակառուների և նպաստառուների համար անկանխիկ վճարումների քեշբեքի ծրագիրը։ Ծրագրի գործարկման սկզբից անկանխիկ շրջանառության ընդհանուր ծավալը հասել է 171,7 միլիարդ դրամի, իսկ վերադարձված գումարը կազմել է 15,2 միլիարդ։


2024 թվականի սեպտեմբերից քեշբեքի չափը 10%-ից բարձրացվել է մինչև 12%, իսկ վերադարձի առավելագույն գումարը՝ 5000-ից 6000 դրամի, որը կառավարության որակմամբ կենսաթոշակի փաստացի բարձրացում է ենթադրում։ Միջին հաշվով ծրագրի յուրաքանչյուր մասնակից ստանում է ամսական շուրջ 4190 դրամ վերադարձ։ Ծրագիրը հասանելի է նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար։

Կառավարությունը կրկնապատկում է կենսապաշարների օգտագործման դրույքաչափերը
Հաջորդ նորություն next