28.12.2024
Նախկին իշխանությունները ո՛չ ցանկություն ունեն, ո՛չ էլ նպատակ վերադառնալու. Բագրատ Սրբազան
prev Նախորդ նորություն

Հայաստանը նպատակ ունի մինչև 2031թ. նվազեցնել երիտասարդների գործազրկությունը մինչև 19.6%

Լուսանկարը` Sputnik
Լուսանկարը` Sputnik

Հայաստանի կառավարությունը հաստատել է զբաղվածության 2025-2031 թվականների ռազմավարական ծրագիրը, որը միտված է աշխատաշուկայի կառուցվածքային խնդիրների լուծմանը և չաշխատող երիտասարդների թվի կրճատմանը։


Հավակնոտ ծրագրի համաձայն, մինչև 2031 թվականը 20-29 տարեկան չսովորող և չաշխատող երիտասարդների մասնաբաժինը պետք է նվազի մինչև 19.6%, իսկ կանանց զբաղվածության մակարդակը պետք է էականորեն բարձրանա:


Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, դեկտեմբերի 27-ին կառավարության նիստում ներկայացնելով ծրագիրը, նշել է, որ երկրում առկա են գործազրկության երկու տեսակ՝ կառուցվածքային և ցիկլային: «Պոտենցիալ աշխատուժի զգալի մասն անմրցունակ է և չունի մասնագիտական հմտությունների այն մակարդակը, որն անհրաժեշտ է արագ փոփոխվող աշխատաշուկայի կարիքները բավարարելու համար»,- ընդգծել է նախարարը:


2022 թվականի տվյալներով՝ շուրջ 130 հազար 18-29 տարեկան երիտասարդներ չեն աշխատում և չեն սովորում, թեև սա արդեն նկատելի բարելավում է 2020 թվականի համեմատ, երբ նրանց թիվը կազմում էր շուրջ 160 հազար: Նոր ռազմավարությունը նախատեսում է այս խնդրի համակողմանի լուծում՝ ներառյալ շարունակական ուսուցման և որակավորման բարձրացումը:


Ծրագրում հատուկ ուշադրություն է դարձվում կանանց, հատկապես 30-40 տարեկան, զբաղվածությանը՝ աշխատաշուկայում նրանց ներուժի բացահայտման և ձեռներեցության զարգացման միջոցով: Կանխատեսումների համաձայն՝ աշխատող կանանց մասնաբաժինը աշխատանքային ռեսուրսների ընդհանուր կառուցվածքում պետք է հասնի 50.9%-ի մինչև 2031 թվականը:


Ռազմավարությունն ուղղված է նաև մարզային քաղաքներում ոչ գյուղատնտեսական զբաղվածության զարգացմանը, որտեղ նախատեսվում է հասնել 60.7% զբաղվածության մակարդակի մինչև 2031 թվականը: Ակնկալվում է, որ թերօգտագործվող աշխատուժի քանակը կկրճատվի 58%-ով՝ 2022 թվականի համեմատ, և կկազմի 166 հազար մարդ կամ աշխատանքային ռեսուրսների 7%-ը: