8.10.2025
Պատուհասի ողբը անդադար
prev Նախորդ նորություն

«Ստատուսագիրը» ունի բոլոր շանսերը դառնալու նախկին իշխանություն

Երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» հավերժ կռիվը բացառապես նախկին իշխանությունների հետ է։ Արդարության համար ասեմ, որ ըստ իս՝ նախկին իշխանություններ որոշ ներկայացուցիչների հիրավի փաստական խոսույթներ ու հարցադրումներ են գեներացնում դաշտում, հատկապես Փաշինյանի՝ 2020 թվականի պատերազմին նախորդող շրջանում կայացված որոշումների մասին, որոնց հետ կապված ինքս կուզեի իմանալ իրողությունը։


Բայց «ստատուսագիրը» երբեք չի խոսում փաստերով, նա շարունակում է խաղալ էմոցիաների վրա։ Դա վաղուց արդեն պարզ է։ Եթե փաստերով խոսի, շատ անհարմար բան կստացվի իր համար։ Այդուհանդերձ, կուզեի մի քանի կետով՝ իմ ընկալման սահմաններում, անդրադառնալ գալիք ընտրություններին, քանի որ քաղաքական դաշտը որոշակի աշխուժություն է սկսել ցուցաբերել։


Գալիք ընտրությունները իսկապես անկյունաքարային են լինելու Հայաստանի ու նաև մեզանից շատերի համար։ Այս ընտրություններում Փաշինյանը գալիս է քվե ուզելու՝ Ադրբեջանի ուզած սխեմայով մեր պետությունը կազմաքանդելու ու գաղափարազուրկ դարձնելու համար։ Ընդ որում, սա բնավ ոչ էմոցիա է, ոչ էլ չափազանցություն։ Ես ինքս քանի տարի է՝ հենց ՓԱՍՏԵՐՈՎ եմ դա ցույց տալիս։ Ուստի նրա և «Քանդենք Պետությունը» կուսակցության հեռացումը կենսական են ՀՀ-ն հետագա անկումից փրկելու համար։


Այդուհանդերձ, ՉԻ ԿԱՐՈՂ լինել նույն դասավորությունը, ինչ եղել է 2021 թվականին, ՉԻ ԿԱՐՈՂ կրկին հանրությանը ընտրություն առաջարկվել՝ բացառապես ներկայի ու նախկինի միջև։ Հանրության մեծ մասը քաղաքական նոր ուժի, նոր խոսքի, նոր տեսլականի կարիք ունի։


Պետք է մեծ աշխատանք տանել հանրությանը ընտրատեղամասեր տանելու ուղղությամբ։ Հանրության ճնշող մեծամասնությունը այս պահի դրությամբ չունի նախընտրելի քաղաքական ուժ, ուստի իմաստ չի տեսնի գնալ ընտրատեղամաս, եթե որևէ էական բան դաշտում չփոխվի։


Պետք է մեծ, հսկայական ծավալի աշխատանք տանել երիտասարդության հետ։ Երիտասարդությունը պասիվ չի, քնած չէ, անտարբեր չէ։ Նրանց հետ պետք է լինել անկեղծ, ազնիվ, ուղիղ։ Նրանք իրապես հոգնել են նախկին-ներկա դիսկուրսից։ Այս խոսույթից պետք է ձերբազատվել։ Պետք է տալ հնարավորություն՝ նրանց դրսևորվելու, իրենց տեր ու որոշիչ զգալու։ Եթե երիտասարդությունը հասկացավ, որ ինքը կարող է լինել փոփոխության մաս, փոփոխությունը դառնալու է անխուսափելի։


Պետք չի որևէ աշխարհաքաղաքական կենտրոնի դիրքորոշում սարքել որոշիչ մեր ընտրությունների համար։ Սա սկզբունքորեն շատ սխալ մոտեցում է։ Մենք մեր հարցերը պետք է ինքնուրույն լուծենք։


Ի վերջո, պետք է խոսել պոզիտիվ օրակարգերի շուրջ։ Մարդիկ դրական, առողջ ու բովանդակային տեսլականի կարիք ունեն։ Մարդը պետք է տեսնի իրեն այդ օրակարգերում։ Որքան էլ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններն ու մեր անվտանգային թեմաները կենսական են, բայց դրանք միակը չեն։ Խոսելու շատ նյութ կա։


Խելացի ու թիրախային աշխատանքի դեպքում «ստատուսագիրը» ունի բոլոր շանսերը դառնալու ՆԱԽԿԻՆ իշխանություն։ Կարևորը՝ գալիք խորհրդարանում ոչ թե Փաշինյանի համար ընդդիմություն աշխատելու, այլ հենց իշխանության գալու խնդիր դնելն է…


Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյան


 

44-օրյա պատերազմի մեղավորները պատրաստվում են իշխանության երկարաձգմանը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ parliament.am
06.10.2025
44-օրյա պատերազմի զեկույցը «արխիվացնելու» որոշումը թելադրված է օրենքով. պատգամավոր