8.10.2025
«Չորրորդ» հանրապետությունը հիմնվում է պարտության և «խաղաղության» մասին խաբեբայության վրա
prev Նախորդ նորություն

Փաշինյանը «կառուցում» է ոչ թե չորրորդ հանրապետություն, այլ առաջին կենցաղապետություն

Նիկոլ Փաշինյանը շարունակում է խաղարկել «պատերազմի եւ խաղաղության» թեման, որը սահուն կերպով տեղափոխել է «երրորդ եւ չորորդ հանրապետությունների» դաշտ: Այսօր նա հայտարարել է, որ երրորդի ու չորրորդի տարբերությունը այն է, որ երրորդ հանրապետությունը հիմնված էր կոնֆլիկտի վրա, չորրորդը՝ խաղաղության:


Ի դեպ, հետաքրքիր է, որեւէ ՔՊ-ական կհամարձակվի Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությանը եւ այդ «փիլիսոփայությանն» ընդհանրապես տալ Հայաստանի դեմ «մատնություն» բնորոշումը, ինչպես տալիս են նախկին նախագահներին, երբ նրանք Նիկոլ Փաշինյանի դիվանագիտությունն ու քայլերը դիտարկում են որպես պատերազմ հրահրող քայլեր:


Ի վերջո, Նիկոլ Փաշինյանը փաստացի հայտարարում է, որ կոնֆլիկտային է եղել երրորդ հանրապետությունն «ի բնե»: Սրանից ավելի համապարփակ «մատնությու՞ն»:


Ինչ վերաբերում է նրա այդ բնորոշման բովանդակային համարժեքությանը, ապա այստեղ իհարկե մանիպուլյացիա է ծայրից ծայր, որովհետեւ, երրորդ հանրապետությունը ոչ թե հիմնվել է կոնֆլիկտայնության վրա, այլ հիմնվել է հայ ժողովրդի պատմության եւ այդ պահին եղած իրողությունների վրա, որոնք այս կամ այն կերպ անխուսափելի առնչություն էին ունենալու հայկական պետականությանը, որոնց հետ չէր կարող առնչություն չունենալ հայկական պետականությունը, եթե այն իսկապես պետականություն էր, այլ ոչ թե համաշխարհային կենցաղապետության բացառիկ օրինակ:


Դրա համար եմ նշում, որ Նիկոլ Փաշինյանը «կառուցում» է ոչ թե չորրորդ հանրապետություն, այլ առաջին կենցաղապետություն՝ Հայաստանի առաջին կենցաղապետություն:


Կենցաղապետությունն այն է, որը հրաժարվում է ցանկացած քաղաքական խնդրից ու մարտահրավերից, ապրում է՝ «ծառից փորձանքից հեռու» քաղաքական տրամաբանությամբ, կամ ավելի շուտ՝ ապաքաղաքական տրամաբանությամբ: Մինչդեռ, «շառից փորձանքից հեռու» լինելը Հայաստանը չէ, որ որոշում է, կամ միայն Հայաստանը չէ, որ որոշում է: Ըստ այդմ ստացվում է, որ հրաժարվելով այդ հարցում որոշում կայացնող լինելու իրավունքից, Հայաստանի կենցաղապետությունը հայկական պետականության ճակատագրի հանդեպ որոշումներ կայացնող սուբյեկտների շրջանակը դնում է Հայաստանի հանրապետությունից ընդհանրապես դուրս:


Հայաստանի հանրապետության ներսում մնում է կայացնել մի որոշում՝ ամմսի քանիսի եւ որ երկրի համար բրոնյա անել Վիզէյրի էժան տոմս:


Վերլուծաբան Հակոբ Բադալյան


 

 Լուսանկարը՝ parliament.am
06.10.2025
44-օրյա պատերազմի զեկույցը «արխիվացնելու» որոշումը թելադրված է օրենքով. պատգամավոր