Կառավարությունը վերանայել է բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման ծրագիրը
Լուսանկարը` mineconomy.am
Դեկտեմբերի 27-ին ՀՀ կառավարությունը հաստատեց էական փոփոխություններ երկու առանցքային տնտեսական ծրագրերում, որոնք ուղղված են տեղական բիզնեսի մրցունակության բարձրացմանը և որակյալ կադրերի ներգրավմանը:
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրեց 2020 թվականի մարտից գործող արտադրողականության խթանման ծրագրի փոփոխությունները: 2022թ. մարտից մինչև 2024թ. դեկտեմբեր ծրագրի շրջանակներում կնքվել է 6559 պայմանագիր՝ 341.8 միլիարդ դրամ ընդհանուր պորտֆելով, որի 82%-ն ուղղվել է փոքր և միջին բիզնեսի աջակցմանը: Հաշվի առնելով բարձր պահանջարկը, կառավարությունը որոշել է երկարաձգել ծրագրի գործողության ժամկետը մինչև 2025թ. դեկտեմբերի 31-ը:
Էական փոփոխություններ են կատարվել նաև բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման ծրագրում: 2023թ. հունվարից մինչև 2024թ. դեկտեմբեր ստացվել է 763 հայտ մոտ 60 կազմակերպությունից, որոնցից 45-ն արդեն ներգրավել են 510 բարձր որակավորում ունեցող մասնագետների: Սակայն այժմ կառավարությունը մտադիր է օպտիմալացնել ծրագիրը. շահառուների ցանկից հանվում են ֆինանսական, ապահովագրական և առևտրի ոլորտի ընկերությունները:
«Ֆինանսական և ապահովագրական ոլորտներն ունեն բարձր ինքնաֆինանսավորման հնարավորություններ՝ շնորհիվ առկա եկամուտների և շահութաբերության մակարդակի: Իսկ մեծածախ և մանրածախ առևտուրը համարում ենք բարձր մրցակցային, սակայն հաճախ ցածր հավելյալ արժեք ստեղծող ոլորտ», - բացատրեց նախարար Պապոյանը:
Նվազեցվելու է նաև մասնագետների աշխատավարձի փոխհատուցման չափը. նախկին 20-70%-ի փոխարեն նոր դրույքաչափերը կկազմեն 10-50%:
Նախարարի խոսքով, ծրագրի շահառուների 95%-ից ավելին ներկայացնում են բարձր տեխնոլոգիաների ոլորտը: Լրացուցիչ նվազեցվել է խորհրդատվական և աուդիտորական ընկերություններին ներկայացվող շրջանառության շեմը 500-ից մինչև 400 միլիոն դրամ, ինչը պետք է ընդլայնի ծրագրի մասնակիցների շրջանակը: