4.12.2024
Հալեպի և ընդհանրապես Սիրիայում կացությունը հարափոփոխ է. ՀՅԴ Բյուրո
prev Նախորդ նորություն

Այս ձմռանը «Ձյունե թագուհին» կբացի հրաշքի դռները

Ինչպե՞ս հետաքրքիր անցկացնել ամանորյա արձակուրդները: Իհարկե, այցելել «Ձյունե թագուհի» խորագրով սառցե շոուն, որը տեղի կունենա դեկտեմբերի 26-ին և 28-ին Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում՝ Երևան, Ծովակալ Իսակովի պողոտա 27/10 հասցեում:


Այս տարի պրոդյուսեր Զառա Մխեյանը մայրաքաղաքի հյուրերին և բնակիչներին կուրախացնի «Ձյունե թագուհու պատմությունը» ընտանեկան դիտման համար նախատեսված գեղեցիկ և բարի կախարդական պատմությամբ, որը ստեղծվել է Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթի մոտիվներով՝ Էդգար Գյանջումյանի հեղինակած երաժշտությամբ: Վառ, դինամիկ ներկայացում, չքնաղ զգեստներ, հանրահայտ հայ գեղասահորդներ:

«Ձյունե թագուհին» հեքիաթը բացում է հրաշքի դռները ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար: Չէ որ այս շոուն, ինչպես Զառա Մխեյանի մյուս սառցե ներկայացումները, ստեղծված է հանդիսատեսին հիացնելու և երջանկություն պարգևելու համար:


VERELQ-ի հետ զրույցում Մխեյանը նշեց, որ առաջին անգամ Հայաստանում կունենանք սառցե ներկայացում, որը մեծ խիզախությամբ է ստեղծվել։


««Ձյունե թագուհու պատմությունը» ոչ միայն մեր հիանալի գեղասահորդների՝ ամենաբարձր մակարդակի գեղասահք է և հիասքանչ երաժշտություն, այլև փառահեղ բեմականացում: Հանդիսատեսին սպասվում են ցնցող գեղեցկության զգեստներ: Նախագծի վրա աշխատում են հրաշալի, տաղանդավոր պարուսույց-բեմադրիչ Դմիտրի Լապշինը՝ մեր գեղեցկուհի Էլեն Համբարձումյանի հետ, ինչպես նաև՝ մարզիչ Գեղամ Վարդանյանը. նրանք ևս դարձել են մեր թիմի մի մասը: Սա իսկապես շոու է, որը համապատասխանում է համաշխարհային ամենաբարձր չափանիշներին։ «Ձյունե թագուհու պատմությունը» մի փոքրիկ աղջկա՝ Գերդայի մասին է, ով փնտրում է իր ընկերոջը՝ Կային, որին առևանգել է Ձյունե թագուհին։


«Ձյունե թագուհի» հեքիաթի հիմնական միտքն այն է, որ իրապես սիրող սիրտ, ազնիվ ձգտումներ և կամքի ուժ ունեցող մարդուն ոչինչ չի կարող խանգարել իր վեհ նպատակին հասնելու գործում: Պատմությունը հավերժական արժեքների մասին է, այն մասին, որ սերն օրինաչափ, անբացատրելի և կարևորագույն մի բան է, որ պարուրում է մեզանից յուրաքանչյուրին: Սերը կյանքի հիմքն է, նրա հիմնաքարը: Այս աշխարհում ամեն ինչ ստեղծվել է սիրուց և սիրո շնորհիվ: Այն Տիեզերքի հիմնական ստեղծարար էներգիան է: Սերը հոգու լույսն է, որը լուսավորում է ամեն ինչ իր ջերմ շողերով: Սերը ողջ տիեզերքի հիմքն է: Սերը ղեկավարում է կյանքը: Սերը կյանք է պարգևում: Սերն Ամենակարող է: Սերը հրաշք է: Սերը լույս է, իսկ այնտեղ, որտեղ կա լույս, խավարը նահանջում է",- ասաց նա:

 


Հարցին, թե ի՞նչ արտիստական կազմ է ներգրավված շոում, Մխեյանը նշեց՝ տասնյակ համարներ, որոնց թվում են գեղասահորդների հուզիչ ելույթներ՝ ակրոբատիկ համարներով և սահադաշտի վրայով թռիչքներով, ինչպես նաև մենապարերի և զուգապարերի սրտահույզ համարներ, որոնք արտացոլում են հերոսների ներաշխարհն ու ապրումները, կհուզեն հանդիսատեսի հոգին և կդիպչեն նրանց սրտերին:


"Դերասանների կազմը ձևավորվել է երիտասարդ պրոֆեսիոնալ գեղասահորդներից, ակրոբատներից, օրիգինալ ժանրի խարիզմատիկ արտիստներից, ովքեր ունակ են յուրաքանչյուր ներկայացմամբ իրենք իրենց և հանդիսատեսին ապացուցել իրենց ոգու և տաղանդի ուժը: Այս չափանիշներով ընտրված մասնակիցները թույլ են տալիս հանդիսատեսի ուշադրությունը կենտրոնացնել շոուի բովանդակության, այլ ոչ թե «աստղային» անձնակազմի վրա: Նման պրակտիկան արդեն երկար տարիներ հաջողությամբ իրականացվում է աշխարհահռչակ Դյու Սոլեյի կրկեսի մենեջմենթի կողմից։


Սա մյուզիքլ է, որում լինելու են նաև երգեր, որոնք կկատարեն  Նաիրա Գյուրջինյանի և Զարուհի Բաբայանի սաները, իսկ եզրափակիչ երգը կկատարի երգչուհի, երգահան Մարգարիտա Պոզոյանը: Մարգարիտային վաղուց արդեն համարում են «ռուսական Ուիթնի Հյուսթոն»։  Ամբողջ սառցե ներկայացման երաժշտությունը գրել է Էդգար Գյանջումյանը, կոմպոզիտոր, ում հմայող երաժշտությունը բառացիորեն ստիպում է արտասվել և միաժամանակ բուժում է հոգին: «Ձյունե թագուհու պատմությունը» ներկայացման երաժշտությունն առանձնանում է հայեցակարգային և մասշտաբային գաղափարներով, նվագախմբի կիրառմամբ՝ ոչ միայն նման ստեղծագործությունների համար ընդունված ակադեմիական մոտեցմամբ, այլև մասսայական ուղղությունների սինթեզով:


Կուտակված փորձը և երաժշտական ինդուստրիայի զարգացման միտումների ընկալումը թույլ են տալիս ստեղծել հնչյունագիր, որը համապատասխանում է ժամանակի ոգուն, ձայնի՝ ընդունված համաշխարհային չափանիշներին: Նախագծի վրա Էդգար Գյանջումյանի հետ աշխատում են գործիքավորող Թաթոս Գարեգինի Հակոբյանը և հնչյունային ռեժիսոր Սերգեյ Տիգրանի Գասպարյանը",- հավելեց մեր զրուցակիցը: