Իրանի և Ադրբեջանի համատեղ զորավարժությունները. վստահության և անվտանգության նոր փուլ
Իրանի եւ Ադրբեջանի համատեղ զորավարժությունները ցույց են տալիս փոխադարձ վստահության աճը երկու երկրների միջեւ, «եւ եթե Աստված տա, դա կդառնա շրջադարձային պահ Իրանի եւ Ադրբեջանի պատմության մեջ, այս զգայուն տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության հաստատման հարցում»։ Այս մասին հայտնել է Իրանի հոգեւոր առաջնորդի միջազգային գործերի գծով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին, տեղեկացրել է NourNews-ը։
Նա սա կարեւոր իրադարձություն է անվանել, որը «վկայում է եղբայրական հարաբերությունների աճող ամրապնդման եւ բարիդրացիության մասին Իրանի եւ Ադրբեջանի միջեւ»։
Վելայաթին ավելացրել է, որ վեջին տարիներին Ուկրաինայում միջադեպից հետո ԱՄՆ-ը ՆԱՏՕ քողարկմամբ մտադրվել է թափանցել Հարավային Կովկասի տարածաշրջան եւ ստեղծել այլընտրանք, որը կշեղեր Ռուսաստանի ուշադրությունն Ուկրաինայից դեպի Հարավային Կովկաս։
«Իրանը վճռականորեն դիմակայել է Ամերիկայի եւ նրա տարածաշրջանային դաշնակիցների ազդեցությանը եւ կանխել այդ դավադրության ձեւավորումը իր հյուսիսարեւմտյան սահմանների երկայնքով, ինչի արդյունքում ՆԱՏՕ-ն կստեղծեր Իրանի տարածքային ամբողջականության մշտական սպառնալիք»,- նշել է նա։
Վելայաթին ընդգծել է, որ Արեւմուտքը ձեռնարկել է գործողություններ, որոնք ցույց են տվել, որ Արեւմուտքը եւ ՆԱՏՕ-ն «ճիշտ մտադրություններ չունեն Հարավային Կովկասի հարցում»։
«Իրանի հակազդեցությունը Զանգեզուրի միջանցքի բացմանը պայմանավորված էր նրանով, որ Արեւմուտքը ցանկանում է կազմակերպել հաղորդակցություն արեւելքից արեւմուտք Ադրբեջանով, Կասպից ծովով եւ Կենտրոնական Ասիայով։ Միայն Իրանն է գիտակցել այս դավադրության խորությունը։ Ի տարբերություն Արեւմուտքի՝ Իրանն իսկապես ցանկանում է բարեկեցություն ադրբեջանցի եղբայրների համար։
Ժամանակ պահանջվեց այս հարցում փոխըմբռնման համար, եւ այժմ մենք հասել ենք ընդհանուր արդյունքների, եւ մի քանի ամիսների ընթացքում իրականացվել են երեք համատեղ զորավարժանքներ։ Դա վկայում է փոխադարձ վստահության աճի մասին երկու երկրների միջեւ»,- նշել է Իրանի հոգեւոր առաջնորդի խորհրդականը։