23.11.2024
ՏԿԵ նախարարության օրակարգը մեծ է. Փաշինյանը ներկայացրեց նոր նախարարին
prev Նախորդ նորություն

«Չաշխատելով հարստանա՞լ». վարչապետը քննադատել է աշխատանքից հրաժարվողների դիրքորոշումը

Լուսանկարը` primeminister.am
Լուսանկարը` primeminister.am

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում առաջ քաշեց հասարակության մեջ առկա լուրջ սոցիալ-տնտեսական խնդիր՝ կապված քաղաքացիների աշխատանքային վերաբերմունքի և աշխատավարձերի մակարդակի հետ։


Վարչապետը կիսվեց իր դիտարկումներով, որոնք հիմնված են մարզային այցելությունների ընթացքում քաղաքացիների հետ ունեցած բազմաթիվ հանդիպումների վրա։ Նրա խոսքով, հաճախ է հանդիպում մի իրավիճակի, երբ տեսանելիորեն աշխատունակ քաղաքացիները հրաժարվում են աշխատանքից՝ պատճառաբանելով ցածր աշխատավարձը։


«Այս մարդկանց տրամաբանությունը ինձ մտահոգում է։ Ստացվում է, որ գործազրկության եկամուտն ավելի բարձր է, քան աշխատանքայի՞ն», - նշել է Փաշինյանը՝ ընդգծելով, որ նման իրավիճակի գոյությունը կարող է վկայել կա՛մ աշխատանքի կազմակերպման համակարգային խնդիրների, կա՛մ տնտեսական գործընթացների սխալ ընկալման մասին։


Վարչապետը հատուկ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ բազմաթիվ ընկերություններ, այդ թվում՝ պետական պատվերներ իրականացնող, սուր կարիք ունեն աշխատուժի։ «Եթե իրոք կարծում ենք, որ չաշխատող մարդը կարող է ավելի շատ ստանալ, քան աշխատողը, եկեք այդ դեպքում աղքատությունը հաղթահարենք գործազրկության միջոցով։ Եկեք ճանապարհներ ու դպրոցներ կառուցենք առանց աշխատելու», - հեգնանքով նշել է վարչապետը՝ ակնարկելով նման մոտեցման անհեթեթությունը։


Փաշինյանը նաև ընդգծել է, որ աշխատաշուկայում ներկայությունն ինքնին հանդիսանում է ավելի լավ աշխատանք գտնելու հնարավորություն, և այս հանգամանքը չպետք է անտեսվի աշխատանք փնտրողների կողմից։