21.11.2024
ՍԱՏՄ ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացրել
prev Նախորդ նորություն

Քննարկվել է ՀՀ-ում 5G տեխնոլոգիայի ներդրմանը վերաբերող նախաձեռնությունը

««ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը վերաբերում է Հայաստանի Հանրապետությունում շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիայի ներդրմանն ու զարգացմանը:


«5G տեխնոլոգիայի ներդրման համար անհրաժեշտ է որոշակի ռադիոհաճախականային տիրույթների ազատականացում: Այդ գործընթացը 2024 թվականին իրականացվել է ԲՏԱ նախարարության կողմից: 2023-ին եւս որոշակի տիրույթ ազատականացվել է»,- նշել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գեւորգ Մելիքսեթյանը: Նրա տեղեկացմամբ 2300-2400 ՄՀց եւ 3600-3800 ՄՀց ռադիոհաճախականային տիրույթներ տրամադրվել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին եւ պետք է դրվեն մրցույթի:


Նախագծով առաջարկվում է 2300-2400 ՄՀց եւ 3600-3800Մ Հց ռադիոհաճախականությունների հատվածները ներառել անլար հասանելիության շարժական լայնաշերտ կապի ցանցերի համար սահմանված ռադիոհաճախականությունների ցանկում, որով տվյալ ռեսուրսի 1 ՄՀց ռադիոհաճախականության գոտու համար տրամադրման պարտադիր վճարը (միանվագ) կկազմի 25 000 000 դրամ, իսկ տարեկան օգտագործման վճարը՝ 16 800 000 դրամ:


Նախաձեռնության ընդունումից հետո բջջային կապի օպերատորները մրցույթի մասնակցելու պարագայում կկարողանան սահմանված վճարումները կատարել:


Կառավարության հաջորդ առաջարկը վերաբերում է պետբյուջեում արբանյակային կապի կամ արբանյակային ինտերնետ ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար ռադիոհաճախականային տիրույթ առանձնացնելուն: Նշելով, որ արբանյակային կապի ներդրման մասով ԲՏԱ նախարարությունը բանակցություններ է վարում մի շարք միջազգային կազմակերպությունների հետ՝ զեկուցողը հնարավոր է համարել 2024-ին դրա իրականացման վերաբերյալ գերատեսչության կողմից թույլատվության տրամադրումը:


Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ փոխնախարարը նշել է, որ փոփոխությունների արդյունքում պետբյուջե կապահովեն լրացուցիչ մուտքեր:


Նախաձեռնությունը քննարկվել է Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 6-ի նիստում եւ ստացել դրական եզրակացություն: