Բայդենը կոչ է արել Ալիևին կնքել խաղաղության պայմանագիրը մինչ տարեվերջ
Ես ուրախ եմ ձեր երկրի և Հայաստանի կողմից խաղաղության համաձայնագրի ուղղությամբ շարունակական առաջընթացից, որը կծառայի երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը: Ուզում եմ վստահեցնել, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության ձեռքբերմանը, որը վերջ կդնի դարավոր հակամարտությանը։ Այս մասին ասվում է ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին ուղղված նամակում։
«Խաղաղության համաձայնագիրը, միաժամանակ ապահովելով Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, կփոխակերպի նաև ողջ տարածաշրջանը՝ խթանելով ավելի մեծ առևտուր, ներդրումներ և կապեր Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև։ Մինչ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Բաքվում կայանալիք COP29-ի վրա, դուք եզակի հնարավորություն ունեք աշխարհին ցույց տալու ձեր նվիրվածությունը խաղաղությանը: Ինչպես հայտնի է, խաղաղ համաձայնագրի չհամաձայնեցված կետերի շուրջ աշխատանքների ամփոփումը երկու կողմից կպահանջի ստեղծագործ մոտեցում և փոխզիջում։ Բայց ես վստահ եմ, որ դուք կշարունակեք օգտվել այս հնարավորությունից: Հրավիրում եմ ձեզ այս տարի ավարտին հասցնել համաձայնագրի շուրջ աշխատանքները»,- ասված է նամակում։
ԱՄՆ նախագահը նույնպես իր հանձնառությունն է հայտնել աջակցել այս հարցին։
«Իմ վարչակազմը պատրաստ է ձեռնարկել համարձակ նախաձեռնություններ, որոնք ճանապարհ կհարթեն դեպի խաղաղություն։ Իմ խնդրանքով, իմ հատուկ օգնական, Ազգային անվտանգության խորհրդի եվրոպական հարցերով ավագ տնօրեն Մայքլ Քարփենթերը ձեզ կտեղեկացնի կոնկրետ քայլերի մասին, որոնք մենք պատրաստ ենք ձեռնարկել, և կճշտի ձեր դիրքորոշումը Հայաստանի հետ բանակցությունների վերաբերյալ: Հուսով եմ, դուք կօգտվեք այս հնարավորությունից և տարածաշրջանում կընտրեք ճանապարհ հանուն ընդհանուր բարգավաճման և բարօրության»,- ասված է Սպիտակ տան ղեկավարի նամակում։