23.11.2024
Բայդենը կոչ է արել Ալիևին կնքել խաղաղության պայմանագիրը մինչ տարեվերջ
prev Նախորդ նորություն

Հայաստանում կսահմանափակվի արտասահմանյան շահումով խաղերի կայքերի հասանելիությունը

Լուսանկարը` betauth.com
Լուսանկարը` betauth.com

Կառավարության հոկտեմբերի 24-ի նիստում հաստատվել է օտարերկրյա պետություններում կազմակերպված և ՀՀ օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող շահումով խաղերի և վիճակախաղերի կայքերի հասանելիության արգելափակման կարգը։


ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ այս որոշմամբ գործարկվում է համակարգ, որը կսահմանափակի կայքերի հասանելիությունը և կհրապարակի արգելափակման ենթակա բանկային դրամապանակների ցանկը։


«Բանկերը կսահմանափակեն այդ դրամապանակներին փոխանցումներ կատարելու հնարավորությունը։ ՀՀ-ում գործող և մեր կարգավորման ներքո գտնվող շահումով խաղեր կազմակերպողները ենթարկվում են այն պահանջներին, որ մենք սահմանել ենք՝ պաշտպանելու ՀՀ քաղաքացիներին շահումով խաղերի հետ կապված ռիսկերից։ Այս ռիսկերը կառավարելու համար անհրաժեշտ է սահմանափակել օտարերկրյա պետություններում գործող կայքերը, որոնք դուրս են մեր կարգավորումների շրջանակից», - նշել է նախարարը։


ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ասել է, որ տեխնիկապես հնարավոր չէ մեկ օրում և միանգամից ամեն ինչ իրագործել։ «Պետք է շատ հետևողական լինել, որ շրջանցման մեխանիզմներ չլինեն։ Նման կարգավորումներն առաջ են բերում դրանք շրջանցելու ձգտում, ուստի պետք է հետևենք, որ որոշումն արդյունավետ լինի և ծառայի իր նպատակին», - ընդգծել է նա։