Ադրբեջանի 2025 թվականի պետական բյուջեի նախագծում պաշտպանական ծախսերը ոչ միայն չէին ավելացված, այլ նաեւ նվազել էին մոտ 6 տոկոս՝ 2024-ի համեմատ: Բայց, Իլհամ Ալլիևի հանձնարարությամբ դրանք ավելացել են 1,7 միլիարդ մանաթով եւ Ադրբեջանը նախատեսում է ծախսել մոտ 5 միլիարդ դոլար:
Ընդ որում, ամենից զավեշտալին այն է, որ Ալիևը այդ հանձնարարությունը բացատրել է Հայաստանի աճող ռազմականացմամբ: Հասկանալի է, որ Հայաստանի սպառազինության ձեռքբերումն ու պաշտպանական ծախսերը մեղմ ասած չունեն այն տեմպը, որը կարող է առանձնապես մտահոգել Բաքվին, բայց Ադրբեջանի համար խնդիրն իհարկե դա չէ, դա առիթն է, իսկ բուն հարցը այն է, որ Ալիևը շարունակում է հետապնդել իր գլխավոր հավակնությունը՝ դառնալ Կովկասի գերակա պետություն:
Կհաջողվի նրան դա, թե ոչ, սա հարցի մյուս կողմն է: Ավելին, Ադրբեջանի այդ հավակնոտ նպատակը կարող է թելադրված լինել իհարկե նաեւ ավելի մեծ մտավախություններով: Մասնավորապես, Ալիևը թերեւս համարում է, որ աշխարհաքաղաքական վերաձեւումների այս մեծ գործընթացի կամ փաստացի համաշխարհային պատերազմի պայմաններում գոյություն ունեցող ռիսկերի հանդեպ պետք է վարել ագրեսիվ քաղաքականություն, ըստ այդմ դնել հավակնոտ նպատակներ, առնվազն սեփական խաղադրույքները բարձրացնելու եւ նվազագույնի հասնելու համար:
Հակված եմ մտածել, որ նա ըստ էության չի ուզում պատերազմ: Ոչ թե խաղաղասեր լինելու պատճառով, այլ չի ուզում, որովհետեւ իր համար շատ ավելի շահեկան է «նախապատերազմական» ռեժիմը՝ քաղաքական մանեւրի համար, քան պատերազմը, որը կարող է պարունակել անկանխատեսելիություն եւ դուրս լինել իր կառավարման տիրույթից: Բայց, նա պատրաստվում է պատերազմի, շատ լավ պատկերացնելով, որ այդ որոշումը կայացվելու է իրենից դուրս, եւ, եթե կայացվեց ու հասունացվեց աշխարհաքաղաքական տիրույթում, ինքը ստիպված է լինելու հաշվի նստել այդ որոշմանը, ավելին՝ ինքն է լինելու այդ որոշման կատարածուն:
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյան