VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մի քանի ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը կուսակցական շարքերին հորդորել է մտածել միայն առաջիկա ընտրությունների մասին, մնացածը՝ նկատի է ունեցել արտաքին զարգացումները, իր խնդիրն է։ Այդ նպատակով մարզպետներին, Երեւանի վարչական շրջանների ՔՊ պատասխանատուներին հանձնարարել է՝ աշխատանքային խմբեր ձեւավորել, ընդգրկելով թե՛ պատգամավորներին, թե՛ տվյալ համայնքի բնակիչ նախարարներին, թե՛ տարածքում եղանակ ստեղծող ակտիվ կուսակցականներին՝ բոլորին գործի դնել։ Առաջնահերթ սերտացնել շփումը քաղաքացիների հետ եւ անխտիր լուծում տալ նրանց առաջ քաշած հարցերին, որպեսզի ընտրություններին գնան ուժեղացած: Այդ աշխատանքային խմբերն ամիսը 1 անգամ հավաքվում, աշխատանքի բաժանում են անում՝ փորձելով լուծում տալ բոլորի կարիքներին։ Այսինքն՝ փաստացի Փաշինյանը գործի է դրել ընտրություններից առաջ ստվերային ընտրակաշառքի բոլոր մեխանիզմները։ Իսկ ընտրակաշառք համարվում է ոչ միայն փող բաժանելը, այլեւ ընտրողների հարցերը լուծելը:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Անդրանիկ Քոչարյանի կազմակերպած լսումները ՔՊ-ում «ռազբորկաների» առիթ են դարձել, քանի որ 71 հոգանոց ֆրակցիայից մասնակցում էր 2 տասնյակից էլ քիչ մարդ: Իսկ ներկաների մեծ մասի ներկայությունը դեկորատիվ էր, մի քանիսն էին իրենց ուսերին վերցրել ուժայիններին նեղը գցելու գործը։ ՔՊ-ականների բացակայությունը նկատեցին անգամ ընդդիմադիրները: Ագնեսա Խամոյանն անգամ Անդրանիկ Քոչարյանին խայթեց, թե նրա փոխարեն ինքը կվիրավորվեր ՔՊ-ի ակտիվությունից։ Մեր տեղեկություններով՝ լսումներից հետո այս թեման էլ է բավականին բուռն արծարծվել ՔՊ-ում: ՔՊ-ականների պահվածքից վրդովված Քոչարյանը, պատմում են, այնպես է գոռգոռացել, որ անգամ միջանցքներում է լսելի եղել: Ասել է, թե բոլորը միայն ճառ ասողներ են, երբ գալիս է խոսելու պահը, թաքստոցներից դուրս չեն գալիս, որովհետեւ մտածելու բան ունեն։
Մեր աղբյուրը պատմեց, որ ներկուսակցական նիստերի ժամանակ ֆրակցիայի 99 տոկոսը` շատ մեղմ ասած, խիստ դժգոհություններ է հայտնում ուժայինների գործունեությունից, ոմանք անգամ հայհոյախառն բառապաշարով են արտահայտվում, սակայն այդ հոխորտացողները լսումներին չեն մասնակցել, քանի որ բոլորի վրա էլ «կեղտ» կա` չեն ուզում թարսվել ուժայինների ղեկավարների հետ։ Նկատենք, որ լսումները ցուցադրեցին, որ ՔՊ-ում չկա միասնականություն, ֆրակցիայում թեւեր ու ճյուղեր են գործում: Լսումներին, փաստորեն, ներկա էր այն խումբը, որը նախաձեռնել էր Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության գործընթացը։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՔՊ մեր աղբյուրները հայտնում են, որ առաջիկայում կուսակցության վերահսկող հանձնաժողովն Աղազարյանին հնարավոր է կանչի բացատրության` Քյարամյանի սկանդալային «բացահայտման» հետ կապված։ Հիշեցնենք․ ԱԺ-ում Քննչական կոմիտեի ղեկավարն աղմկահարույց հայտարարություն արեց. «Պարոն Աղազարյան, խնդրում եմ մեկնաբանեք, թե ինչով է պայմանավորված, որ առնվազն 2 անգամ ինձ դիմել են Ձեր տղայի հետ կապված քրեական գործով՝ մեքենաները ․․․ վերադարձնելու վերաբերյալ։ Բա եթե մենք խոսում ենք կոռուպցիայի դեմ պայքարից, հովանավորչությունից, խնդրում եմ պատասխանեք այս հարցին»:
ՔԿ նախագահը, ըստ էության, ջրի երես հանեց իշխանության կեղտոտ սպիտակեղենը՝ հովանավորչության, գործեր սարքելու, գործեր ջրելու մասով։ Քյարամյանի հայտարարությունը հանցագործության մասին հաղորդում էր` քրեական վարույթին միջամտելու մասին։ Չնայած Հովիկ Աղազարյանը հենց նիստերի դահլիճում Քյարամյանից պահանջում էր անուններ տալ, թե ովքեր են դիմել, սակայն ՔԿ ղեկավարն անուն չտվեց։ Կուսակցության վերստուգող մարմինը հենց այդ հարցերն է պարզելու նրանից՝ արդյոք եղե՞լ է միջամտություն, ովքե՞ր են Քյարամյանին դիմել։ Աղազարյանը նեղ շրջապատում վստահեցրել է, որ ինքը տղաների հարցով որեւէ մեկին չի դիմել, պահանջելու է, որ Քյարամյանից պարզեն, թե ովքեր են նրան դիմել։ Ի դեպ, ՔՊ-ում վստահ են, որ Քյարամյանի օրերը հաշված են, եթե Փաշինյանը չազատի էլ, նրա «բեսպրեդել» պահվածքի ողջ պատասխանատվությունն իր վրա է մնալու։ Խմբակցությունում չեն շտապում` սպասում են Փաշինյանի քայլին, հակառակ դեպքում մի ստորագրահավաք էլ Քյարամյանի հարցով կսկսեն։ Երեկ արդեն Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ նրա պահվածքը քննարկելու են: Ուշագրավ է, որ միջադեպին ներկա էր անձամբ գլխավոր դատախազը, որը պարտավոր է ընթացք տալ առերեւույթ հանցանք պարունակող հայտարարություններին։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գրիգոր Մինասյանին ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարական «ստիպելուց» հետո ՔՊ-ն «կրախի» առաջ է կանգնած. իշխող թիմում թեկնածու չունեն: Միայն հայտնի է, որ նախարար աշխատելու իր համաձայնությունն է տվել ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հենց ինքը՝ պատգամավորն է հայտնել: Սակայն նախկին պետավտոտեսուչ Արմեն Խաչատրյանը չունի իրավաբանի բարձրագույն կրթություն: Նա 2000 թվականին՝ 27 տարեկանում միայն ավարտել է ՀՀ ներքին գործերի նախարարության բարձրագույն դպրոցը, ստացել իրավագիտության մասնագետի որակավորում, բայց հավակնում է նեղ մասնագիտական կարողություններ պահանջող նախարարություն ղեկավարել: Հիշեցնենք, որ իշխանությունը պայման ունի գտնել կուսակից, ով կհավակնի այդ պաշտոնին. ընտրյալը պետք է կայացնի իշխանության «սրտի» որոշումները՝ չմտածելով արդարադատության մասին:
Իսկ ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։ Համաձայն 2023 թվականի հաշվետու տարվա հայտարարագրի՝ պատգամավոր Արմեն Խաչատրյանը որեւէ անշարժ գույք չի հայտարարագրել։ Միայն մեկ տրանսպորտային միջոց՝ Vaz մակնիշի, որը գնել է 2007 թվականին։ Պատգամավորի բանկային հաշիվների մնացորդը կազմել է գրեթե 800 հազար դրամ: Արմեն Խաչատրյան հաշվետու տարվա եկամուտը կազմել է 14 մլն 201 հազար դրամ։ Եկամտից 11 մլն 450 հազարն աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից: Նշենք, որ 2022 թվականի հայտարարատու տարվա հայտարարագրի համեմատությամբ, Խաչատրյանի աշխատանքի վարձատրությունը 2023 թվականին գրեթե 3 մլն դրամով ավելացել է. նախորդ 8 մլն 425 հազարը դարձել է 11 մլն 450 հազար դրամ։
Պատգամավորի՝ ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 2 մլն դրամ եւ 30 հազար դոլար: Քանի որ Խաչատրյանը, որպես եկամուտ, ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացել է 757 հազար դրամ եւ ունի նման մեծ չափի վարկ, կարելի է ենթադրել, որ սա հիփոթեքով ձեռք բերված գույք է։ Սակայն անշարժ գույքի մասին հիշատակում պատգամավորի հայտարարագրում չկա: Որդու՝ Էդուարդ Խաչատրյանի հայտարարագրում առկա է բնակարան Երեւանում, որը ոչ թե սեփականություն է, այլ սեփականության իրավունքով պատկանում է այլ անձի, սակայն շահագործվում է պատգամավորի որդու կողմից։Հարկ է նշել նաեւ, որ Արմեն Խաչատրյանի կինը Երեւանի պետական հումանիտար քոլեջի տնօրենն է»։
Հարկ է նշել, որ համաձայն պատգամավորի 2023 թվականի հայտարարագրի՝ որդին աշխատում է ՀՀ Ազգային ժողովի փորձագիտական վարչության պետաիրավական փորձաքննությունների բաժնում՝ որպես փորձագետ։ Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ հեղափոխությունը վերջ է դնելու խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքին, սակայն այս մի հարցում էլ Փաշինյանը կրկին բացթողումներ ունի։ Ավելին՝ պետական համակարգը հենց ԽԾԲ-ով էլ աշխատում է։ ՔՊ պատգամավորի որդին 2019 թվականին գնել էր Toyota մակնիշի մեքենա, իսկ 2023 թվականին 2 մլն 250 հազարով ձեռք է բերել Ford մակնիշի ավտոմեքենա։ Որդու հայտարարագրում առկա տվյալների համաձայն՝ նա ունի հիփոթեքով բնակարան 42 մլն 500 հազար դրամ արժողությամբ։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել ԱԺ-ում Անդրանիկ Քոչարյանի` օրերս կազմակերպած հայտնի քննարկման նախապատրաստական ընթացքից: Պարզվում է, որ մինչ ԱԺ-ում այս քննարկումը կազմակերպելը, Անդրանիկ Քոչարյանը ՔՊ վարչությունում իր դրածո պատգամավորների միջոցով Նիկոլ Փաշինյանի համաձայնությունը ստացել է, ապա սկսել է ԱԺ ուղիղ հեռախոսակապով «դուխով» զանգահարել բոլոր ուժային կառույցների ղեկավարներին: Նրանց բոլորին ասել է, թե վարչապետը տեղյակ է, պետք է լսումներ կազմակերպվեն ԱԺ-ում առաջին դեմքերի մասնակցությամբ: «Ժողովուրդ» օրաթերթը իր իրազեկ աղբյուրներից տեղեկացավ, որ Անդրանիկ Քոչարյանը քննարկման օրը նախապես զգուշացրել է կառավարության բոլոր անդամներին, ուժային բոլոր կառույցների ղեկավարներին, թե ընդդիմությունը կփորձի սադրել, անգամ շշեր նետել ձեր ուղղությամբ, սակայն չպետք է տրվել պրովոկացիաներին: Ասել է թե՝ Անդրանիկ Քոչարյանը տրամադրել է ուժային կառույցներին խորհրդարանական ընդդիմության դեմ, բայց ինքը իր թիմակիցներով լրջորեն պատրաստվել` ընդդեմ ուժայինների:
Չմոռանանք, որ Նիկոլ Փաշինյանի բոլոր քաղաքական քմահաճ հրահանգները լռելյայն կատարող Արգիշտի Քյարամյանին առաջինը սադրեց հենց Արփի Դավոյանի օգնականը: Ինքը՝ Արփի Դավոյանը, իր դեմքով չգործեց, քանի որ նա մի քրգործով վկա է անցնում և, թերևս, մտավախություններ ուներ ուժայիններից: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել է: Մարդիկ, ովքեր ինչ-ինչ խնդիրներ են ունեցել, չեն ենթարկվել Անդրանիկ Քոչարյանի սադրանքներին կամ նրա խորհուրդները չեն լսել, չեզոք էին այդ քննարկման ժամանակ: Օրինակ՝ Արմեն Խաչատրյանը, որը հավակնում է արդարադատության նախարար դառնալ: Սակայն Անդրանիկ Քոչարյանի մտերիմ մյուս պատգամավորները քննադատեցին Փաշինյանի կաբինետի ուժային բլոկին՝ Լուսինե Բադալյան, Նարեկ Զեյնալյան, Հովիկ Աղազարյան…:
Մնացած ՔՊ-ականները հպանցիկ՝ ավելի թիմային դրսևորեցին իրենց՝ Վահագն Ալեքսանյան, Վիլեն Գաբրիելյան և այլք: Պասիվ էր նաև ականջ ու լեզու կտրող, թմրանյութի գործով անցած Արթուր Հովհաննիսյանը. թերևս նա էլ մտավախություններ ուներ: Իսկ այդ օրվա ամենատպավորիչ դրվագն այն էր, որ առաջին դեմքերի մասնակցութան պահանջ դրած Անդրանիկ Քոչարյանը իր մտերիմ ընկերոջը՝ ՊՆ ռազմական ոստիկանապետին, չէր հրավիրել, թերևս՝ չթիրախավորելու համար»։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Այս իշխանությունը հիմնադրամներ ստեղծելու մեծ սեր ունի: Մի հիմնադրամ` ԱՆԻՖ-ը, որը պետք է Հայաստանում գրանդիոզ նախագծեր իրականացներ, խայտառակ ձախողումով ավարտվեց, եւ պարզ չէ, թե պետությանը պատճառված միլիարդների վնասի համար ով է պատասխան տալու: Հիմա մեկ այլ հիմնադրամ են «խաղացնում»` «Էնթերփրայզ Արմենիա» կամ «Ներդրումների աջակցման կենտրոն» անունով: Երեկ Նիկոլ Փաշինյանն այս հիմնադրամի նիստ է արել` «ընդունվել են որոշումներ Կենտրոնի բնականոն գործունեության ապահովման եւ ֆինանսավորման համատեքստում»: Այսինքն՝ հիմա էլ այս հիմնադրամին են բյուջեից հատկացումներ անում:
«Փաստ» օրաթերթը գրում է. Օրերս Երևանում իրազեկման ակցիա են իրականացրել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի հիմնադրած «Համահայկական ճակատ» կուսակցության անդամները: Նպատակն էր ոչ միայն հանրությանն իրազեկել Ազգային հպարտության տրիբունալի որոշմանը, այլև դա փոխանցել նաև Նիկոլ Փաշինյանին, ինչի համար ակցիայի մասնակիցները քայլերթով մոտեցել էին կառավարական առանձնատանը, սակայն մուտքը հսկող անվտանգության աշխատակիցները նշել են, որ իրենք իրավասու չեն որևէ փաստաթուղթ ընդունել: «Փաստ» թերթի տեղեկություններով, «Համահայկական ճակատ» կուսակցությունը մանրամասնորեն մշակել է «ճանապարհային քարտեզ», թե ինչպես պետք է հասնել Ազգային հպարտության տրիբունալի որոշման կայացմանը, այն է՝ Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի հեռացմանն ու պատասխանատվության ենթարկելուն:
Մեր աղբյուրները փոխանցում են, որ ակցիաները շարունակական են լինելու, որոնք չեն սահմանափակվելու միայն իրազեկմամբ: Ակցիաներին զուգահեռ, մեր տեղեկություններով, կուսակցությունը ընդդիմադիր ուժերի ղեկավարներին ուղղված հայտարարությամբ հանդես կգա՝ կոչ անելով միանալ տրիբունալին և գործող իշխանությունների դեմ միասնական պայքար մղել: Հիշեցնենք, որ Ազգային հպարտության տրիբունալը Նիկոլ Փաշինյանին հայտարարել է մեղադրյալ, նշել, որ վերջինս բռնել է հայ ժողովրդին և մեր պատմական հայրենիքը դավաճանելու ուղին: Միևնույն ժամանակ տրիբունալն առաջարկում է հայտնել Նիկոլ Փաշինյանին համաժողովրդական անվստահություն ու արհամարհանք, զրկել նրան հայ համարվելու իրավունքից, ինչպես նաև հայության անունից խոսելու բարոյական իրավունքից, քաղաքական լեգիտիմությունից և Հայաստանի ժողովրդի անունից որոշումներ կայացնելու իրավունքից, կոչ անել վարչապետին՝ կամավոր կերպով հրաժարական տալ, ապաշխարել հայ ժողովրդի առջև ու հեռանալ: