14.12.2024
Ընդդիմությանը պետք է հասունանալ, ոչ թե ազատվել նախկին նախագահների ստվերներից. Իսկանդարյան
prev Նախորդ նորություն

Փաշինյանը մտադիր է կատարել Ադրբեջանի հերթական պահանջը. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Որոշ տեղեկություններով՝ Հայաստանը մտադիր է կատարել Ադրբեջանի հերթական պահանջը՝ չերկարաձգել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության ժամկետը։ Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վալիեւն օրերս հայտարարել է, որ ԵՄ առաքելության տեղակայումը Հայաստանի հետ «պայմանական սահմանին», սրում է իրավիճակը․ «ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը, ինչպես նաեւ տարածաշրջանից դուրս որոշ երկրների, մասնավորապես, Ֆրանսիայի կողմից Հայաստանի զինումը, հանգեցրել են Հայաստանում ռեւանշիստական ուժերի ակտիվացմանը, խոչընդոտներ ստեղծել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ու խաղաղ գործընթացին՝ սրելով իրավիճակը Հարավային Կովկասում»։


Մեզ չհաջողվեց լուրը պաշտոնապես ճշտել, քանի որ ո՛չ ԱԳՆ-ից, ո՛չ դիտորդական առաքելությունից որեւէ հարցի պատասխան ստանալ հնարավոր չէ։ Նշենք, որ դիտորդները Հայաստան են ժամանել 2023-ին՝ 2 տարի ժամկետով, 2025-ի փետրվարին լրանում է նրանց ժամկետը, եւ եթե ՀՀ իշխանությունները երկարաձգման դիմում չներկայացնեն, ապա առաքելությունը կավարտվի։ Քաղաքական շրջանակներում կարծում են, որ թերեւս սրանով է պայմանավորված, որ Նիկոլ Փաշինյանը, մեկ քայլ առաջ ընկնելով, հայ-իրանական սահմանից հանեց ռուս սահմանապահներին, որ երբ դիտորդների ժամկետը չերկարաձգվի, իրեն չմեղադրեն ռուսամետության մեջ:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Որոշ իշխանականների երեկվա հայտարարությունները հուշում են, որ Փաշինյանն Ալիեւի ճնշման ներքո գնացել է հերթական զիջումներին, եւ խաղաղության պայմանագրի մյուս կետերի շուրջ էլ են համաձայնության եկել։ Ժնեւում՝ վեհաժողովի ժամանակ իր ելույթում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ուշագրավ բացահայտում է արել՝ ասելով, որ խաղաղության պայմանագրի հարցում Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության հասնելու շեմին են: «Ուրախ եմ տեղեկացնել, որ այսօր մենք համաձայնության ենք եկել 16 կետի շուրջ»,- հայտարարել է նա եւ Ադրբեջանին կոչ արել․ «Մենք հրավիրում ենք Ադրբեջանին՝ դրսեւորել քաղաքական կամք, օգտվել պահից եւ միանալ մեզ՝ հնարավորն իրականություն դարձնելու համար: Հայաստանը պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել թեկուզ այսօր»:


Ուշագրավ է, որ մոտ երկու շաբաթ առաջ խորհրդարանի ամբիոնից հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսում էր 17 կետից բաղկացած պայմանագրի 13 կետի համաձայնեցման մասին՝ ասելով, որ խաղաղության պայմանագրի համաձայնեցված 13 կետերի հրապարակման հետ կապված՝ դիվանագիտական կոռեկտության խնդիր կա։ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը զուգահեռ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ՔՊ-ական ղեկավար Սարգիս Խանդանյանն էլ երեկ իր հարցազրույցում աչքալուսանք էր տվել, թե Փաշինյանն Ալիեւին առաջարկել է, որ ԱԳ նախարարները երկօրյա հանդիպում ունենան, համաձայնեցնեն խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված 1-2 հոդվածները, ապա երկրների առաջնորդները, նախքան Բաքվում COP-29-ի կայացումը, ստորագրեն պայմանագիրը: Հիշեցնենք, որ ՔՊ-ականների այս «դուխով» հայտարարություններից մեկ օր առաջ Ալիեւը հերթական անգամ սպառնաց, որ չի ստորագրելու պայմանագիրը՝ մասնակի համաձայնեցված կետերով։


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Ժնեւում նախատեսված ՀՀ եւ Ադրբեջանի խորհրդարանների նախագահների հանդիպման չեղարկումը ՀՀ իշխանությունը ծանր է տարել: Շվեյցարիայում Միջխորհրդարանական միության վեհաժողովին մասնակցող Ալեն Սիմոնյանը Միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ հանդիպման ժամանակ բողոքել է, որ չնայած ադրբեջանցի գործընկերոջ հետ 3 օր շարունակ շփումներ է ունեցել Ժնեւ այցի նախօրեին Դուշանբեում անցկացված վեհաժողովի ժամանակ, սակայն նա անգամ չի ակնարկել հանդիպման չեղարկման մասին․ «հայկական կողմն այդ մասին իմացել է միայն Ժնեւ ժամանելուց հետո՝ կազմակերպության քարտուղարությունից»: Չունգոնգը մխիթարել է, որ ադրբեջանական կողմը չի համարում շփումների պատուհանը փակված:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ArmLur.am-ին որոշ մանրամասներ հայտնի դարձան երեկ ԱԺ դահլիճում գրանցված սկանդալից. Քյարամյանին սադրեցին, Անդրանիկ Քոչարյանը չսաստեց, շարունակեց պրովոկացիան: Պարզվում է, որ ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանը, երբ ելույթ էր ունենում ԱԺ ամբիոնից, պատգամավոր Արփի Դավոյանի օգնականը, որը նստած էր պատգամավորի կողքին, (անհասկանալի է` ինչու) Քյարամյանի հասցեին ռեպլիկ է արել, թե` «համբալի «կուռաժիտ» լինելը նայեք»: Այս տհաճ արտահայտությունը լսելի է եղել ոչ միայն Քյարամյանի, այլև դահլիճում նստածների համար: Ի պատասխան` Քյարամյանն ԱԺ ամբիոնից նետեց` «Բան ասեցի՞ք, սև շորերով պատգամավոր…. Ձեր մասին է խոսքը, բա՞ն ասեցիք»։ Երբ պատգամավորն ու օգնականը վստահեցրին, թե ոչ ոք ոչ մի բան չի ասել, Քյարամյանը շարունակեց ելույթը: Բայց ակնհայտ էր, որ Արգիշտի Քյարամյանը չէր ճանաչում, թե ով էր իր ելույթի ժամանակ տհաճ ռեպլիկ արած անձը, և որ «սև շորերովը» պատգամավոր չէր:


Իսկ մեծ հաշվով պետք է արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանի համաձայնությամբ առաջին դեմքերով ուժային կառույցներին ԱԺ տանելը և խորհրդարանական քննարկում կազմակերպելը դարձավ բոլոր իրավապահների համար խայտառակության և ամոթի օր: Ե՛վ ՆԳ նախարարը, և՛ գլխավոր դատախազը, և՛ Քննչական ծառայությունների ղեկավարներն ու այլք հանրային դաշտում խայտառակվեցին: Շահեցին Անդրանիկ Քոչարյանն ու նրա փոքրաթիվ աջակիցները խմբակցությունից, ովքեր «հերոսական» հարցեր տվեցին ուժայինների ղեկավարներին»


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովում երեկ Անդրանիկ Քոչարյանը ուժի ցուցադրություն էր կազմակերպել. երկրի բոլոր ուժային կառույցները առաջին դեմքերով, Նիկոլ Փաշինյանի հրահանգով, հավաքվել եւ քննարկում էին Հայաստանում հանցավորության վիճակը, սակայն, ակնհայտորեն, ՔՊ-ական պատգամավորները պասիվ էին: Միայն Անդրանիկ Քոչարյանի մտերիմ պատգամավորներն էին ներկա այդ կարեւոր քննարկմանը, մի քանիսը՝ ԱԺ պաշտպանության հանձնաժողովից եւ, իհարկե, Հովիկ Աղազարյանը, որը առաջիկայում անխուսափելիորեն պետք է հայտնվի մեղադրյալի աթոռին: Հարցը, ինչ խոսք, իսկապես հրատապ է, բայց պակաս կարեւոր չէ, թե ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ինչ որոշում կկայացնի ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի մասով:


Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ Աղազարյանին կաշառք փոխանցելու պայմանավորվածության մասով ՀՀ քաղաքացի Աշոտի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել, բայց ենթադրյալ կաշառք վերցնող պատգամավոր Աղազարյանն անպատիժ է: Տարբեր ամբիոններից արդարության, արդարադատության եւ պրոֆեսիոնալիզմի մասին ելույթներ ունեցող Աննա Վարդապետյանը հապաղում է իշխող խմբակցության պատգամավորին մեղադրյալի աթոռին նստեցնելուց՝ մինչդեռ իրավաբանական նվազագույն գիտելիքներ ունեցող յուրաքանչյուր ոք պնդում է, որ Աղազարյանը ախուսափելիորեն պետք է մեղադրյալ դառնա: 


Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանից հետաքրքրվեց, թե ինչ կաշկանդվածություն ունի, ինչու Աղազարյանին մեղադրանք առաջադրելու համար չի դիմում գլխավոր դատախազին: Խաչատրյանը խուսափեց հարցի ուղիղ պատասխանից, թե՝ դուք շատ տեղեկացված չեք գործից: Իսկ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե ինչու եք հովանավորում ՔՊ պատգամավորին, ասաց, թե հարցազրույց չի տալիս: Մինչդեռ մենք մանրամասները ներկայացրել էինք երեկվա համարում: Այս իրավիճակում տեղին է հիշեցնել, որ «Հայաստան» խմբակցության շատ պատգամավորներ այս պահին մեղադրյալի կարգավիճակում են. 


1. Սեյրան Օհանյան 


2. Լեւոն Քոչարյան 


3. Մհեր Սահակյան


 4. Արմեն Գեւորգյան


5. Արթուր Սարգսյան


Թվարկված ընդդիմադիր պատգամավորների մեղադրանքի հարցում դատախազ Աննա Վարդապետյանը սկզբունքայնություն է ցուցաբերում, իսկ իշխող խմբակցության պատգամավորների մասով կաշկանդվում է: Հիշենք իշխող խմբակցության պատգամավորների դեպքերից թեկուզ մի քանիսը՝ Հովիկ Աղազարյան՝ կաշառքի սկանդալ, երեկ բացահայտվեց նաեւ, որ որդու մասով քրգործ կա, որով էլ փորձել են ճնշել քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանին, Արթուր Հովհաննիսյան՝ ականջ ու լեզու կտրելու սպառնալիք, կարճված՝ թմրանյութերի օգտագործման դեպք, Ալեն Սիմոնյան՝ քաղաքացու դեմքին թքելու հայտնի միջադեպը»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի սկսած խարդավանքները հասել են իրավապահ կառույցների ղեկավարներին: Նա փորձում է խորամանկ մեթոդներով հասնել ուժային շատ կառույցների ղեկավարների պաշտոնանկությանը: Ընդ որում, ՔՊ-ական պատգամավորն իր այս ծրագիրն իրականացնում է քողարկված կերպով, այսպես ասած՝ այլոց ձեռամբ: Անդրանիկ Քոչարյանը, նախ, Արփի Դավոյանի «դեմքով» պաշտոնանկ արեց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին՝ նրա դեմ ստորագրահավաք նախաձեռնելով: Երեկ՝ երեկոյան՝ սկանդալից հետո, Արփի Դավոյանը կրկին ձեռնամուխ եղավ ՔՊ վարչության նիստում Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ Արգիշտի Քյարամյանի վարքը քննարկելուն եւ պաշտոնանկության հարցը բարձրացնելուն:


«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Անդրանիկ Քոչարյանը հեռուն գնացող մտքեր ունի. նա ցանկանում է իրավապահ կառույցները մաքրել իրեն չենթարկվող կերպարներից, միեւնույն ժամանակ՝ Նիկոլ Փաշինյանին միջնորդավորված համոզելով, որ իր մերձավոր ՔՊ-ականներին նշանակի այդ պաշտոնին: «Ժողովուրդ» օրաթերթի հավաստի տեղեկություններով՝ Գրիգոր Մինասյանի ճակատագրին է արժանանալու նաեւ քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանը, որի բացահայտումները ՔՊ-ականների ապօրինությունների մասին երեկ իրարանցում էին առաջացրել ԱԺ-ում: Անդրանիկ Քոչարյանը համարում է, թե Արգիշտի Քյարամյանը տապալել է ՀՀ-ում հանցավորության իրավիճակի մասին նախաձեռնած իր լսումները: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Մինասյանից եւ Քյարամյանից հետո ՔՊ պատգամավորների թիրախում է հայտնվելու ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը: Նրա դեմ աշխատում է Արսեն Թորոսյանը, ում մասով կա հարուցված քրգործ, սակայն պատգամավորը մինչ օրս մեղադրյալ չէ: Թորոսյանը, օգտվելով իրավիճակից, բարձրացրել է գլխավոր դատախազի դեմ ստորագրահավաք կազմակերպելու անհրաժեշտության հարցը»։


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՔՊ-ական Հայկ Սարգսյանի հեղինակած օրենքը, որը մոտ մեկ տարի առաջ ընդունվեց, պարզվում է՝ պետական բյուջե ընդամենը 1 միլիոն դոլար է բերել։ Խոսքը, այսպես ասած՝ փողով զինգրքույկ գնելու օրենքի մասին է։ Հայկ Սարգսյանը երեկ հրաժարվեց մեզ վիճակագրություն ներկայացնել, թե քանի քաղաքացի է օգտվել օրենքից՝ ասելով, թե դա գաղտնի տվյալ է, սակայն ասաց․ «Կարող եմ ասել, որ իմ շնորհիվ մեկ միլիոն դոլար բյուջե մուտք է եղել»։ «Զինծառայության մասին» օրենքի փոփոխությամբ, հիշեցնենք, 27 տարին լրացած եւ պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացիները հնարավորություն ստացան ազատվել քրեական պատասխանատվությունից․ 1. երկու տարի ծառայելով, 2. մեկ տարի ծառայելով եւ պետական բյուջե վճարելով 2,5 միլիոն դրամ, 3. վեց ամիս ծառայելով եւ պետական բյուջե վճարելով 5 միլիոն դրամ, 4. մեկ ամիս ծառայելով եւ բյուջե վճարելով 8 միլիոն դրամ, 5. զինվորական ծառայության փոխարեն պետական բյուջե վճարելով 15 միլիոն դրամ։ Այսինքն՝ օրենքի կիրառումից օգտվել է նվազագույնը 25 անձ, բայց հնարավոր է, որ մասնակի ազատման հոդվածներից էլ են օգտվել։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն այս տարվա հոկտեմբերի 10-ին գրել էր գնաճի խայտառակ բարձր ցուցանիշի՝ 30 տոկոսից ավել գնաճի մասին՝ հակադրելով այն Նիկոլ Փաշինյանի 2018 թվականին տված խոստումներին: Բայց իրականում կան սննամթերքի տեսակներ, որոնց գնաճը հատել է նույնիսկ 40 տոկոսը: Մինչ այդ հիշեցնենք, որ ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019 թվականի սեպտեմբերի 16-ին Վանաձորում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտաարել էր. «Այսօր ժողովուրդը կառավարության նկատմամբ ունի այնպիսի վստահություն, որ առաջիկա 5 տարին ռիսկեր չեն լինելու, իսկ դա օգնում է, որ գնաճը մնա ցածր մակարդակում։ Գնաճի խնդիրը ոչ միայն հիմա է լուծված, այլեւ 5 տարվա կտրվածքով գնաճի խնդիր չկա»։ Նիկոլ Փաշինյանի այս խոստումը եւս, ի թիվս այլ բարձրաձայնումների, իրականություն չի դարձել: ՀՀ Պետական վիճակագրական կոմիտեի պաշտոնական տվյալների քառանիշ դասակարգմամբ ապրանքախմբերի գների կուտակային աճը վերլուծելով՝ 2017թ-ը բազային տարի ընդունելով, «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2018-2023թթ. 22 ապրանքախմբերի գծով գնաճը գերազանցել է 30 տոկոսը:


Խոսենք օրինակներով.


Բանջարեղենի գինը 2018-ից մինչ 2023 թվականը աճել է 42.1 տոկոսով,


Ձկնեղենի եւ ծովամթերքի գները 2018-ից մինչ 2023 թվականը աճել են 34.3 տոկոսով,


Հացաբուլկեղենի եւ ձավարեղենի արժեքները նույն ժամանակահատվածում աճել են 32 տոկոսով,


մսինը՝ 31,9 տոկոսով,


Կաթնամթերքի, պանրի, ձվի արժեքները՝ 29.4 տոկոսով,


Մրգերինը՝ 28.1 տոկոսով,


Յուղերի եւ ճարպերի գները՝ 25.3 տոկոսով,


Սուրճի, թեյի, կակաոյի արժեքները բարձրացել են 18.1 տոկոսով,


Շաքարի, մրգախյուսի, մեղրի, օշարակների, շոկոլադի գները՝ 13.2 տոկոսով:


Սրանք պաշտոնական տվյալներ են, որոնք ի ցույց են դնում, որ Նիկոլ Փաշինյանը նորից խաբել է»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Տարեսկզբին լուրեր տարածվեցին, որ Սյունիքի մարզի Մեղրի համայնքում չկա մաքսակետ, ոստիկանության բաժին, դիահերձարան, դատարան, կադաստրի կոմիտեի գրասենյակ: Պետական համակարգի աշխատակիցները շտապեցին հերքել այդ լուրերը։ Ամիսներ հետո «ճարահատյալ» սկսեցին կառավարության կողմից միլիոնավոր դրամների հատկացումները դիահերձարանի եւ մաքսատան կառուցման համար։ «Ժողովուրդ» օրաթերթը պետական գնումների կայքից տեղեկացավ, որ այս տարի Մեղրու դիահերձարանի շենքի կառուցման նախագծանախահաշվարկային փաստաթղթերի մշակման ծառայությունների ձեռքբերման համար առողջապահության նախարարությունը հատկացրել է 22 մլն 500 հազար դրամ։ Մեղրու տարածաշրջանում շուրջ 2 տարի է դիահերձարան չի գործում, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկության՝ հրդեհ է բռնկվել եւ դրանից հետո այլեւս չի վերանորոգվել: Բնակիչները ստիպված դիակը տեղափոխում են Կապան՝ դիահերձում իրականացնելու համար, իսկ եթե նկատի ունենանք, որ ձմեռը Մեղրի-Կապան ճանապարհը կարող է անանցանելի լինել, հասկանալի է, թե ինչ դժվար կացության մեջ են հայտնվում բնակիչները, որոնք կորցրել են իրենց ընտանիքի անդամին, բարեկամին: Նման իրավիճակ չի եղել անհիշելի ժամանակներից:


Բնակիչները բազմաթիվ անգամ դժգոհել են ստեղծված իրավիճակից եւ, ըստ մեր տեղեկությունների, ՀՀ ԱՆ Անահիտ Ավանեսյանը Մեղրու տարածք այցի ժամանակ այդ բողոքները «խլացնելու» համար հրահանգել է դիակները շտապօգնության ավտոմեքենայով անվճար տեղափոխել Կապան: Մենք ուսումնասիրեցինք ՀՀ ԱՆ պաշտոնական կայքի «Հրապարակային Օֆերտա» դարանը, որտեղ տեղադրված են պետական պատվերի ծառայությունների գները: Շտապ օգնության ծառայությունները չեն ենթադրում «Դիակի տեղափոխում»: Ստացվում է, որ, ըստ իրավիճակի, նախարարը հանձնարարել է իրականացնել դիակի տեղափոխում Կապան եւ շտապօգնության մեքենայի վերադարձ, սակայն սույն ծառայության համար անհրաժեշտ իրավական կարգավորումներ չի իրականացրել: Որպես օրինակ՝ ներկայացնենք, որ Երեւան քաղաքում դիակի տեղափոխումը վճարովի է: Մեղրի-Կապան հեռավորությունը շուրջ 80 կմ է եւ անցնում է լեռնանցքով: Հարկ է նշել, որ Մեղրու մաքսատան համար էլ հատկացվել են 21 մլն եվրո վարկային եւ դրամաշնորհային միջոցներ։ Կարճ ասած՝ «տկար կառավարում»»։