Եթե դա տեղի չունենա, ապա կստացվի հրապարակային ապտակ ոչ միայն Հովիկ Աղազարյանին, այլ խորհրդարանական մեծամասնությանն ընդհանրապես: Սակայն, այստեղ թերեւս կա մի նրբերանգ: Ոչ թե խորհրդարանական մեծամասնությանն ընդհանրապես, այլ նրանց, որոնք եկել եւ մասնակցում էին այդ լսումներին, որի ժամանակ եղավ սկանդալը:
Իսկ այստեղ կա մեկ այլ ուշադրության արժանի նրբերանգ: Այդ լսումներին, որ կազմակերպել էր հենց ՔՊ մեծամասնության ներկայացուցիչ, պրոֆիլային հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, մասնակցում էր մեծամասնության շատ փոքր շրջանակ: Հիմնականում այն շրջանակը, որը առնչվում է պրոֆիլային հանձնաժողովին կամ Անդրանիկ Քոչարյանին: Մինչդեռ, լսումների «իրավապահ ներկայացուցչականությունը» շատ բարձր էր, խորհրդարանի համար գուցե նույնիսկ աննախադեպ բարձր, երբ պարզապես լսումների է ներկայանում ոչ միայն իրավապահ կառույցներից մեկի ղեկավարը, այլ բոլոր իրավապահ կառույցների ղեկավարները, այսինքն այդ կառույցների առաջին դեմքերը:
Հասկանալի է, որ սա չէր կարող լինել առանց Նիկոլ Փաշինյանի հատուկ ցուցումի կամ հորդորի, որ լսումներին ներկայանան առաջին դեմքերը եւ որեւէ մեկը չբացակայի որեւէ պատճառաբանությամբ: Բայց, ապահովելով իրավապահների այդպիսի բարձր ներկայացուցչականություն, պատգամավորների համարժեք ներկայացուցչականություն ապահովված չէր: Սա հետաքրքիր հանգամանք է:
Ժողովուրդ օրաթերթը գրում է, որ Քյարամյանին ագրեսիվության սադրել է Արփի Դավոյանի օգնականը, որ լսումների ժամանակ նստած է եղել Դավոյանի կողքին: Այն Դավոյանի, որին եւ որին աջակցող թեւին փաստորեն Նիկոլ Փաշինյանը ՔՊ մեծամասնությամբ շատ անհարմար վիճակում դրեց արդարադատության նախարարի պաշտոնի առնչությամբ:
Հիմա, այդ թեւին Փաշինյանը կհասցնի՞ երկրորդ ապտակը, պաշտոնանկ չանելով Արգիշտի Քյարամյանին:
Քյարամյանի առնչությամբ պետք է նկատի ունենալ թերեւս մեկ այլ էական նրբերանգ: Նա եղել է ԱԱԾ պետ, ընդ որում եղել է ԱԱԾ պետ 44-օրյա պատերազմի օրերին, գտնվելով Արցախում: Ճիշտ է, նա այդ օրերին էլ եղել է պաշտոնանկ, սակայն հաջորդիվ նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահ: Այլ կերպ ասած, իրավապահ համակարգի մի բարձրաստիճան պաշտոնից նա նշանակվել է մեկ այլ կառույցի ամենաբարձր պաշտոնի:
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյան