Մենք ունենք հստակ ճանապարհային քարտեզ, կարճ ժամանակում կհասնենք վարչախմբի իշխանազրկմանը
Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2023թ. հոկտեմբերի 4-ին ես ուղիղ եթերում հայտարարեցի քաղաքական պայքար սկսելու մասին՝ հանուն Հայաստանի ապագայի։ Այս մասին հայտարարությամբ հանդես է եկել «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը:
"«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանի շահերի դավաճանությունը և Հայաստանի գոյատևությանը սպառնող վտանգը ստիպում է ինձ քաղաքական պայքար սկսել և կոչ անել երկրի ու սփյուռքի բոլոր հայրենասեր ուժերին համախմբվել գաղափարի շուրջ՝ հանուն Հայաստանի ապագայի»,- նշել էի ես։
Երբեք չեմ մտածել քաղաքականությամբ զբաղվելու մասին։ Ես պրոֆեսիոնալ զինվորական եմ, իմ պարտքն է՝ պայքարել Հայաստանի Հանրապետության համար, բարձրացնել զինված ուժերի մարտունակությունը, ամրապնդել մեր երկրի պաշտպանվածությունը։ Գործող իշխանությունների վարած դավաճանական քաղաքականությունը աղետներ է բերել մեր երկրին, այսօր էլ շարունակում են օրեցօր թուլացնել Հայաստանը, և ես չէի կարող մի կողմ քաշված մնալ։
Մեկ տարի առաջ հայտարարեցի «Համահայկական ճակատ» շարժում նախաձեռնելու մասին։ Մեկ տարում ահռելի աշխատանք է արվել, շարժումը հայաստանյան քաղաքական դաշտի ակտիվ դերակատարներից է։ Բայց դա բավարար չէ, հարկավոր է ավելի ակտիվ պայքարել փողոցային իշխանությունների դեմ, որոնք չեն հասկանում, թե ինչ է հայրենասիրությունը։
Վարչախումբը շարունակում է փչացնել հարաբերությունները ռազմավարական դաշնակցի հետ, մեկ տարում որևէ քայլ չի արել հայկական բանակը, տնտեսությունը բարելավելու ուղղությամբ, անդառնալի վնաս են հասցրել հայ եկեղեցուն, հայկական ավանդույթներին, մեր արժեքներին, խախտել է ՀՀ Սահմանադրությունը, Հայաստանից տարածքներ է նվիրել Ադրբեջանին։
Մենք ունենք հստակ ճանապարհային քարտեզ, վստահ եմ մեր ժողովրդի իմաստնությանը, և համոզված եմ՝ կարճ ժամանակում մենք կհասնենք գործող վարչախմբի իշխանազրկմանը, եւ պատասխանատվության կկանչենք մեղավորներին"։