Քննարկվել է ՀՀ զինված ուժերի և Վրաստանի պաշտպանական ուժերի միջև համագործակցությունը
Հոկտեմբերի 1-2-ը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այց է կատարել Վրաստան: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալին ընդունել է Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Գիորգի Մաթիաշվիլին։ Կողմերը կարևորել են պաշտպանության բնագավառում համագործակցության շարունակական զարգացումն ու ընդլայնումը։
Գեներալ-մայոր Արթուր Երոյանը հանդիպել է նաև Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարի տեղակալ, գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Ջոնի Թաթունաշվիլիի հետ։ Քննարկվել են ՀՀ զինված ուժերի և Վրաստանի պաշտպանական ուժերի միջև համագործակցության հեռանկարները։
Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Վրաստանի պաշտպանական ուժերի Ազգային պաշտպանական ակադեմիա, վարժանքների ու ռազմական կրթության հրամանատարության համազորային և միացյալ վարժանքների ու գնահատման կենտրոններ, ինչպես նաև սերժանտական ակադեմիա, որտեղ ներկայացվել են կրթօջախների և կենտրոնների գործունեությունն ու ծրագրերը։