24.11.2024
Լուսանկարը՝ © Sputnik
prev Նախորդ նորություն

Միջազգային հանրությունը ձախողել է Լեռնային Ղարաբաղի խնդրի հանգուցալուծումը. Գալստյան

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանը ելույթ է ունեցել Դուբլինում ընթացող վեհաժողովի աշնանային նստաշրջանի ընթացքում: Իր ելույթում պատգամավորը նշել է.

«Հարգելի’ գործընկերներ,


Փաստը, որ բնապահպանության եւ մարդու իրավունքների ոլորտում վատագույն ցուցանիշներ արձանագրած Ադրբեջանն ընդունելու է COP29-ը, շատերին ցնցեց: Կլիմայի փոփոխության խնդիրներին նվիրված այս կարեւորագույն հավաքը Բաքվում հրավիրելու որոշումն ընդունվեց Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ռազմական վայրագ ագրեսիայից հետո, որը հարկադրեց Լեռնային Ղարաբաղի 120,000 հայ ազգաբնակչությանն անվերադարձ հեռանալ հայրենիքից:

Ադրբեջանի կողմից ամբողջ հայ բնակչության բռնի տեղահանումը, ըստ էության, սահմանվում է որպես էթնիկ զտում, որը հանցագործություն է մարդկության դեմ:

Ակնհայտ է, որ Ադրբեջանն օգտագործելու է բնապահպանական այս հավաքը` սրբագրելու սեփական հեղինակությունը, մինչդեռ իրականում ռեժիմը շարունակում է Հայաստանի նկատմամբ ռազմատենչ վարքագիծը, ոտնահարելով սեփական ժողովրդի բոլոր հիմնարար իրավունքները:


Ներկայում Բաքվի բանտերում են հայ ռազմագերիները եւ կալանավորված այլ անձինք, որոնցից շատերը գերեվարվել են զանգվածային տեղահանման ժամանակ: Նրանց թվում են 2023 թվականի սեպտեմբերին անօրինական ձերբակալված եւ Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարները:


Այս անձանց դատավարությունները զուտ քաղաքական հետապնդումներ են, որոնք օրինականության եւ արդարության հետ ոչ մի աղերս չունեն: Առանց որեւէ ապացույցի կամ պատշաճ ընթացակարգերի` կամայական կալանավորումը միջազգային բոլոր նորմերի` ՄԱԿ-ի կանոնադրության եւ Հելսինկյան եզրափակիչ ակտի բացահայտ ոտնահարում են:


Թեեւ Կանադան, ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան բազմիցս կոչ են արել անվերապահորեն ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին եւ բոլոր կալանավորվածներին, սակայն ոչ մի վճռական գործողություններ չեն ձեռնարկվել միջազգային իրավունքի սկզբունքների պահպանումն ապահովելու համար:


Փոխարենը, COP29 կլիմայական գագաթնաժողովի նախօրեին Ադրբեջանն արգելել է ԵԽԽՎ տասնյակ պատգամավորների մուտքը երկիր:


Սրանք այն պատգամավորներն էին, որոնք ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունների սահմանափակման կողմ էին քվեարկել:


Հարգելի’ գործընկերներ,


Հնարավոր չէ կլիմայական արդարություն ապահովել առանց համամարդկային արդարության:


Ի վերջո, մեր կազմակերպությունը հիմնված է այն համոզմունքի եւ արժեքների վրա, որ բոլոր մարդիկ եւ ազգերը հավասար են իրենց իրավունքների ու պարտականությունների մեջ:


Միջազգային հանրությունը ձախողել է Լեռնային Ղարաբաղի խնդրի հանգուցալուծումը` թույլ տալով ցեղասպանական գործողություն իրականացնել նրանց դեմ: Սա նոր անարդարությունների եւ անպատժելիության ճանապարհ է բացում այլոց համար:


Կոչ եմ անում իմ գործընկերներին ակտիվացնել ջանքերը, տեր կանգնել այս մոռացված պատերազմի զոհերին, ապահովել Ադրբեջանում ապօրինաբար կալանավորված բոլոր քաղբանտարկյալների եւ գերիների անհապաղ ու անվերապահ ազատ արձակումը:


Սա միայն հայ ժողովրդի նկատմամբ արդարության խնդիր չէ:


Սա արդարություն է ամբողջ մարդկության համար»: