27.09.2024
Քննարկվել են հայ-վրացական հարաբերությունների շարունակական զարգացմանն առնչվող հարցեր
prev Նախորդ նորություն

Պեկինը բարձր է գնահատում հայկական կողմի աջակցությունը «մեկ Չինաստան» սկզբունքին. Չեն Մին

Հայաստանում ՉԺՀ-ի դեսպանատանը հանդիսավոր պայմաններում նշվեց Չինաստանի Ժողովրդական հանրապետության կազմավորման 75-ամյա հոբելյանը։ 


«Արմենպրեսի»-ի հաղորդմամբ՝ ՀՀ-ում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինը ողջունի խոսքում նշեց, որ վերջին երեք քառորդ դարի ընթացքում չին ժողովուրդը՝ կոմունիստական կուսակցության ղեկավարությամբ, երկար ժամանակ ուղիներ էր որոնում, անդադար պայքարում և ի վերջո հաջողությամբ գտավ երկրին համապատասխանող չինական արդիականացման ուղին՝ ստեղծելով մարդկային քաղաքակրթության նոր ձև, որն ազգին տանում է դեպի մեծ վերածնունդ։ 


«Բացությունը չինական արդիականացման վառ խորհրդանիշն է։ Այն պայմաններում, երբ որոշ երկրներ խզում են կապերը և մատակարարման շղթաները, բաց լինելը դառնում է «դեֆիցիտ երևույթ» աշխարհում։ Չինաստանը հավատարիմ է արտաքին բաց պետական քաղաքականությանը՝ կիսվելով աշխարհի հետ զարգացման դիվիդենտներով և հնարավորություններով։ Չինական կողմը հանդես է գալիս աշխարհում հավասար և կանոնավոր բազմաբևեռության և համապարփակ, ներառական տնտեսական գլոբալացման օգտին։ Չինաստանը նպաստում է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության զարգացմանը, ստեղծում է ազատ առևտրի գոտիների գլոբալ ցանց բարձր չափանիշներով, զարգացնում է միջազգային տնտեսական համագործակցության հարթակներ և ձևավորում է մրցունակ գործարար միջավայր, որը հիմնված է շուկայական, իրավական և միջազգային սկզբունքների վրա»,- ասաց Չեն Մինը։ 


Նա հիշեցրեց, որ այս տարի լրանում է Խաղաղ համակեցության հինգ սկզբունքների հռչակման 70-ամյակը: Այդ տարիների ընթացքում հիշյալ սկզբունքները դարձել են միջազգային հարաբերությունների հիմնական նորմեր և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներ՝ ստանալով լայն ճանաչում և կիրառում միջազգային հանրության կողմից։ 


«Այսօր, բախվելով համաշխարհային իրավիճակի փոփոխությունների նոր ալիքին, Չինաստանը միջազգային հանրության հետ միասին իրականացնում է գլոբալ անվտանգության նախաձեռնություն, հանդես գալով անվտանգության նոր ուղու առաջարկով, որն հիմնված է երկխոսության, այլ ոչ թե հակամարտության, գործընկերության, այլ ոչ թե դաշինքների, փոխադարձ շահի, այլ ոչ թե «զրոյական գումարով խաղի» սկզբունքի վրա։ Չինաստանը նպաստում է  տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, համատեղ կառուցելով ընդհանուր ապագայի հասարակություն՝ մարդկության համար համընդհանուր անվտանգության սկզբունքներով»,- նշեց դիվանագետը։


Այս տարի լրացավ Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 32-ամյակը։ Երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալ առողջ և կայուն կերպով, իսկ տարբեր ոլորտներում համագործակցությունը մշտապես նոր արդյունքներ է ցուցաբերում։ Չեն Մինի խոսքով՝ համաճարակի սկզբից ի վեր մեր երկրների միջև նոր բեկումնային փոխգործակցություն է տեղի ունեցել բարձր մակարդակներում։ 


«Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Չինաստանի փոխվարչապետ Ճան Գոցինի հետ, ով հանդիսանում է նախագահ Սի Ցզինպինի հատուկ ներկայացուցիչը։ Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հանդիպել է Չինաստանի ազգային ժողովրդական կոնգրեսի և Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարների հետ։ ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը այցելել է Չինաստան և մասնակցել Պեկինում անցկացվող Սյանշանի 11-րդ համաժողովին։ Տիկին Աննա Հակոբյանը մեկնել է Չինաստան՝ մասնակցելու ՇՀԿ կանանց ֆորումին և հանդիպումներ է ունեցել Չինաստանի Կանանց ազգային միության, Շանդուն նահանգի և Սոն Ցինլին հիմնադրամի ղեկավարության հետ։ Երկու երկրների կառավարությունների, քաղաքական կուսակցությունների, գիտական ​​հաստատությունների և հասարակական կազմակերպությունների միջև համագործակցությունն ու փոխանակումները գնալով ավելի սերտանում են, և պատվիրակությունների թիվը շարունակում է աճել»,- մանրամասնեց ՀՀ-ում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը։


Նրա դիտարկմամբ՝ երկու կողմերի գործնական համագործակցությունը նոր հնարավորություններ է բացում։ Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ առևտուրը գերազանցել է 1,4 միլիարդ ԱՄՆ դոլարը՝ նախորդ տարվա համեմատ աճելով ավելի քան 40 տոկոսով։  Հայաստան ժամանած չին զբոսաշրջիկների թիվը կազմել է մոտ 11,5 հազար մարդ, ինչը 1,1 անգամ ավելի է նախորդ տարվա համեմատ։ Այս ամսվա սկզբին «Չինական հարավային ավիաուղիներ» ընկերության կողմից առաջին անգամ գործարկվեց ուղիղ չվերթ Ուրումչի քաղաքից դեպի Երևան՝ դառնալով առաջին ուղիղ ավիափոխադրումը Չինաստանի և Հայաստանի միջև՝ ավելի հեշտացնելով երկու երկրների քաղաքացիների փոխադրումները՝ հիմնվելով փոխադարձ ազատ վիզային ռեժիմի վրա:


Դիվանագետը հիշեցրեց, որ Երևանի քաղաքապետարանը վերջերս ձեռք է բերել չինական ավտոբուսների խմբաքանակ, հայտնի չինական ապրանքանիշեր` ինչպիսիք են BYD-ն, Haier-ը և Jetour-ը մասնագիտացված խանութներ են բացել Հայաստանում։ Չինաստանի կառավարությունը մշտապես աջակցում է չինական ընկերություններին ակտիվորեն ուսումնասիրել արտաքին շուկաները և իրականացնել փոխշահավետ համագործակցություն, ինչպես նաև խրախուսում է հզոր և հուսալի չինական ընկերություններին ներդրումներ կատարել Հայաստանում, նպաստել երկրի զարգացմանն ու տնտեսության կառուցմանը՝ ձգտելով ընդհանուր բարգավաճման։


«Չինաստանը և Հայաստանը պատմականորեն հնագույն քաղաքակրթություններ են, և երկու երկրների ժողովուրդները ձգտում են խաղաղության, հարգում են ավանդույթները և նպատակասլաց առաջ են ընթանում, ուստի շատ հարցերի շուրջ կողմերի տեսակետները համընկնում են։ Օրեցօր Հայաստանում ավելի ու ավելի շատ երիտասարդներ նախընտրում են սովորել չինարեն և ծանոթանալ չինական մշակույթին։ Կոնֆուցիուսի ինստիտուտը ակտիվորեն զարգանում և կարևոր դեր է խաղում չինարենի ուսուցման և մշակութային փոխանակման խթանման գործում: Միջազգային ասպարեզում Չինաստանը և Հայաստանը, որպես զարգացող երկրներ, համատեղ պաշտպանում են ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներն ու սկզբունքները, նպաստում են միջազգային հարաբերությունների ժողովրդավարացմանը և միշտ աջակցում են միմյանց երկու կողմերի հիմնական շահերին առնչվող հարցերում»,- ասաց Չեն Մինը։


Նրա հավաստմամբ՝ պաշտոնական Պեկինը բարձր է գնահատում հայկական կողմի հաստատակամ աջակցությունը «մեկ Չինաստան» սկզբունքին։ Այսօր Չինաստանի և Հայաստանի միջև քաղաքական փոխվստահությունը ամուր է, փոխշահավետ համագործակցությունը բերում է զգալի արդյունքների, իսկ ավանդական բարեկամությունը տարեցտարի ամրապնդվում է, ինչը ամուր հիմք է ստեղծում երկկողմ հարաբերությունների բարելավման և արդիականացման համար։ 


«Մենք պատրաստ ենք համագործակցել մեր հայ ընկերների հետ՝ խթանելու մեր ավանդական բարեկամությունը, աշխատել միասին և նպաստել Չինաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացմանն ավելի բարձր մակարդակով, որպեսզի ավելի մեծ բարգավաճում բերենք երկու երկրների ժողովուրդներին»,- եզրափակեց ՀՀ-ում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը։


Մանվել Մարգարյան 

Սուրբ Աթոռի Առաքելական նվիրակն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` ՀՀ ԲՏԱ պաշտոնական կայքէջ
26.09.2024
Հայաստանի կառավարությունը պարզեցնում է բարձր տեխնոլոգիական արտադրանքի արտահանումը