VERELQ տեղեկատվական կենտրոնը զրուցել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պրոֆեսոր, տնտեսագիտության դոկտոր Ատոմ Մարգարյանի հետ: Հարցազրույցում քննարկվել են Հայաստանի տնտեսության ներկա վիճակը, զարգացման հեռանկարները և առկա մարտահրավերները: Պրոֆեսոր Մարգարյանը կիսվել է իր մտահոգություններով երկրի տնտեսական աճի, պետական պարտքի, միջազգային դոնորների վերաբերմունքի և Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պրոֆեսոր, տնտեսագիտության դոկտոր Ատոմ Մարգարյան
Պարոն Մարգարյան, բոլորովին վերջերս վերանայվեցին Հայաստանի տնտեսական աճի 2023 թվականի և 2024-ի առաջին կիսամյակի ցուցանիշները: Հիմա ավելի ցածր տնտեսական աճի տրաեկտորիայով է գնում ՀՀ տնտեսությունը: Ասեք խնդրեմ, այս երկուս ու կես տարվա ընթացքում, երբ Հայաստանը ստացավ ֆինանսական և նաև կադրային բավական մեծ ներհոսք ՌԴ-ից՝ ուկրաինական պատերազմով և պատժամիջոցներով պայմանավորված, կարողացավ արդյոք դրանից պատշաճ օգտվել, որակապես զարգացնել տնտեսությունը, թե դրանք ժամանակավոր զուտ գործոններ էին, եկան և հիմա ուղղակի նվազում և մաշվում են:
Բնականաբար, ոչ: Որպեսզի դրանք տրանսֆորմացվեին ավելի երկարաժամկետ աճի գոնե բազայի, հարկավոր էր ունենալ համապատասխան երկարաժամկետ ծրագրեր, քաղաքականության գործիքակազմեր և նաև քաղաքական կամք դրսևորել: Եթե ռեսուրսն առատության եղջյուրից լցվում է երկիր և գումարած նաև պարտքային ռեսուրսները, այդ բոլորը եթե չի համադրվում ծրագրերի հետ, չի համադրվում որակական փոփոխությունների հետ, նկատի ունեմ առաջին հերթին տեխնոլոգիական անցման, իսկ այսօր աշխարհը էդ տրենդի մեջ է… Այսինքն՝ տեխնոլոգիական տրանսֆորմացիա, նորագույն տեխնոլոգիաներ, հատկապես արհեստական բանականության համակարգեր, դրան հարակից համակարգեր և նաև մարդկային կապիտալի տրանսֆորմացիա: Եթե այս բաները չեն արվում ընթացքում, այո, դրանք դառնում են իրադրային, ժամանակավոր գործոններ, և դու ստիպված ես լինում բավարարվել ավելի համեստ աճերով:
Հիմա, այո, մեր տնտեսության մեջ այդպիսի իրավիճակ է: Այն դրայվերները, որոնք պայմանավորել են համեմատաբար կայուն ու բարձր տնտեսական աճը վերջին տարիներին, հատկապես պայմանավորված ռուս-ուկրաինական պատերազմով և դրա հետևանքով կապիտալի, մասնագետների, ներդրումների ներհոսքով, տրանսֆերտների փոխանցումների աճով և նաև վերաարտահանումներով, որ Հայաստանը դարձրել է ըստ էության խողովակ դեպի Ռուսաստան, ինչպես նաև Հայաստանի վրայով թանկարժեք մետաղների, ոսկու վերամշակվածքների, կիսաֆաբրիկատների վերաարտահանման փաստը, եթե չես վերածում որակական գործոնների, կառուցվածքային ինովացիոն գործոնների, դրանք մաշվում են որպես ժամանակավոր գործոն:
Ուստի այդ աճը ստիպված ես դու արդեն նվազեցնել և ըստ այդմ նաև բյուջետային մուտքերը, սոցիալական տրանսֆերտները, նաև ծախսերը, թվում է՝ կապիտալ ծախսերը ստիպված լինելու զսպել: Եթե դա չանես, և տնտեսական աճ ապահովես այլ գործոնների հաշվին, ասենք ինֆլյացիայի խթանման հաշվին, երկար չես կարող առաջ գնալ: Մանավանդ ճնշումը պետական ֆինանսների վրա, հատկապես պետական պարտքի սպասարկման մասով, շատ մեծ է: Այսօր պետական պարտքն աշխատում է տնտեսական աճի դեմ: Դա ակնհայտ է, այսինքն՝ այն կրիտիկական սահմանը, որ տնտեսական աճը խթանվում էր այդ պարտքի ներգրավմամբ և դա դրական նշան ուներ, պատկերավոր ասենք՝ այսօր բացասական նշանով է արդեն: Այսինքն՝ պետությունը շատ ավելի մեծածավալ ռեսուրսներ է ուղղելու բյուջետային այդ պարտքը սպասարկելու և մնալու ջրի երեսին:
Նույնիսկ իսկ առաջիկա մեկ-երկու տարվա ընթացքում այդ ճնշումը էլ ավելի կմեծանա, գումարած անվտանգային գործոնները՝ առաջին հերթին ռազմական ծախսերը: Բայց այստեղ կա մի ինստիտուցիոնալ սահմանափակում: Այն է՝ դոնորների վերաբերմունքը, վարքագիծը: Բնական է, միջազգային դոնորները, որոնք գումարներ են տրամադրում, այդ թվում նաև բյուջետային վարկավորում, դեֆիցիտը, նրանք ոգևորված չեն: Բնական է, այս թեման այդքան չի բացվում, չեն խոսում, բայց դա խնդիր է, լուրջ խնդիր է: Չասեմ փակուղային վիճակ է, բայց ես կասեի՝ նախադեֆոլտային իրավիճակ է:
Ինչո՞ւ են միջազգային դոնորները դարձել ավելի զգուշավոր: Կարծես տնտեսությունն այնուամենայնիվ վեց-յոթ տոկոս տնտեսական աճ է ցույց տալիս և պարտքը այն սահմանագծում չէ, 50%-ի սահմանագծում է, որը նորմալ է: Որն է պատճառը:
Պատճառը հետագա և կայուն զարգացման հեռանկարի մշուշոտ լինելն է: Միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում Հայաստանի տնտեսությունն այս կառուցվածքով հեռանկար չունի: Դոնորները իրատեսական հայացք ունեն, և դա բնական է, որովհետև նրանք ունեն տասնամյակների փորձառություն աշխատել աշխարհի տարբեր ռիսկային ռեգիոնների՝ սկսած աֆրիկյան ռեգիոնից, վերջացրած ասիական աշխարհամասի երկրների կառավարությունների հետ: Ըստ էության, նախկին խորհրդային երկրները ճիշտ է՝ որոշակի առանձնահատկություններ ունեն, բայց մեծ աշխարհով չեն տարբերվում:
Կառավարությունները գալիս են կարճաժամկետ, իրենց քաղաքական ցիկլի ընթացքում կուտակում են պարտքեր, և մերը իրավիճակը էքստրեմալ է եղել՝ պայմանավորված պատերազմով, հետպատերազմյան իրավիճակով, ռիսկերին նաև դրանք գումարվել է ռուս-ուկրաինական պատերազմի ճնշումները, դրա պլյուսները և մինուսները: Այս պայմաններում չափազանց դժվար է Փաշինյանի կաբինետի համար հավասարակշռությունը պահել: Դրա համար եմ ես ասում, որ իրավիճակն ինչ-որ առումով նախադեֆոլտային է: Տնտեսական աճը կարող է շատ հանկարծակի փոխվել անկման և շատ խորը անկման: Եղավ, չէ՞, այդպիսին 2008-2009 թվականներին, եղավ նաև COVID-ի ժամանակահատվածում: Այսինքն՝ իրավիճակներ, որոնք գալիս են և ստեղծում են մի այսպես պատային իրավիճակ, երբ կառավարությունները չեն էլ մտածում աճի մասին, նրանք մտածում են՝ ինչպես պահպանել հավասարակշռությունը:
Տնտեսագիտական գրականության մեջ դա կոչվում է "Սև կարապ", որը գալիս է հանկարծակի, հետո սկսում են բացատրել, թե ինչու էր այն անխուսափելի:
Այո, այդպես է: Այդ իրավիճակում կառավարությունները մտածում են հավասարակշռությունը պահելու, դեֆիցիտները ծածկելու մասին: Ավելի պատկերավոր կոնցեպտ է առաջարկում այդ ասպարեզի անվանի տնտեսագետ Դարոն Աճեմողլուն: Վերջերս, ի դեպ, շատ հետաքրքիր հարցազրույց էր տվել և ասել, թե ինչու չի եկել Հայաստան ներկա կառավարության հրավերով: Մարդն անկեղծ է: Նա հասկացել է, որ այս իրավիճակով ոչինչ հնարավոր չի անել երկիրը, կոպիտ ասած, փոսից հանելու համար:
Այսպես կոչված այդ նեղ միջանցքը, որ նա առաջարկում է, պատահական չի: Դա այսպես կոչված ինստիտուցիոնալ ուղղակի գաղափարն է, երբ որ մի կողմից կառավարությունը բազմաթիվ պրոբլեմների տակ կքած, մյուս կողմից քաղաքացիական հասարակությունը չեն գտնում այդ բալանսը՝ այդ նեղ միջանցքով առաջ գնալու, առաջանում է լուրջ կոլապս: Հիմա սրա մասին է խոսքը: Քաղաքացիական հասարակությունը պետք է ճնշումներ բանեցնի, բայց կառավարությունն էլ պետք է լինի ժողովրդավար կամ ժողովրդավարական հատկանիշներով: Իսկ ինչ է տեղի ունեցել մեր քաղաքական համակարգում: Ճիշտ հակառակ պրոցեսներ են ընթացել՝ չկա այսպես ժողովրդավարական օրակարգ, չկան նման զարգացումներ: Ակնհայտ է, որ այսպես այդ համակարգը ինստիտուցիոնալացնող համակարգը, դատական համակարգն է, իրավապահ համակարգն է, որը ըստ էության ուժեղացրել է ճնշման լծակները:
Մյուս կողմից հասարակությունն է կորցրել իր բյուրեղացման, իր շահերը կառուցվածքավորելու հատկությունը: Նկատի ունեմ առաջին հերթին քաղաքական ինստիտուտների, քաղաքական կուսակցությունների, հասարակական քաղաքական շարժումների առկայությունը: Դուք տեսնո՞ւմ եք այդպիսի բազմազանություն: Ես չեմ տեսնում: Այնպես որ միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում իրավիճակը սրվելու է: Այնպես որ ես չեմ նախանձում ոչ այսօրվա կառավարությանը, ոչ էլ առավել ևս վաղվա կառավարությանը:
Այս իրավիճակում, որ դուք նկարագրեցիք, նաև ինչ-որ առումով մի փոքր սրեցիք խնդիրը, իշխանության հայտարարությունները, որ եթե հնարավորություն եղավ Եվրամիությանը միանալու, կգնան այդ ճանապարհով, բայց չեն ուզում Ռուսաստանից հեռանալ, չեն ցանկանում ԵԱՏՄ-ից դուրս գալ: Սրանք հապճեպ արտաքին քաղաքականության որոշակի էլեմենտներ են, որոնք կունենան տնտեսական ազդեցություններ: Սրանք ի՞նչ ազդանշաններ են տալիս Հայաստանի տնտեսությանը:
Իհարկե, բացասական է լինելու այդ ազդանշանների ազդեցությունը: Եվրամիություն գնալը ինչ-որ մի հատ ֆիզիկական շարժում չէ, դա ահռելի ինստիտուցիոնալ տրանսֆորմացիա է ենթադրում: Պետք է ձևավորվեն ժողովրդավարական հզորագույն կլաստերներ և վեկտորներ: Ասելով չի, թեկուզ մի քանի տասնյակ մարդու ստորագրահավաքով չի, թեկուզ մի քանի հարյուր հազար ստորագրություններ հավաքելով չէ:
Հասարակությունը պետք է լինի եվրոպական մտածելակերպով: Դուք տեսնո՞ւմ եք մեր հասարակության մեջ կամք՝ ոտքի կանգնել ու պայքարել ժողովրդավարական արժեքների համար:
Մյուս կողմից մեր պետական պաշտոնյաները չունեն այսպես ասած ժողովրդավարական երկրի կառավարությունների դեմք ու նկարագիր: Երբ որ մարդուն բոլոր մեղքերի մեջ մեղադրում են և ըստ էության առկա են հանցագործության տարրեր, սակայն նրանք չեն էլ մտածում հրաժարականներ տալու մասին: Ժողովրդավար երկրում հասարակությունը և պետությունը այդ տանգոն պետք է միասին պարեն: Սա է այն նեղ միջանցքի խնդիրը, որի մասին ասում է Աճեմողլուն, միասին պետք է լուծեն: Սակայն եթե մեկի ճնշումը գերազանցում է մյուսի դիմակայությանը, այդ հասարակությունները և պետությունները որպես կանոն զրկվում են բնականոն զարգացման հեռանկարից:
Խոսքը սրա մասին է: Եթե ամփոփեմ, մեր երկիրը, մեր հասարակությունը միջին եկամտի ծուղակում արգելափակված երկիր է: Դրանով նա նման է աշխարհի շատ երկրների, որոնք ունեն միջին եկամուտ, սակայն նրանք զրկված են բարձր եկամուտի հասնելու հնարավորությունից: Դա չի լինի ոչ վաղը, ոչ էլ տեսանելի հեռանկարում: Մենք այսպիսի արժեքներով պետք է նայենք այդ պրոյեկտների՝ դեպի ԵՄ, կամ չգիտեմ ուր: Սա է խնդիրների խնդիրը: