«Հանդուրժողականությունն» Ադրբեջանի քարոզչության և միջազգային իմիջի կերտման առանցքային բաղադրիչներից մեկն է, որի առաջխաղացման և տարածման համար անցկացվում են քարոզչական միջոցառումներ, տպագրվում գրքեր, տարբեր հարթակներում հրապարակվում են հոդվածներ։
Վերջերս «The American Spectator» և «The Christian Post» լրատվամիջոցներում, միջազգային լսարանին ուղղված, ադրբեջանական քարոզչությամբ երկու հոդվածներ են հրապարակվել՝ A Fascinating Nation at the Crossroads of Civilizations և Travel: Visiting Azerbaijan, a little-known country at the crossroads of everything։ Հարկ է նշել, որ հոդվածների հեղինակները չեն էլ թաքցնում վճարի դիմաց քարոզչական նյութեր պատրաստելու իրենց աշխատանքի բնույթը։ Ավելին՝ նրանց հրապարակումներում զարմանալի նմանություն կա․ կարծես այդ հոդվածները գրվել են Բաքվից տրված մեթոդական ձեռնարկների հիման վրա։
Այսպես՝ «The American Spectator»-ն Ադրբեջանը ներկայացնում է որպես երկիր «քաղաքակրթությունների խաչմերուկում», իսկ «The Christian Post»-ը՝ «ամեն ինչի խաչմերուկում»։ «The Christian Post»-ում Ադրբեջանը ներկայացվում է իբրև հանդուրժողականության կղզյակ՝ «սեղմված Ռուսաստանի, Կասպից ծովի և Իրանի միջև», իսկ ըստ «The American Spectator»-ի՝ «կղզյակ»՝ ընկած Իրանի, Հայաստանի, Վրաստանի և Թուրքիայի միջև:
Արևելքի ու արևմուտքի այս խառնուրդը, հեղինակների ձևակերպմամբ, զբոսաշրջիկին անծանոթ մի վայր է։ «The American Spectator»-ը կարծում է, որ «միգուցե Ադրբեջանը երեկոյան նորությունների գլխավոր թեման չէ», իսկ «The Christian Post»-ը ձևակերպում` «քիչ հայտնի Ադրբեջանը, որը շատերը, այդ թվում՝ այս սյունակի ընթերցողները, կարող են անգամ չգտնել քարտեզի վրա»։
Հայաստանի մասին՝
Քարոզչական բնույթի այս հոդվածներում Հայաստանը ներկայացվում է բացասական լույսի ներքո։ Ըստ «The American Spectator»-ի՝ Հայաստանը, այլ ոչ թե Ադրբեջանն է սկսել պատերազմը՝ օկուպացնելով Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքի մեծ հատված, Հայաստանն է ականներ տեղադրել՝ ոչ թե պաշտպանվելու, այլ՝ ադրբեջանցի տեղահանված ընտանիքների վերադարձը խոչընդոտելու համար։
«The Christian Post»-ը խաղաղության հաստատման պատասխանատվությունը կապում է Հայաստանի դիրքորոշման հետ՝ «հայկական այս ամբողջ թեման խճճված է, բայց հուսանք, խաղաղության գործարքը կլուծի խնդիրը, եթե Հայաստանը ցանկանա դուրս գալ Վլադիմիր Պուտինի ուղեծրից»։
Իսկ թե ինչո՞ւ խաղաղություն չկա, կամ ինչո՞ւ է վերջերս պատերազմ եղել, բավական է, որ հեղինակը ծանոթանա Իլհամ Ալիևի ելույթներին։ Վերջինս բազմիցս նշել է, թե ինչպես է Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսել, ինչ նախապայմաններ ու պահանջներ է առաջ քաշում և պարբերաբար սպառնալից ու հայատյաց ելույթներով է հանդես գալիս։
Իրանի մասին՝
Ադրբեջանի «արժեքն» ընդգծելու համար անհրաժեշտ է անդրադառնալ նաև Իրանին։ «The Christian Post»՝ «Ադրբեջանում մեծ հանդուրժողականություն կա․ հատկապես, եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանը մոտ է Իրանին՝ իր իսլամական ռեժիմով»։ Այստեղ դժվար է անգամ տրամաբանություն գտնել՝ Ադրբեջանը հանդուրժող է ի հեճուկս Իրանի՞, կամ ինչպե՞ս է որևէ երկիր ազդում հարևան երկրի ներքին հանդուրժողականության վրա․․․
«The American Spectator»-ը նշում է՝ «աշխարհիկ, արևմտամետ (խմբ.՝ իրո՞ք), էներգակիրներով հարուստ երկիր Ադրբեջանը, որը հարևան է Իրանին, կարևորագույն դեր ունի տարածաշրջանային անվտանգության և ԱՄՆ աշխարհաքաղաքական շահերի համար»։
Հասկանալի է՝ Ադրբեջանը շարունակում է իրեն դիրքավորել որպես Իրանի դեմ հանդես եկող ուժերի հնարավոր դաշնակից։ Բաքվի հեռահար նպատակն է՝ տարածքային նկրտումներն Իրանի հյուսիսարևմտյան թյուրքախոս շրջանների նկատմամբ։
Հանդուրժողականությունը գենի մեջ՝
Իլհամ Ալիևը սիրում է տարբեր ձևակերպումներով կրկնել՝ «մուլտիկուլտուրալիզմը և հանդուրժողականությունը միայն կենսակերպ չէ մեզ համար, այլև՝ Ադրբեջանի քաղաքականության առաջնահերթություն»։
Այս միտքն արտահայտում են նաև հիշյալ հոդվածների հեղինակները՝ Ջորջ Լենդրիթ՝ «հանդուրժողականությունը զուտ պետական քաղաքականություն չէ, այլ՝ ազգային բարոյական կերպարի մաս»։ Իսկ Դենիս Լենոքսն այսպես է ձևակերպում՝ «ադրբեջանցիների մշակույթը ներծծված է հանդուրժողականությամբ ու բազմազանությամբ»։
Հանդուրժողականությունն ու մուլտիկուլտուրալիզմը, սակայն, ոչ թե պետական քաղաքականություն են, այլ՝ պետական քարոզչություն, որն օգտագործում են ադրբեջանցի գրեթե բոլոր պաշտոնյաները։
Հրեական համայնք՝
Հոդվածների հեղինակները, որպես հանդուրժողականության և մուլտիկուլտուրալիզմի օրինակ, նշում են հրեական համայնքի գոյությունն Ադրբեջանում։
Լենոքս՝ «ապացույցը՝ ամուր հաստատված հրեական բնակչությունն Ադրբեջանում»։
Լենդրիթ՝ «հրեաներն Ադրբեջանում ապրել են ավելի քան 2000 տարի և շարունակում են ծաղկել»։
Ըստ վիճակագրության՝ 1970 թվականի մարդահամարի տվյալներով՝ Ադրբեջանում հրեաների թիվը հաշվվում է շուրջ 49 հազար, 1989 թվականին՝ շուրջ 31 հազար, 2009 թվականին՝ 9 հազար, 2019 թվականին՝ 5 հազար։ Համաշխարհային հրեական կոնգրեսի տվյալների համաձայն՝ Ադրբեջանում հրեաների թիվը 7200 է։ Ստացվում է, որ «բարգավաճող ու հանդուրժող Ադրբեջանում» հրեաների թիվը կանոնավոր նվազել է։
Եվս մեկ հանգամանք՝ ինչու՞ է ադրբեջանական քարոզչությունն ընդգծում հրեաների առկայությունը, բայց մոռանում է թալիշների, լեզգիների և այլ ժողովուրդների գոյությունը։
Հարկ է հիշել՝ 2000 տարի առաջ և դրանից հետո՝ շատ երկար ժամանակ, Ադրբեջան անունով որևէ պետական միավոր կամ կազմավորում գոյություն չի ունեցել։ Սա Լենդրիթը պետք է որ լավ իմանար։
Այս երկու հրապարակումներում կան նաև խնդրահարույց այլ ձևակերպումներ։ Այսպես՝ Լենոքսը, խոսելով կարպետների մասին, նշում է, որ «հավաստի աղբյուրն ինձ պատմել է, թե ադրբեջանական գորգագործության դարավոր ավանդույթը գերազանցում է տարածաշրջանի երկրների ավանդույթներին»։ Արդյո՞ք Լենոքսը լիարժեք համոզված է դրանում։ Կամ՝ կա՞ արդյոք կարիք՝ նման արտահայտությամբ նսեմացնելու հարևան ժողովուրդների արհեստագործությունը։ Սա՞ է արդյոք հանդուժողականությունը։
Վերջաբանի փոխարեն՝
Ադրբեջանական «հանդուրժողականության» վառ օրինակ է օրերս Շուշիի շրջանի Քարինտակ գյուղում, որն ադրբեջանցիներն անվանում են Դաշալթը, ավարտին հասցված մզկիթի շինարարությունը։ Հոդվածի հեղինակներին, ովքեր «ադրբեջանական պետական հանդուրժողականություն» են քարոզում, առաջարկում ենք համեմատել այս երկու նկարները։
Նկար առաջին՝ Քարինտակի նորաբաց մզկիթն է։

Նկար երկրորդ՝ մինչև 2020 թվականը մշտապես հայաբնակ Քարինտակ գյուղի արբանյակային լուսանկարն է․ գյուղն ամբողջովին հողին է հավասարեցված։ Վանդալիզմի է ենթարկվել նաև Քարինտակի Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Սա՞ է ադրբեջանական հանդուրժողականությունը, սա՞ է կրոնական և մշակութային բազմազանությունը, միջկրոնական երկխոսությունը։

Փաստորեն՝ հիշյալ երկու լրատվամիջոցներն ու հեղինակներն ուղիղ մասնակցություն ունեն «հանդուրժողականության» կերպարով հանդես եկող Բաքվի՝ հանցագործությունները քողարկելու, քննադատությունները խլացնելու գործին։ Ցանկալի է, որ ժողովրդավարական և քրիստոնեական արժեքներ դավանող լրատվամիջոցները, Հարավային Կովկասին անդրադառնալով, նշեն Ադրբեջանի կողմից բռնությունների, վանդալիզմի, հայկական քրիստոնեական մշակույթի ոչնչացման դեպքերն ու, ընդհանրապես, հայերի նկատմամբ իրականացրած ցեղասպանական գործողությունների մասին ևս։
«ԳԵՂԱՐԴ» ԳԻՏԱՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ