2024 թվականին կապիտալ ծախսերը գերազանցել են բյուջե
Ազգային ժողովում շարունակվում է 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումը։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է բյուջեի կատարման վերաբերյալ մանրամասն զեկույց՝ անդրադառնալով մակրոտնտեսական ցուցանիշներին, եկամուտների ձևավորմանը, հարկային և մաքսային քաղաքականությանը, ծախսերին և պակասուրդին։
Նախարարը նշեց, որ հաշվետվության կառուցվածքում եղել են որոշ փոփոխություններ՝ պայմանավորված հարկաբյուջետային թիրախների վերանայումով, արտաքին և ներքին տնտեսական զարգացումներով, եկամուտների, ծախսերի, պակասուրդի և պարտքի դինամիկայով։
Ըստ Հովհաննիսյանի՝ 2024 թվականին հարկաբյուջետային քաղաքականությունն իրականացվել է համեմատաբար մեղմ արտաբյուջետային սահմանափակումների պայմաններում, քանի որ Կառավարության պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը մնացել է 50 տոկոսի շեմից ցածր։ Այդ պայմաններում կապիտալ ծախսերը շուրջ 181.7 միլիարդ դրամով գերազանցել են բյուջեի պակասուրդը։
«2024-ին հարկային եկամուտների հարաբերակցությունը ՀՆԱ-ին կազմել է 23.6 տոկոս՝ որոշակի նվազմամբ նախորդ տարվա համեմատ։ Սա պայմանավորված է տնտեսության կառուցվածքային փոփոխություններով, ներքին սպառման վրա ներմուծման ազդեցության նվազմամբ և արտահանման դերի աճով»,– ասել է նախարարը։
Կապիտալ ծախսերը կազմել են ՀՆԱ-ի 5.5 տոկոսը, ինչը հնարավորություն է տվել պատշաճ կերպով ֆինանսավորել անվտանգային և կենսական ենթակառուցվածքային ծրագրերը։
Հովհաննիսյանը հավելեց, որ բյուջեի պակասուրդը պահպանվել է կառավարելի մակարդակի վրա՝ թույլ տալով սահմանափակել պետական պարտքի աճը։ Պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 48 տոկոս՝ մնալով անվտանգ սահմաններում։