25.11.2024
Լուսանկարը՝ primeminister.am
prev Նախորդ նորություն

Անվտանգային մեկ երաշխիք կա՝ խաղաղությունը. Փաշինյան

Լուսանկարը՝ Александр Казаков/РИА Новости
Լուսանկարը՝ Александр Казаков/РИА Новости

Անվտանգային այն ճարտարապետությունը, որը որդեգրել ենք, ցույց է տվել իր անարդյունավետությունը: Բայց մենք սովորաբար այս հարցը դիտարկելիս ունենք ընկալման երկու բևեռ, առաջին բևեռը՝ զենք-զինամթերք, բանակ…, երկրորդ բևեռը՝ արտաքին միջավայր, միջազգային հանրություն, բարեկամներ, դաշնակիցներ և այլն: Ուզում եմ պատկերներին նայել մեր իսկ դիրքերից: Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականությանը:


Վարչապետը նաև կարծում է՝ անվտանգությունը մեր մտքից պետք է սկսել:


«Ո՞րն է եղել անվտանգության մեր ճարտարապետությունը և ընկալումը: Մեր ընկալումը եղել է այն, որ մենք մեր տարածաշրջանում կարող ենք կոնֆլիկտներ ունենալ բոլոր հնարավոր ուղղություններով, փակ սահմաններով, լարված հարաբերություններով, և մենք կունենանք հեռու կամ ոչ այնքան հեռու դաշնակիցներ, բարեկամներ, որոնք մեր մեջքին կկանգնեն, և մենք մեր տարաշարջանում ինչ տոնայնությամբ, երբ, ինչպես ուզենք՝ կխոսենք:


Մեր մտքով չի անցել կամ անցել է, բայց դրա մասին չենք բարձրաձայնել, որ դաշնակիցը՝ դաշնակից, բարեկամը՝ բարեկամ, ընդ որում՝ շատ մեծ շեշտադրում դնելով սփյուռքի վրա, հայահոծ համայնքներ ունեցող երկրների վրա, որ, ահա՛, նրանք բոլորը մեր մեջքին կկանգնեն, և մենք կարող ենք մեր տարածաշրջանում մեր տեսլականները առաջ մղել: Բայց մեր մտքով չի անցել, որ այդ երկրներից յուրաքանչյուրն ունի իր շահը»,- ընդգծեց վարչապետը և հավելեց, որ յուրաքանչյուրի շահի տեսանկյունից է, որ պետք է դիտարկել, թե ինչ տեղ ունի «հայկական գործոնը»:


«Մենք խոսում ենք անվտանգության երաշխիքների մասին, անվտանգության մեկ երաշխիք կա՝ խաղաղությունը, ուրիշ ոչ մի երաշխիք չկա, և մեր Կառավարության քաղաքականությունն է ստեղծել այդ երաշխիքը՝ հասկանալով, թե ինչքան է դա դժվար»,- ասաց վարչապետը: