VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակը» գրում է․ Մինչ պաշտոնապես չեն շտապում բացահայտել, թե Հայաստանն ինչ ձեւաչափով է մասնակցելու ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին՝ Փաշինյանի՞, թե՞ այլ պաշտոնյայի մակարդակով, իշխանական շրջանակներում կասկած չունեն, որ Նիկոլ Փաշինյանն է մասնակցելու հոկտեմբերի 7-8-ը կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Բանն այն է, որ հոկտեմբերի 7-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրն է, իշխանականները չարախնդում են, որ Փաշինյանը բաց չի թողնի ցարին տետատետ շնորհավորելու, նրա «խաչը համբուրելու» առիթը, որպեսզի մի որոշ ժամկետով էլ երկարաձգի իր իշխանությունը կամ հեռացնի իր իշխանության գլխին կախված վտանգները։ Նշենք, որ վարչապետի խոսնակը հաստատել է, որ Փաշինյանը կմասնակցի ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին, որն անցկացվելու է հոկտեմբերի 22-24-ը՝ Կազանում։ Իսկ անկախության օրը` սեպտեմբերի 21-ին, Հայաստան կարող է ժամանել Ֆրանսիայի նախագահը: Այնպես որ, ո՛չ Արեւմուտքն է անտեսված, ո՛չ Ռուսաստանը: Միայն պարզ չէ, թե այս լարախաղացությունը որքան կյանք կունենա:
«Հրապարակը» գրում է․ Ավանդաբար ընդունված է, որ երբ ՀՀ նախագահը, վարչապետը կամ ԱԺ նախագահը պաշտոնական այցով մեկնում են որեւէ երկիր, նրանց ուղեկցող պատվիրակության կազմում անպայման ընդգրկվում են տվյալ երկրի հետ ԱԺ բարեկամական խմբի ղեկավարները: Ասենք, ԱՄՆ մեկնելիս վարչապետին ու ԱԺ նախագահին, որպես կանոն, ուղեկցում է Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Հայկ Կոնջորյանը, Գերմանիա մեկնելիս՝ ԱԺ-ի հայ-գերմանական բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը: Բայց դա չի վերաբերում ընդդիմադիր պատգամավորներին, որոնցից ոմանք նույնպես բարեկամական խմբերի ղեկավարներ են:
Օրինակ, առաջիկայում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մեկնելու է Կանադա, սակայն հայ-կանադական բարեկամության խմբի ղեկավար Իշխան Սաղաթելյանն ընդգրկված չէ այդ պատվիրակության կազմում: Սլովենիա կատարած ուղեւորության ժամանակ պատվիրակության կազմում ընդգրկված չէր հայ-սլովենական բարեկամության խմբի ղեկավար Սեյրան Օհանյանը, իսկ Նիկոլ Փաշինյանի` Եգիպտոս կատարած ուղեւորության կազմում բացակայում էր ԱԺ հայ-եգիպտական բարեկամության խմբի ղեկավար Աղվան Վարդանյանը: Հասարակությանը յուրայինների ու թշնամիների բաժանած ՔՊ-ական իշխանությունը միայն թուրք-ադրբեջանական տանդեմի հանդեպ է, փաստորեն, բարեկամաբար տրամադրված, իսկ հայկական ընդդիմությանը համարում է իր թշնամին:
«Հրապարակը» գրում է․ Մայր տաճարի վերաօծմանն եւ Մյուռոնօրհնեքին ընդառաջ, իշխանականներին հարող շրջանակներից եւ կարգալույծ հոգեւորական Տեր Սահակ քահանա Գալստյանի կողմից մի քանի շաբաթ առաջ հայտարարություններ էին տարածվում, թե սեպտեմբերի 14-ին՝ վաղը, Էջմիածնում տեղի է ունենալու հակաեկեղեցական ցույց՝ Վեհափառի հրաժարականի պահանջով։ Էջմիածնի քաղաքապետի տեղակալ Արսեն Պետրոսյանին հարցրինք՝ ստացե՞լ են արդյոք նման ակցիայի մասին իրազեկման դիմում, գրություն եւ ի՞նչ պատասխան են տվել։ Սակայն փոխքաղաքապետը պատասխանեց, որ ընդհանրապես որեւէ գրություն չեն ստացել: Եվ ենթադրեց․ քանի որ նախորդ անգամ իրենց ուզած տեղում չեն թույլատրել, այլ տեղ են առաջարկել, այդ պատճառով, հավանաբար, որոշել են չդիմել։ Այսինքն՝ հնարավոր է առանց թույլտվությա՞ն ակցիան իրականացնեն։ «Ոչ թե հնարավոր է․․․ իրենք հայտարարել են այդ մասին, եւ այդտեղ ոստիկանությունն անելիք ունի»,- ասաց փոխքաղաքապետը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ «Ուիգմոր» նորաբաց բժշկական կենտրոնին ՀՀ կառավարությունը 1.5 մլն դոլար է փոխանցել՝ առանց ռիսկերի փաստացի գնահատման: Հենց սրանից հետո «Ուիգմոր» բժշկական կենտրոնը հայտնվեց նույնիսկ կառավարության ուշադրության կետրոնում։ Այս փոխանցումից հետո իրավապահները մտան նշված բժշկական կենտրոն եւ սկսեցին փնտրել ապօրինություններ։ «Ժողովուրդ» օրաթերթը երեկ փորձեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվել՝ այդ ինչպես է պատահել, որ նորաբաց «Ուիգմոր» ԲԿ-ն ստացել է 600 մլն դրամի պետպատվեր, այն դեպքում, երբ բժշկական կենտրոնը, ըստ մամուլի, անմիջական կապ ունի Անահիտ Ավանեսյանի մայրիկի հետ։ Նախարար Ավանեսյանը, սակայն, փորձեց ինչպես միշտ շրջանցել, եւ խուսափելով պատասխանից՝ հորդորեց հարցում ուղարկել. սակայն հարցում ուղարկելու կարիք չկա, քանի որ փաստաթղթերը, որպես ապացույց, հրապարակում ենք. 600 մլն դրամ պետպատվեր՝ «Ուիգմոր» կլինիկային:
Նախարար Ավանեսյանը պարզապես խուսափեց պարզաբանել, թե 600 մլն դրամ ինչու է տվել նորաբաց, պրոֆեսիոնալ ոչ մի հատկանիշով աչքի չընկած կլինիկային: Կոռուպցիոն վարակն արդեն իշխանության շարքերում է եւ աստիճանաբար ախտահարում է Նիկոլ Փաշինյանի կառավարության բոլոր օղակներին:»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության արդեն նախկին ղեկավար Գրիգոր Երիցյանը դատական հայց է ներկայացնելու ընդդեմ Երեւանի ավագանու: Ինչպես արդեն հայտնել ենք, ավագանու՝ սեպտեմբերի 10-ի նիստի ժամանակ, ՔՊ խմբակցության նախաձեռնությամբ, Գրիգոր Երիցյանը զրկվել էր մանդատից: Ավագանու երկու անկախ անդամներ եւս զրկվել էին մանդատից՝ ՔՊ-ի սատելիտ «Հանրային ձայն» խմբակցության նախաձեռնությամբ: «Ժողովուրդ» օրաթերթը Գրիգոր Երիցյանից տեղեկացավ, որ նա պատրաստվում է դիմել վարչական դատարան՝ վիճարկելու իրեն մանդատից զրկելու ավագանու որոշումը. «Արդեն համապատասխան թղթերը ներկայացրել եմ մեր փաստաբանական խմբին, հաջորդ շաբաթ հայցն արդեն մուտք կարվի դատարան»: Ի դեպ, նույն հիմքով եւս երկու հայց կա՝ ներկայացված ընդդեմ ավագանու. խոսքը ավագանու նախկին անդամներ Հայկ Մարությանի եւ Սոնա Աղեկյանի մասին է, որոնց դեռ ամիսներ առաջ՝ փետրվարին, ՔՊ-ն եւս զրկել էր մանդատից: Սա չլսված բան է. ժողովրդի կողմից ընտրված թեկնածուներին ՔՊ-ն զրկում է իրենց կարգավիճակից: Նույնիսկ նախկին քննադատված իշխանությունների օրոք չի եղել այսպիսի ակնհայտ ապօրինություն:»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «5-րդ բանակային կորպուսի հրամանատար Սասուն Բադասյանի ազատումը բավականին խոր արմատներ ունի։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ նրա ազատման պատճառը բանակային կորպուսում ներքին տարաձայնություններն են եղել: Ընդհարում է եղել նաեւ 5-րդ բանակային կորպուսի շտաբի պետի հետ, եւ անգամ տարածված լուրեր կան, որ տարաձայնությունը հասել է միմյանց վիրավորանքներ հասցնելուն ու լույս աշխարհ գալն անիծող, հայհոյող խոսքերին։ Ի դեպ, տեղեկացանք նաեւ, որ Բադասյանին ազատելուց առաջ որոշել են նրան գործուղել արտերկիր՝ զինվորական պատրաստության դասերի, ըստ էության՝ իրավիճակը այդպես մեղմելու նպատակով։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին, Հայաստանի նախագահի հրամանագրով, Սասուն Բադասյանն ազատվել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից: Ըստ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի, որը նշված է հրամանագրում, «պայմանագրային զինծառայողը զինվորական պաշտոնից ազատվում է՝ վեց ամիսը գերազանցող ժամկետով ռազմաուսումնական հաստատություններ, ասպիրանտուրա, դոկտորանտուրա ընդունվելու կամ Հայաստանի Հանրապետության կամ այլ պետության ռազմաուսումնական կամ այլ հաստատությունում վերապատրաստման գործուղվելու դեպքում»: Այլ մանրամասներ չեն հրապարակվում:
«Հրապարակը» գրում է․ Առուշ Առուշանյանի շուրջ սեղմվող օղակը ոգեւորել է ՔՊ-ական պատգամավոր, գորիսեցի Արմեն Խաչատրյանին։ Մեր աղբյուրները հայտնում են, որ նա հիմիկվանից պատրաստվում է Գորիսի հաջորդ ընտրություններին, որոնք լինելու են 2026 թվականի աշնանը՝ խորհրդարանական ընտրություններից հետո: Իշխանական գործընկերների շրջանում նա ասել է՝ եթե Առուշին իսկապես չեզոքացնեն, ապա ինքը բոլոր շանսերն ունի Գորիսի հաջորդ համայնքապետը դառնալու: Ավելին՝ անկեղծացել է, որ այդ հարցով դիմել է Նիկոլ Փաշինյանին, թեպետ դեռ «դաբրո» չի ստացել, բայց չի էլ մերժվել։ Բանն այն է, որ իշխանությունները դեռ Առուշ Առուշանյանի հետ հարցերը լուծված չեն համարում, մինչեւ խորհրդարանական ընտրությունները դեռ շատ ջրեր կարող են հոսել, եւ իրավիճակը կթելադրի՝ ինչ որոշում կկայացնեն։ Ի դեպ, մինչեւ 2025-ի աշունը իշխանության օրակարգում է Գորիս եւ Տեղ համայնքները միավորելու ծրագիրը։ Սա նշանակում է, որ Գորիսի հաջորդ համայնքապետը, ըստ էության, Սյունիքի մոտ կեսի ղեկավարն է լինելու։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեւանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի 71-ամյա թոշակառու հոր մեգա բիզնես նախագիծը ակնհայտորեն կոռուպցիոն տարրեր է պարունակում, սակայն, «Սիվիլնեթի» հրապարակումից մոտ կես ամիս անցնելուց հետո էլ, իրավապահները կամ կոռուպցիայի դեմ պայքարող պետական այլ կառույցները որեւէ քայլ չեն նախաձեռնել: Իսկ ինչպե՞ս է տեղի ունեցել խնդրահարույց մեգանախագծի հաստատումը. պարզվում է, որ նախկին իշխանությունների օրոք պետությանը 7 մլրդ դրամի (մոտ 17 մլն ԱՄՆ դոլար) վնաս պատճառած, ապա իր սխալն ընդունած եւ վնասները վերականգնած «Սպայկա» ընկերությունը, որը ՔՊ-ական իշխանության հետ արդեն ջերմ է ինչպես «նախկինների» հետ, Երեւանի փոխքաղաքապետի ընտանիքի փաստացի տանիքն է: Ինքը՝ Արմեն Փամբուխչյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատել է, որ թոշակառու հոր վարկավորման երաշխավորը «Սպայկա» ընկերությունն է:
Oրաթերթը տեղեկացավ, որ «Սպայկայի» սեփականատեր Դավիթ Ղազարյանը հաճախ է հյուրընկալվում Արմեն Փամբուխչյանին՝ ինչպես Երեւանի քաղաքապետարանում, այնպես էլ տանը: Եվ ակնհայտ է, որ Ղազարյանի «քաղաքական տանիքը» ՔՊ-ականների հետ հարաբերություններում, պետական ատյանների հետ հարցերը կարգավորելիս ապահովում է հենց Արմեն Փամբուխչյանը:
Հիշեցնենք, որ Արմեն Փամբուխչյանի հայրը՝ Սոկրատ Փամբուխչյանը, որը մինչեւ որդու պաշտոնյա դառնալը երբեք որեւէ ընկերությունում տնօրեն կամ բաժնետեր չի եղել, անցած տարվա հուլիսին հիմնադրել է «Սանգարդեն» ընկերությունը: 71 ամյա պապիկը 40 հեկտար մակերեսով հողեր է ձեռք բերել Արմավիրի մարզի Շենիկ գյուղում, արդեն կառուցել է ջրավազան, իսկ նոյեմբերից կսկսի ծառատունկը: Բանկը նրան տրամադրել է 1,5 միլիարդ դրամի վարկ (մոտ 3.8 մլն դոլար) եւ միանգամից գրավադրել է Շենիկում նոր գնված հողամասերը։ Պաշտոնյայի հոր վարկի մարման ժամկետը 2031 թվականի սեպտեմբերն է։ Բացի արտոնյալ վարկից, որը տրամադրվել է 14 տոկոսով, Փամբուխչյանի հայրը նաեւ կառավարության հոգածությունից է օգտվել. 12 տոկոս մարումն իրականացնում է պետությունը, ինչը նշանակում է, որ Փամբուխչյանի հայրը 2 տոկոսով վարկ է ստացել մոտ 4 մլն ԱՄՆ դոլար։ «Սանգարդեն»-ին տրամադրված վարկի սուբսիդավորումը նախարարության կողմից կազմել է 102,5 մլն դրամ: Այդ հողակտորների վրա դեղձի այգի է հիմնելու «Սպայկա» ընկերությունը, որը նաեւ կարտահանի դեղձերը: Ահա այսպիսի առերեւույթ կոռուպցիոն շղթա է գործում Նիկոլ Փաշինյանի հետհեղափոխական Հայաստանում:»