VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Հուլիսին գրել էինք, որ Փաշինյանը կարող է «անառակ որդու պես վերադառնալ մայր Ռուսիայի գիրկը»։ Նա նեղ «կռուգում» ասել էր, որ աշնանը կարող են անակնկալներ լինել: Այդ օրերին մեզ քննադատողները, թե «Հրապարակը» վատ երազ է տեսել, այսօր իրենք են գրում, որ հետքայլ է արվում։ Առաջին ծիծեռնակն օգոստոսի 31-ի ասուլիսում ՌԴ-ին ուղղված ռեւերանսն էր, իսկ երեկ իմացանք, որ Հայաստանը մասնակցելու է ԲՐԻԿՍ-ի եւ ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովներին։ ԲՐԻԿՍ-ի ժողովը նախատեսված է հոկտեմբերի 22-24-ին` Կազանում։ Ոմանք կապ են տեսնում Նիկոլ Փաշինյանի հռետորաբանության փոփոխության եւ օգոստոսի 23-ին Պուտինի հետ հեռախոսազրույցի միջեւ, որը կայացավ վերջինիս՝ Բաքու այցից 4 օր անց: Դրանից 4 օր անց Պուտինը խոսեց նաեւ Ալիեւի հետ, իսկ 1 օր անց ստորագրվեց սահմանազատման կանոնակարգը, որը ձգվում էր 2 ամիս: Ըստ որոշ աղբյուրների՝ Պուտինն ասել է Փաշինյանին, որ ինքն Ալիեւին հորդորել է թուլացնել ճնշումը ՀՀ-ի վրա: Թերեւս նաեւ դա է պատճառը, որ ԱՊՀ, ՀԱՊԿ ռուսական հարթակները բոյկոտող Փաշինյանը որոշել է մասնակցել։ Զախարովան էլ երեկ հայտարարել է, թե ակնկալում են, որ Երեւանը կվերսկսի լիարժեք մասնակցել ՀԱՊԿ աշխատանքներին։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանը շաբաթ օրը` սեպտեմբերի 7-ին, իշխանական վերնախավին կհավաքի Սեւանի կառավարական ամառանոցում, որտեղ կուտեն-կխմեն եւ կքննարկեն անելիքները: Նա անբռնազբոս միջավայրում գնահատականներ կտա կառավարության եւ օրենսդիրի գործունեությանը, ինստրուկտաժ կանի առաջիկա անելիքների մասով ու կճանապարհի դեպի քաղաքական աշուն։ Մեր տեղեկություններով՝ հավաքը նախատեսել էին դեռ հուլիսի 9-ին՝ ԱԺ աշխատանքի ավարտից հետո, ինչպես անցած տարի, բայց ներքաղաքական անհանգիստ վիճակով եւ հատկապես սրբազան պայքարով պայմանավորված` հետաձգվել էր։ Ի դեպ, ՔՊ-ականները չարախնդում են, որ իրենց հաշվին հերթական քեֆն են անում՝ անցած անգամ յուրաքանչյուրը 20 հազար դրամ է «քցվել» Սեւանում հավաքվելու համար։ Իբրեւ թե բյուջեից կուսակցական ծախսերը չեն ֆինանսավորում, բայց բոլորը հասկանում են, ինչպես Փաշինյանն է ասում` փողը երբեք շատ չի լինում: Իսկ ուրբաթ օրը խմբակցության նիստ է նշանակված։ Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահն էլ «Հայաստան» խմբակցությանն էր տարել Բյուրական՝ արտագնա նիստում քննարկելու առաջիկա անելիքները: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա նրա թիմն ասում է՝ հավաքներ չեն անում, ամենօրյա ռեժիմով քննարկում են իրենց անելիքները։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Սահմանադրական բարեփոխումների խորհուրդն այսօր նիստ է հրավիրել՝ վճռվելու է «կայուն մեծամասնություն» նորմի ճակատագիրը։ Հանձնաժողովի քաղհասարակությունը՝ Դանիել Իոաննիսյանի գլխավորությամբ, առաջարկել է հրաժարվել այս դրույթից։ Ըստ 2015 թ․ Սահմանադրության՝ եթե ԱԺ ընտրություններում որեւէ կուսակցություն չի ստանում մանդատների 50%-ից ավելին եւ այլ ուժերի հետ չի կարողանում կազմել կոալիցիա, ապա ընտրությունների 2-րդ փուլ են անում, եւ հաղթողը ստանում է այնքան լրացուցիչ մանդատ, որ մեծամասնություն լինի՝ անկախ ընտրություններում հավաքած ձայներից: Այսինքն՝ ընտրողների 25-30 տոկոս քվե ստացած ուժը կարող է միանձնյա ձեւավորել կառավարություն: Այս դրույթը հնարավոր է փոխել առանց հանրաքվեի՝ ԱԺ-ի միջոցով։ Երեկ «Իրազեկ քաղաքացիները» հայտարարություն էին տարածել․ «Կայուն մեծամասնության սկզբունքը վերացնելու համար պետք է Սահմանադրության 89-րդ հոդվածում սահմանել, որ եթե որեւէ ուժ չի հավաքել մեծամասնություն, ապա խորհրդարանը չի համարվում ձեւավորված եւ չի ունենում առաջին նիստ, քանի դեռ քաղաքական ուժերը չեն կազմել կոալիցիա: Իսկ եթե սահմանված ժամկետում կառավարություն չի ձեւավորվում, ու կուսակցությունները համաձայնության չեն գալիս, ՀՀ նախագահը նշանակում է նոր ընտրություններ։ Այս փոփոխությունը չի հակասում Սահմանադրության այլ դրույթներին եւ կարող է փոխվել ԱԺ-ի կողմից՝ պատգամավորների ⅔-ով»։
Հանձնաժողովից տեղեկացանք, որ մինչեւ վերջերս իշխանությունը դեմ չէր այդ դրույթից հրաժարվելուն, սակայն, ըստ ամենայնի, օրեցօր անկում ապրող վարկանիշը ստիպել է փոշմանել, մանավանդ որ աճում է արեւմտամետների վարկանիշը, եւ այս առաջարկով վերջիններս փորձում են հող պատրաստել իշխանությանը փաստացի տեր դառնալու համար՝ վստահ, որ ՔՊ-ն միայնակ չի հաղթահարելու 50 տոկոսի շեմը եւ մնալու է իրենց հետ դաշինք կազմելու հույսին։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, ով ԱԺ անվտանգության եւ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովն է ղեկավարում, հրահանգներ է տալիս ԱԺ աշխատակազմին, որ ընդդիմադիր պատգամավորներին զրկեն գործուղումներից կամ խորհրդարանական պատվիրակությունների աշխատանքներին մասնակցելուց։ Այսպիսով՝ «Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ-ից տեղեկացավ, որ սեպտեմբերի 15-18-ը ՔՊ խմբակցության պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանը եւ Վահագն Ալեքսանյանը Վարշավա են գործուղվելու՝ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի Ռոուզ-Ռոթ սեմինարին մասնակցելու համար։ «Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցմամբ դիմել էր ԱԺ աշխատակազմ՝ պարզելու, թե ինչու են պատվիրակությունների կազմում միայն իշխանական պատգամավորներն ընդգրկված լինում` հաշվի առնելով, որ բոլոր երեք խմբակցություններն էլ ունեն ներկայացուցիչ ՆԱՏՕ-ում՝ որպես պատվիրակության հիմնական անդամներ. ինչո՞ւ ընդդիմադիր պատգամավորները չկան պատվիրակությունների կազմում։ Մեր հարցմանն ԱԺ-ից տվել են հետեւյալ պատասխանը.
«ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նիստերին ընդառաջ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Անդրանիկ Քոչարյանը մշտապես հրավիրում է աշխատանքային քննարկումներ։ Ինչպես ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը, այնպես էլ նրան փոխարինող Ասպրամ Կրպեյանը չեն մասնակցել այդ քննարկումներին։
Հավելենք նաեւ, որ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարը ՆԱՏՕ-ի ԽՎ գարնանային նստաշրջանից առաջ գրավոր տեղեկացրել է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանին, որ Ասպրամ Կրպեյանը մերժել է մասնակցել կառույցի վերաբերյալ քննարկումներին, ինչով պայմանավորված էլ նրա մասնակցությունը ՆԱՏՕ-ի ԽՎ աշխատանքներին նպատակահարմար չէ»։ Այսինքն, ստացվում է՝ Անդրանիկ Քոչարյանն ԱԺ աշխատակազմին հրահանգներ է տալիս, ինչի հետեւանքով ընդդիմադիրները զրկվում են ԱԺ պատվիրակությունների աշխատանքներին մասնակցելուց»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Իշխանությունը որոշել է «բաց խաղալ»` այս անգամ վարույթ են հարուցել Սերժ Սարգսյանի գործով արդարացման դատավճիռ արձակած դատավոր Վահե Միսակյանի նկատմամբ: Նրան մեղադրում են Վազգեն Մանուկյանի գործի քննության «ողջամիտ ժամկետը» խախտելու համար։ Այս հիմքով դադարեցվեցին նաեւ Ռ․ Քոչարյանի դատավճիռն արձակած Աննա Դանիբեկյանի լիազորությունները: Ոմանց կարող է թվալ, թե անբարեխիղճ դատավորներից են ազատվում, սակայն եթե այս դատավորները մազաչափ հնարավորություն ունենային, մեծ հաճույքով խիստ պատիժներ կսահմանեին այդ բոլոր գործերով:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը օգոստոսի 23-ին «Հենդլ» ՍՊԸ-ից գնել է 126 հազար դրամ արժողությամբ նարդի։ «Հենդլ» ՍՊԸ-ին պատկանող սրահը Բուզանդ փողոցում գտնվող «Վերնիսաժում» վաճառակետ ունի եւ վաճառում է ոչ այնքան մատչելի արժեք ունեցող շախմատ, նարդի, հուշանվերներ, ժամացույցներ եւ այս ամենը՝ փայտի փորագրությամբ։ Նարդիի ամենաէժան տարբերակը նշված խանութում 33 հազար դրամ է եւ աստիճանաբար թանկանում է՝ հասնելով մինչեւ 300-360 հազար դրամի։ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից ճշտել՝ արդյոք գնումը նախարարի՞ հրամանով է արվել, ո՞ւմ համար է գնվել, եւ եթե նվեր է, ապա ո՞ւմ են նվիրել։ Նախարարությունից պատրաստակամորեն պատասխանեցին մեր հարցերին՝ ասելով. «Հարցը եղել է նախարար Գեւորգ Պապոյանի տիրույթից դուրս, նա չի հանդիսացել նվիրատուն։
Գնումը կատարվել է ներկայացուցչական ծախսերի շրջանակում՝ նախարարի տեղակալի կողմից՝ օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյայի Հայաստան կատարած այցի ընթացքում նվիրելու համար։ Նախարարը նախապես չի տեղեկացվել նվերի արժեքից, իսկ տեղեկանալուց հետո՝ հանձնարարել է անցկացնել ծառայողական քննություն, քանի որ բարձր արժեք ունեցող նվերներ հանձնելն անթույլատրելի է համարում։ Նշենք նաեւ, որ ծախսված գումարն արդեն իսկ վերադարձվել է պետբյուջե։ Կից ներկայացնում ենք նաեւ վճարման անդորրագիրրը», – հարցին ի պատասխան՝ նախարարությունից տրամադրել էին նաեւ վճարման անդորրագիրը։ Ստացվում է, որ էկոնոմիկայի նախարարի տեղակալը, առանց նախարարին տեղյակ պահելու, թանկարժեք նվերներ է գնել պետբյուջեից հատկացված գումարով, ապա նախարարի ճնշումներից հետո՝ նվերի համապատասխան գումարը վերադարձրել է պետբյուջե։ Եվ այսքանով պատիժն ավարտվում է. սակայն «Ժողովուրդ» օրաթերթը առաջիկայում կպարզի եւ կներկայացնի, թե էկոնոմիկայի նախարարի տեղակալներից ով է թանկարժեք նարդիի գնումը կատարած տեղակալը»:
«Փաստ» օրաթերթը գրում է. Երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանը մասնակցելու է հոկտեմբերին Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ գագաթաժողովին: Թե որքանով են Հայաստանի իշխանությունները վերջապես «գլխի ընկել» ԲՐԻԿՍ-ին ինտեգրվելու առավելությունների ու հնարավորությունների մասին, ցույց կտա ժամանակը, առաջին հերթին այն հանգամանքը, թե ինչ մակարդակով ներկայացված կլինի մեր երկիրը: Երեկ տեղեկություններ էին շրջանառվում, որ հնարավոր է՝ Նիկոլ Փաշինյանը մասնակցի: Իսկ մինչ այդ ԲՐԻԿՍ-ին լիիրավ անդամակցության հայտ է ներկայացրել Թուրքիան: Հայտը կարող է քննարկվել հենց հոկտեմբերին՝ ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին:
Ինչի՞ մասին է խոսում Անկարայի այս քայլը: Նախ՝ փաստը մնում է փաստ, որ արդեն 35 տարուց ավելի չի կարողանում անդամակցել Եվրամիությանը: Բայց հազիվ թե սա լիներ գլխավոր պատճառը, որովհետև նույն Թուրքիայի իշխանությունները դեռ տարիներ առաջ ակնարկել են, որ իրենց հիմա դա առանձնապես շատ չի հետաքրքրում՝ «կլինի-կլինի, չի լինի-չի լինի» տարբերակով: Ըստ փորձագետների, այստեղ կան խորքային այլ պատճառներ: Գաղտնիք չէ, որ ԵՄ-ն Թուրքիայի համար արտաքին խոշորագույն շուկան է: Հիմա փաստացի ԵՄ-ի՝ ինքնին ծանր կացության մեջ հայտնվելն, ամենայն հավանականությամբ, անհանգստացրել է Թուրքիայի իշխանություններին:
Բնական է, որ ԵՄ-ից ներմուծման ծավալները, հիմնականում՝ հումքանյութային ապրանքների մասով, որոնց վրա էր կառուցված Թուրքիայի արտադրական հզորությունների մի զգալի մասը, էապես՝ միայն վերջին ութ ամսում մոտ 28 մլրդ դոլարով նվազել է: Սա թուրքական արտադրողների շրջանում լուրջ խնդիրներ է ստեղծել, ինչին զուգահեռ ավելացել է սպառողական ապրանքների ներքին պահանջարկը: Հասկանալի է, որ Թուրքիայում հիանալի հասկանում են, որ արևմտյան ներդրողները էապես նվազեցրել են իրենց մասնակցությունը տնտեսության մեջ: Ըստ այդմ, փաստացի, Թուրքիան լրջորեն է տրամադրվել այլընտրանքներ գտնել, որոնցից մեկն էլ հենց ԲՐԻԿՍ-ին անդամակցելու հայտն է: Ի վերջո, չմոռանանք, որ BRICS երկրներին բաժին է ընկնում Երկիր մոլորակի տարածքի 34 %-ը և բնակչության 45,2%-ը։ ՀՆԱ-ն գնողունակության համարժեքով կազմել է համաշխարհային արժեքի 36,7 %-ը։ Եթե հաշվի առնենք, որ ԲՐԻԿՍ-ին անդամակցելու մտադրություն ունի նաև Ադրբեջանը, ապա պատկերն առավել քան պարզ կդառնա: Մնում է՝ այս ամենից իրապես եզրակացություններ անեն Հայաստանի իշխանությունները:
«Փաստ» օրաթերթը գրում է. Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը որոշել է երեք փուլով Հայաստանում ներդնել ՀՀ քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ: Արդեն 2025 թ.-ից սկսած ՀՀ չափահաս բոլոր քաղաքացիները, այդ թվում՝ կենսաթոշակ ստացող և աշխատանք չունեցող անձինք, պարտավորված կլինեն լրացնել նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար հայտարարագիր: Այս ընթացքում տարբեր մասնագետներ զգուշացնում էին, որ մեր երկիրը, առավել ևս մեր հանրության զգալի մասը դեռ պատրաստ չէ անցնել համընդհանուր հայտարարագրման: Արդեն այս տարի պարզ դարձավ, որ նրանք իրավացի էին, և հուլիսի 22-ի դրությամբ, երբ լրանում էր վերջնաժամկետը, հայտարարատու անձանց մոտ կեսը չէր ներկայացրել հայտարարագիրը: «Փաստ» թերթը տեղեկություններ ունի, որ իշխանության մեջ կան որոշակի շրջանակներ, որոնք հակված են համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը հետաձգել առնվազն 2-3 տարով, այդ ընթացքում կարգավորել բոլոր տեխնիկական խնդիրները, այդ թվում՝ բարձրացնել հանրության իրազեկվածության մակարդակը: Մեր աղբյուրը փոխանցում է, որ նման առաջարկ արվել է Նիկոլ Փաշինյանին, բայց վերջնական որոշում դեռևս չկա:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժին նռնակով ներխուժման փորձի գործով անցնող 3 մեղադրյալները կշարունակեն մնալ կալանքի տակ: Մեզ հայտնի դարձավ, որ օրերս նախաքննական մարմինը դիմել է դատարան՝ մեղադրյալների կալանքը երկարաձգելու համար, ինչն էլ դատարանը բավարարել է։ Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ գործով կալանավորվածների մեղադրանքները վերաորակվել են ու առավել խիստ մեղադրանքներ են առաջադրվել։ Տեղեկացնենք, որ գործը ավարտական փուլում է, ու առաջիկայում գործով նախաքննության ավարտ կհայտարարվի, այն կուղարկվի դատարան։
Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 24-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, 3 զինված քաղաքացի փորձել էին ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք, գործադրել էին նռնակ, ինչի հետեւանքով ներխուժող անձանցից 2-ը վիրավորվել էին եւ տեղափոխվել բուժհաստատություն։ Դեպքի առիթով նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ահաբեկչության հատկանիշներով: Նոր Նորքի ոստիկանության շենք ներխուժած եւ վիրավորում ստացած անձանցից մեկը Արթուր Մովսիսյանն էր, որի որդին՝ Էդգար Մովսիսյանը, զոհվել է 44-օրյա պատերազմում։ Մյուս կալանավորվածը Կոտայքի մարզի բնակիչ Ստեփան Հովակիմյանն է, որի հետ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը շուրջ 2 ժամ բանակցեց, իսկ ահա ավելի ուշ դեպքի վայր եկավ ԱԱԾ հատուկ ջոկատայինների մարտական խումբը եւ վնասազերծեց Հովակիմյանին։
Նշենք, որ Հովակիմյանը, մինչեւ նռնակով ոստիկանության Նոր Նորքի բաժին գնալը, սոցիալական ցանցով ուղիղ եթեր էր արել եւ հորդորել ազատ արձակել «Մարտական եղբայրության» 49 անդամներին, որոնք Ոսկեպար գնացել էին՝ հայրենիքի խնդիրներով մտահոգված։ Վերջինս ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի հետ բանակցությունների ժամանակ պնդում էր, որ ոստիկանությունը չենթարկվի Նիկոլ Փաշինյանի պահանջներին»: