Նոր հնարավոր համաձայնություններ Ադրբեջանի հետ. Սյունիքը վտանգվա՞ծ է
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հայտարարել է, որ Երևանը պատրաստ է բանակցություններ սկսել Բաքվի հետ՝ միջազգային մասնավոր ընկերություններին հանձնելու տրանսպորտային հաղորդակցությունների (ճանապարհի) վերահսկողությունը, որոնք կկապեն Ադրբեջանն ու Նախիջևանը։
Նիկոլ Փաշինյանը տարիներ շարունակ վստահեցնում էր, որ Հայաստանի ինքնիշխանությունը այն գերագույն արժեքն է, որը ինքը կպաշտպանի ամեն գնով։ Նա բազմիցս կրկնել է, որ Սյունիքով անցնող տրանսպորտային հաղորդակցությունների վերահսկողությունը ազգային անվտանգության հարց է, և որ ոչ մի արտաքին ազդեցություն, հատկապես Ադրբեջանի կողմից, չի կարող թույլատրվել։ Նա բազմիցս պնդել է, որ Բաքվի կողմից այս ռազմավարական զարկերակի վերահսկողությունն ամբողջությամբ անթույլատրելի է։ Թվում էր, թե նրա դիրքորոշումը պարզ և միանշանակ էր։
Բայց ի՞նչ է կատարվում իրականում։ Այսօր մենք տեսնում ենք, որ նախատեսվում է բանակցություններ վարել Բաքվի հետ՝ այս կարևորագույն ճանապարհի վերահսկողությունը որոշ մասնավոր միջազգային ընկերություններին փոխանցելու հարցով։ Անմիջապես հարց է առաջանում՝ ինչպիսի՞ ընկերություններ են դրանք, և ինչու՞ պետք է վստահենք նրանց մեր տրանսպորտային զարկերակները։ Ինչպե՞ս է սա համատեղվում Հայաստանի ինքնիշխանությունը պաշտպանելու մասին հայտարարությունների հետ։ Միթե՞ սա մեր կառավարության նոր «հանճարեղ» ռազմավարությունն է՝ փոխանցել մեր առանցքային ենթակառուցվածքների վերահսկողությունը այնպիսի ընկերությունների, որոնց կապերը ադրբեջանական պետության հետ կարող են շատ սերտ լինել։ Ի՞նչ նոր աբսուրդի են մեզ պատրաստում։ Ինչո՞ւ պետք է միջազգային անհասկանալի մասնավոր ընկերություններ ինչ-որ բան անեն Հայաստանի ինքնիշխան տարածքում։
Այո, ևս մեկ անգամ կրկնում եմ՝ դուք ճիշտ լսեցիք․ հայկական պաշտոնյաները պատրաստ են քննարկել Բաքվի հետ, որ միջազգային մասնավոր կառույցները վերահսկեն մեզ համար այդքան կարևոր ռազմավարական ուղին Սյունիքով։
Բնականաբար հարց է ծագում՝ այդ ընկերությունները մեր պետությունից լա՞վն են։ Եթե վերահսկողությունը լինելու է անհասկանալի մասնավոր ընկերությունների ձեռքում, ապա մեր ինքնիշխանությունը ինչու՞մն է արտահայտվում։
Միթե՞ հենց դրա համար է Փաշինյանը բացառել ռուսական միջնորդությունը այս հարցում և պնդել Բաքվի հետ ուղիղ երկխոսության անհրաժեշտության մասին։ Ո՞րն է տրամաբանությունը։ Ի՞նչ նպատակ ունեին բոլոր այդ հայտարարությունները՝ Ադրբեջանի կողմից մեր տարածքի վերահսկողության անթույլատրելիության մասին, եթե այժմ ամեն ինչ գնում է այն ուղղությամբ, որ այդ վերահսկողությունը փոխանցվելու է միջազգային մասնավոր կառույցներին (գուցե նաև թուրքական), որոնք փաստացի կարող են ներկայացնել ադրբեջանական պետության շահերը։
Եթե Հայաստանի ինքնիշխանությունը հիմա այսպիսինն է՝ քննարկել մեր հաղորդակցությունները մասնավոր օտարերկրյա ընկերություններին հանձնելու հարցը, գուցե՞ արժե բացահայտ հայտարարել, որ պաշտոնական Երևանի քաղաքականությունը կայանում է մեր երկրի առանցքային ոլորտները արտաքին ուժերին աստիճանաբար հանձնելու մեջ։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է համակարգված կերպով բացառվում ռուսական մասնակցությունը, մերժվում են միջնորդների առաջարկները, իսկ վերջնական արդյունքում տեղի են ունենում ուղիղ բանակցություններ Բաքվի հետ այն պայմաններով, որոնք սպառնում են Հայաստանի ազգային շահերին։
Ի՞նչ երաշխիքներ են տալիս այդ մասնավոր ընկերությունները։ Ի՞նչ է լինելու ՀՀ անվտանգության հետ, եթե ռազմավարական ուղու վերահսկողությունը փաստացի փոխանցվի նրանց, ովքե՞ր ուղղակի կամ անուղղակի կարող են առնչվել Ադրբեջանի պետական կառույցների հետ։ Մեզ կրկին փորձում են վաճառել քաղաքական որոշում, որը իրականում կարող է աղետ դառնալ Սյունիքի և ամբողջ Հայաստանի համար։
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ, քաղաքագետ Արման Ղուկասյան