Հուլիսի 15-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՄԱԿ կայուն զարգացման օրակարգի և նպատակների ու թիրախների իրականացման առաջընթացն ամփոփող ՀՀ երրորդ կամավոր ազգային զեկույցը։
Ստրոև ներկայացնում ենք ՀՀ ԱԳ նախարարի ելույթն ամբողջությամբ։
Ելույթից հետո արձագանքով և հարցադրումներով հանդես են եկել այլ երկրների ներկայացուցիչներ՝ լայն աշխարհագրական ընդգրկումով, մասնավորապես Գերմանիայից, Հունաստանից, Հնդկաստանից, Լիտվայից, Մեքսիկայից, Լիբանանից, Ուզբեկստանից, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Նախարար Միրզոյանը սահմանված ժամանակի ընթացքում պատասխանել է գործընկերներին հետաքրքրող հարցերին։
«Հարգարժա՛ն նախագահող,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Ուրախ եմ հանդես գալ այս Բարձր մակարդակի քաղաքական ֆորումին և ներկայացնել Հայաստանի երրորդ կամավոր ազգային զեկույցը:
Նախորդ չորս տարիներն աննախադեպ էին՝ պայմանավորված համավարակով, ագրեսիայով, էթնիկ զտումով և փախստականների ճգնաժամով: Չնայած այս բացասական զարգացումները կարող էին խաթարել «2030թ. օրակարգի» իրականացման ուղղությամբ ջանքերը, Հայաստանն ապացուցեց, որ հնարավոր է իրականացնել կայուն զարգացման նպատակների խոստումը և առաջընթացի, բարգավաճման և խաղաղության հույս ստեղծել:
Հետևաբար, Հայաստանի 3-րդ ազգային զեկույցը դիմակայունության, մարդասիրական գործողությունների և կայուն զարգացման նպատակներն իրական օգուտների վերածելու և ավելի լավ կառուցելու հաստատուն ջանքերի ճանապարհն է՝ երկրում և տարածաշրջանում խաղաղության և արդարության վրա էական ազդեցությամբ։ Այն մարդասիրական գործողությունների, զարգացման և խաղաղության միջև կապի՝ «2030թ. օրակարգի» կյանքի կոչման վրա ազդեցության իրական ժամանակում տեղի ունեցող օրինակ է:
Թույլ տվեք ամփոփ ներկայացնել մարդասիրական, զարգացման և խաղաղության բաղադրիչներից յուրաքանչյուրը, դրանց միջև կապն ու և կայուն զարգացման նպատակների իրականացման ճանապարհին փոխազդեցությունը:
Մարդասիրական գործողություններ. Մինչ Հայաստանը պայքարում էր COVID-19 համավարակի հետևանքների դեմ՝ Հայաստանը բաղվեց մեկ այլ աղետի։ 2020 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիան, 10 ամիս տևած շրջափակումը, սովը և 2023 թվականին տեղի ունեցած էթնիկ զտումը խլեցին հազարավոր կյանքեր և հանգեցրին զանգվածային ավերածությունների ու հումանիտար ճգնաժամի: Ավելի քան 115 000 բռնի տեղահանված փախստականներ՝ տարածաշրջանի ամբողջ բնիկ բնակչությունը, մի քանի օրվա ընթացքում ստիպված էին փախչել Հայաստան՝ հալածանքների և ոճրագործությունների սպառնալիքի ներքո։
2023թ. հոկտեմբերի 26-ին ՀՀ կառավարության որոշմամբ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ շնորհվեց Լեռնային Ղարաբաղից ժամանած փախստականներին՝ նրանց տրամադրելով սոցիալական պաշտպանության հասանելի մեխանիզմներ, առողջապահական, կրթական և հոգեբանական ծառայություններ: Կառավարության ջանքերը և հայ հասարակության շրջանում համերաշխությունը կարևոր դեր են խաղացել փախստականների անհապաղ և միջնաժամկետ կարիքների լուծման գործում: Ազգային բյուջեից արդեն ծախսվել է ավելի քան 160 միլիոն ԱՄՆ դոլար, որը տրամադրվել է բնակարանների, սննդի և այլ առաջնահերթ կարիքների ապահովման նպատակով` ուղղակի դրամական աջակցության և այլ համանման մեխանիզմների միջոցով: Ներկայիս փուլում Կառավարությունը մեկնարկել է երկարաժամկետ բնակարանային ապահովման ծրագիր, ինչպես նաև ձեռնարկում է կոնկրետ քայլեր՝ փախստականների զբաղվածության ապահովման խնդիրները հասցեագրելու ուղղությամբ, որոնց 1/3-ը՝ ուսուցիչներ, բուժաշխատողներ, ձեռներեցներ, արդեն զբաղվածություն են գտել կամ սկսել իրենց սեփական բիզնեսը:
Ի հավելումն վերոնշյալ մարտահրավերներին, 2021թ. և 2022թ. Հայաստանի Հանրապետությունը բախվեց լայնածավալ ռազմական ագրեսիայի և իր ինքնիշխան տարածքների օկուպացիային, որն իր հերթին հանգեցրեց ներքին տեղահանման և սահմանակից շրջաններում ապրող մարդկանց իրավունքների կոպիտ խախտումների։
Երբ վերջնականացվում էր այս զեկույցը, Հայաստանը վերապրեց մեկ այլ՝ աննախադեպ բնապահպանական աղետ. 2024թ. մայիսին Հայաստանի Լոռի և Տավուշ մարզերում սաստիկ հեղեղումների հետևանքով էականորեն տուժեցին 9 քաղաքային և 28 գյուղական համայնքներ, մեծ վնասներ հասցվեց քաղաքացիական ենթակառուցվածքներին։
Պարո’ն նախագահող,
Զարգացում. Չնայած այս բոլոր դժվարություններին, Հայաստանը պահպանեց առաջընթացի և կայուն զարգացման հաստատուն տեմպը։ Ինստիտուցիոնալ առումով Հայաստանի զարգացման հիմնական առաջնահերթությունները ձևակերպվել են Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050թ. ռազմավարության մեջ, որն ուղղված է աղքատության վերացմանը, մթերային անվտանգության, մարդկային զարգացման և շրջակա միջավայրի համար բարենպաստ տնտեսական աճի խթանմանը։
Կարևոր տնտեսական բարեփոխումները, արդյունավետ ֆիսկալ քաղաքականությունը և գնաճի թիրախավորումը նպաստեցին տնտեսության՝ մինչև երկնիշ ՀՆԱ-ով կայուն աճին և երկրի սոցիալ-տնտեսական պատկերի ընդհանուր բարելավմանը: Սա հնարավորություն տվեց կառավարությանը կատարել իր խոստումը՝ ոչ մեկին չթողնել հետևում: Այս համատեքստում, սոցիալական արտակարգ աջակցության համակարգի ստեղծումը կարևոր նախաձեռնություն է եղել: Համակարգը, շարունակելով սոցիալական օգնություն տրամադրել ամենախոցելի խմբերին, նպատակ ունի նրանց հնարավորություն տալ եկամտի ստեղծման միջոցով հասնել ինքնաբավության:
Հայաստանում ընդհանուր գործազրկության մակարդակը 2020-2022 թվականներին նվազել է. 2020 թվականի 18.2 տոկոսից 2022 թվականին այն նվազել է մինչև 13.5 տոկոս, իսկ ազգային աղքատության շեմից ցածր բնակչության տոկոսը 1.1 տոկոսից նվազել է մինչև 0.8 տոկոս՝ հազարավոր մարդկանց դուրս բերելով աղքատության շեմից:
Հայաստանը հանձնառու է կառուցել գիտելիքահեն և ներառական տնտեսություն։ Բարձր կրթություն ստացած և տաղանդավոր բնակչությունը մշտապես եղել է մեր երկրի մրցակցային առավելությունը։ Առաջնորդվելով այս մոտեցմամբ, կրթությանը հատկացված ռեսուրսները վերջին չորս տարում ավելացվել են ավելի քան 25 տոկոսով։
Նպատակ ունենալով ապահովել որակյալ կրթություն՝ Կառավարությունը ներդրել է մասնագետների արժանիքի վրա հիմնված փոխհատուցման սխեման և առաջընթաց է գրանցել մինչև 2026 թվականը 300 դպրոց և 500 նախադպրոցական հաստատություն կառուցելու և վերանորոգելու իր հանձնառության կյանքի կոչման ուղղությամբ։ Դպրոցականների բավարար սնուցումն ապահովելու նպատակով կառավարությունը պետականացրել և Հայաստանի 10 մարզերում հաջողությամբ իրականացնում է «Դպրոցական սնունդ» ծրագիրը։
Հայաստանի կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում ՍՏԵՄ կրթությանը և համապատասխան հարթակներին՝ որպես կապող օղակ դեպի բարձրագույն կրթություն և հետագայում բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն։ Այստեղ ցանկանում եմ ներկայացնել նաև «Ակադեմիական քաղաքի» կառուցման վերջին նշանակալից նախաձեռնությունը, որը կապահովի կրթության, հետազոտության և արդյունաբերության միջև փոխկապակցվածություն և սիներգիա:
Հայաստանը մշակել է կանաչ անցման համապարփակ օրակարգ՝ հավասարապես կենտրոնանալով կլիմայի փոփոխության ազդեցության մեղմացման ջանքերի վրա: Մասնավորապես, 2021 թվականին մեր երկիրն ընդունել է իր 2030 թվականի համար ազգային մակարդակով սահմանված գործողությունները՝ պարտավորվելով մինչև 2030 թվականը 1991 թվականի մակարդակների համեմատությամբ 40%-ով կրճատել ջերմոցային գազերի արտանետումները, ինչպես նաև ավելացնել կանաչ էներգիայի արտադրության բաժինը և այլ դրույթներ։ Փարիզի համաձայնագրի դրույթների իրականացման համակարգման և մոնիտորինգի համար կառավարությունը ստեղծել է միջգերատեսչական համակարգման խորհուրդ։ Երկրի կանաչ անցման հետ կապված մեկ այլ կարևոր նախաձեռնություն է «Կանաչ Հայաստան» հարթակը, որի նպատակն է ապահովել բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն կանաչ անցման հարցում հիմնական զարգացման գործընկերների հետ։
Համաձայն միջազգային միջուկային անվտանգության չափանիշներին՝ երկրի ատոմակայանի ամենամեծ վերանորոգումն ու արդիականացումը նաև կարևոր նշանակություն ունի երկրի ածխածնային չեզոք զարգացման համար։ Բացի այդ, վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումները, որոնց նպատակն է մինչև 2030 թվականն առնվազն երեք անգամ ավելացնել արևային էներգիայի արտադրության բաժինը՝ հասցնելով այն 15%-ի, գտնվում են կառավարության օրակարգում։
Խաղաղություն տանը. Հայաստանի կառավարությունը վճռական է խաղաղության հասնելու իր ջանքերում ինչպես երկրի ներսում, այնպես էլ տարածաշրջանում։ Մենք խորապես հավատում ենք, որ կայուն զարգացման կարելի է հասնել միայն ամուր ժողովրդավարական ինստիտուտների, մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության, արդարության ու հասարակության և տարածաշրջանային խաղաղության ամուր հիմքի վրա:
Հավատալով քաղաքացիների ձայնին և ընտրություններին` որպես ներքին քաղաքական ճգնաժամերի լուծման ամենախաղաղ ու քաղաքակիրթ ճանապարհ, 2021 թվականին Հայաստանի կառավարությունը որոշեց անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, անկախ այն ծայրահեղ անվտանգային մարտահրավերներից, որոնց բախվում էր երկիրը։ Հարկ է նշել, որ այդ ընտրությունները միջազգային բոլոր հեղինակավոր դիտորդական առաքելությունների կողմից կրկին գնահատվեցին որպես լիովին ազատ և արդար։ Այդ ընտրությունները վերահաստատեցին, որ Հայաստանում ժողովրդավարությունն անշրջելի է։
Հիմնվելով ժողովրդի կամքի վրա՝ կառավարությունը շարունակել է կառավարման և դատական համակարգերի խոշոր բարեփոխումները, ժողովրդավարական հաստատությունների և սոցիալական պաշտպանության ամրապնդումը, ինչպես նաև կոռուպցիայի դեմ անզիջում պայքարը. դրանք Հայաստանի առաջնահերթություններից են՝ անկախ արդեն իսկ գրանցված ձեռքբերումներից:
Հայաստանը հետևողականորեն խթանում է կանանց և աղջիկների իրավունքները, նրանց դերի ամրապնդումն ու ակտիվ մասնակցությունը հանրային կյանքի բոլոր ոլորտներում որոշումների կայացման գործընթացներում՝ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ ազգային մակարդակներում: Նշանակալի է, որ կանայք ղեկավար պաշտոններ են զբաղեցնում օրենսդիր և գործադիր մարմիններում՝ ունենալով շարունակաբար աճող ներկայացվածություն անվտանգության և իրավապահ մարմիններում:
Ժողովրդավարական կայունությունը նույնպես կարևոր դեր է խաղացել կառավարության՝ տարածաշրջանում խաղաղության հասնելուն միտված նախաձեռնությունների նկատմամբ հասարակական ամուր աջակցության ապահովման գործում:
Խաղաղություն տարածաշրջանում. Այստեղ կցանկանայի անդրադառնալ եզրափակիչ, բայց իրականում մեր երկրի համար վերջին տարիների ամենակարևոր նախաձեռնությանը՝ միտված մեր տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատմանը:
Հայաստանն անկեղծորեն ներգրավվել է Ադրբեջանի հետ խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի կնքման գործընթացում՝ հիմնվելով միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման սկզբունքի և 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա պետական սահմանի սահմանազատման վրա։ Գործընթացը ներառում է նաև տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակում՝ հիմնված երկրների ինքնիշխանության ու իրավազորության, ինչպես նաև հավասարության ու փոխադարձության սկզբունքների նկատմամբ լիարժեք հարգանքի վրա։
Այս պատկերացմամբ Հայաստանը նախաձեռնել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։ Այս ծրագիրը նպատակ ունի զարգացնել հաղորդակցությունը Հայաստանի և հարևան երկրների միջև՝ այդպիսով տարածաշրջանի հարաբերությունների ամբողջ տրամաբանությունը հակամարտությունից փոխակերպելով դեպի փոխադարձ շահավետ համագործակցություն։
Հայաստանը շարունակաբար ջանքեր է գործադրում Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանների բացման ուղղությամբ, ինչը հաջողության հասնելու պարագայում հասկանալիորեն դրական ազդեցություն կունենա տարածաշրջանի վրա:
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Եզրափակելով՝ կցանկանայի ընդգծել, որ հիմնվելով երրորդ կամավոր զեկույցի արդյունքների վրա՝ Հայաստանը կշարունակի իր ջանքերը կառուցվածքային սահմանափակումները և խոցելիությունը հաղթահարելու ուղղությամբ: Ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության, գենդերային հավասարության առաջմղումը և ամենախոցելի խմբերին հատուկ ուշադրությունը կլինեն մեր ապագա գործողությունների հենասյունը՝ կայուն զարգացման նպատակների իրագործման և 2030 թվականից հետո գործողությունների նախապատրաստման համար:
Շնորհակալություն:»
Հարց Գերմանիայի ներկայացուցչից. «Մեր մեկնաբանությունները և հարցերը նվիրված են կամ ուղղված են Հայաստանին։ Մինչ մենք տպավորված ենք այն հանձնառությամբ, որով Հայաստանը ներգրավվում է ՄԱԿ-ի բազմակողմ գործընթացներում և աջակցում է «կամավոր ազգային զեկույցների» գործընթացին: Մենք շնորհավորում ենք ձեզ այս բազմաբնույթ բարեփոխումների գործընթացի և Հայաստանի ապագան տարածաշրջանային խաղաղության, ժողովրդավարական սկզբունքների և օրենքի գերակայության հիման վրա կերտելու ձեր վճռականության կապակցությամբ։ Գերմանիայի կառավարությունը պատրաստ է շարունակել աջակցել ձեզ այս ճանապարհին:
Կրթությանը վերաբերող գլխում զեկույցը պատշաճորեն անդրադառնում է մասնագիտական վերապատրաստման նոր օրենքին, որը միավորում է սոցիալական ներառականությունը և կրթական հնարավորությունները բնակչության բոլոր շերտերի համար: Վերանայումը շատ հստակ ցույց է տալիս Հայաստանի առաջընթացը էներգիայի արտադրության մեջ վերականգնվող էներգիայի մասնաբաժնի ավելացման և ապակենտրոնացման ու տեղական զարգացման ոլորտում։ Տեղական ժողովրդավարացման գործընթացները և թափանցիկությունը խթանելու ձեր մոտեցումը նպաստում է արդար ազգային զարգացմանը, որը լիովին համահունչ է 2030 թվականի օրակարգին:
Կոնկրետ զեկույցի վերաբերյալ երկու հարց եմ ուզում տալ։ Թեև ձեր նախորդ ազգային զեկույցները կայուն զարգացման յուրաքանչյուր նպատակի համար ունեին առանձին ենթագլուխ, վերջին զեկույցը բաղկացած է երեք ընդհանուր թեմատիկ ոլորտներից՝ կենտրոնանալով տարբեր նպատակների վրա՝ առանց որևէ կոնկրետ ցուցանիշի: Ո՞րն էր այս նոր մոտեցման հիմնավորումը: Մենք ողջունում ենք, որ Հայաստանի զեկույցը նաև ներառում է ապագա մարտահրավերների և գործողությունների վերաբերող գլուխ: Ձեր կարծիքով, որո՞նք են հիմնական ուղերձը, ծավալուն միջոցները, որոնք կարող են արագացնել 2030 թվականի օրակարգի իրականացումը ձեր երկրում:»
Հարց Հունաստանի ներկայացուցչից. «Մեր հարցն ուղղված է Հայաստանի արտաքին գործերի նախարարին և նրա շատ ընդգրկուն ներկայացմանը։ Կլիմայական գործողությունների վերաբերյալ կայուն զարգացման 13-րդ նպատակի իրականացման համատեքստում կան երկրներ, որոնք հատկապես խոցելի են կլիմայի փոփոխության նկատմամբ, հատկապես լեռնային երկրները: Կարո՞ղ եք մանրամասնել Հայաստանի՝ որպես լեռնային էկոհամակարգեր ունեցող երկրի առանձնահատուկ խոցելիությունները, և որո՞նք են ձեր գործողությունները՝ կլիմայի փոփոխությանը հարմարվելու և նոր պաշարների և անբարենպաստ ներմուծումների նկատմամբ կայունության ձևավորման համար: Շնորհակալություն։»
Հարց Հնդկաստանի ներկայացուցչից. «Շնորհակալություն, պարո’ն նախագահ: Հայաստանի դեպքում տպավորիչ է տեսնել, թե ինչպես է առաջընթացը պահպանվել չնայած բազմաթիվ ցնցումների պայմաններին։ Հնդկաստանում մենք փնտրում ենք նոր միջոցներ ժամանակակից աշխարհում աճի ռազմավարության համար և ես ուզում էի հարցնել, թե ինչ միջոցներ է ընտրում Հայաստանը ներդրումներ ներգրավելու համար, հատկապես նոր զարգացող ու նոր տեխնոլոգիաների ոլորտներում:
Հարց ԼԳԲՏ+ քաղաքացիական կազմակերպության ներկայացուցչի կողմից. «Ես Լիլիթ Ավետիսյանն եմ՝ ԼԳԲՏ+ ակտիվիստ Հայաստանից, ով ներկայացնում է տեղական քաղաքացիական հասարակության կազմակերպությունները և կոալիցիաները։ Մենք ողջունում ենք Հայաստանի կառավարության երրորդ զեկույցը և ճանաչում ենք նրա հանձնառությունը հասնելու բոլոր նպատակների իրականացմանը՝ չնայած վերջին տարիների ճգնաժամերին: Մենք հարգում ենք Հայաստանի խաղաղության օրակարգը և ականատես եղանք Հայաստանի փորձերին՝ առաջ մղելու ժողովրդավարական ինստիտուտները և կանաչ անցումը, բայց մենք նաև այստեղ ենք հիշեցնելու այն խմբերի մասին, որոնք լքված են գենդերային բռնության և խտրականության հետևանքով։ Մենք գնահատում ենք պետության բարեփոխումները կրթական համակարգում, սակայն դեռևս ունենք ԼԳԲՏ+ չափահասներ, ովքեր կրթություն ստանալու հնարավորություն չունեն՝ դպրոցում և տանը բռնության և խտրականության պատճառով: Մենք դեռ ունենք սեռական բռնության և բռնության ենթարկվածներ, ովքեր անհարգալից վերաբերմունք են ստանում իրավապահների կողմից, և ում փորձը հրապարակայնորեն անարգվում է պետական կառույցների կողմից: Մենք գնահատում ենք պետության ջանքերը իրավական և դատաիրավական բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ, սակայն դեռևս ունենք խոցելի խմբեր, որոնք բախվում են ատելության հանցագործության և խտրականության՝ սեռական կողմնորոշումների և գենդերային ինքնության պատճառով, որոնք մնացել են առանց հստակ դատարանի որոշումների և չունեն արդարադատության հասանելիություն։ Մենք գնահատում ենք պետության հսկայական ջանքերը ճգնաժամերին արձագանքելու հատկապես տեղահանված մարդկանց համար, բայց մենք նաև ականատես եղանք գենդերային կողմնակալության և խտրականության, որի հետևանքով անտեսվում են կանանց և մարգինալացված համայնքների իրավունքները: Որպես բռնություն և խտրականություն չհանդուրժելու արժեքներին հավատարիմ պետություն՝ որո՞նք են ծրագրված ռազմավարությունները, քաղաքականությունը և կոնկրետ գործողությունները՝ փոխելու անպատժելիության մթնոլորտը և սատարելու գործող իրավական կարգավորումները:»
Հարց Մեքսիկայի ներկայացուցչից. «Շնորհակալություն, պարոն նախագահ: Մեքսիկան շնորհավորում է երկու երկրներին իրենց զեկույցների կապակցությամբ։ Մեր հարցը վերաբերում է Հայաստանին գենդերային հավասարության մասով, քանի որ կայուն զարգացման նպատակների վերաբերյալ գլխավոր քարտուղարի զեկույցը ցույց է տալիս, որ նպատակային հինգ ցուցանիշների միայն 15.4 տոկոսն է գոհացուցիչ, և կանայք շարունակում են անհամաչափորեն տուժել բազմաթիվ ճգնաժամերից և անհամաչափ ներկայացված են որոշումների կայացման մակարդակներում: Կարո՞ղ եք կիսվել Հայաստանի փորձով` նպաստելու հանրային կյանքի բոլոր ոլորտներում, այդ թվում՝ որոշումների կայացման գործընթացում կանանց հավասար և բովանդակալից մասնակցությանը։
Հարց Լիբանանի ներկայացուցչից. «Լիբանանը ցանկանում է շնորհավորել Հայաստանին և Նեպալին զեկույցի ներկայացման հաջողության համար, որն ընդգծում է կայուն զարգացման նպատակներին հասնելու նրանց հանձնառությունը: Ուզում եմ մեկ հարց ուղղել Հայաստանին․ Ինչպես նշված է Ձեր զեկույցում, կրթությունը մարդկային զարգացման նախապայման է։ Որո՞նք են Հայաստանի կառավարության ձեռնարկած քաղաքականությունը՝ ապահովելու որակյալ և ներառական կրթություն բոլորին, մասնավորապես կանանց և աղջիկների, փախստականների, հաշմանդամություն ունեցող անձանց և հասարակության այլ խոցելի շերտերի համար, ինչպես նաև նրանց ընձեռելու աշխատաշուկայի համար համապատասխան հմտություններ ձեռք բերելու և վերապատրաստման հնարավորությունները:»
Հարց Ուզբեկստանի ներկայացուցչից. «Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանին և Նեպալին իրենց կամավոր ազգային զեկույցների ներկայացման համար: Մենք ցանկանում ենք գնահատել կանանց և աղջիկների դերի ամրապնդման, աղքատության վերացման և արևային էներգիայի մասնաբաժնի ավելացման միջոցով վերականգնվող էներգիայի ներդրման ուղղությամբ երկու երկրների ջանքերը: Հարցս ուզում եմ ուղղել Հայաստանի մեծարգո նախարարին։ Համաշխարհային շուկաներ մուտքը միշտ դժվար է եղել դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների համար՝ նրանց կառուցվածքային խոցելիության պատճառով։ Սա կարող է ազդել ձեր 2030 թվականի օրակարգի վրա: Ի՞նչ միջոցներ է ձեռնարկում Հայաստանը՝ որպես դեպի ծով ելք չունեցող զարգացող երկիր՝ հաղթահարելու այս մարտահրավերները և զարգացնելու արդյունավետ ենթակառուցվածքներ և կապի միջոցներ: Շնորհակալություն։»
ՀՀ ԱԳ նախարարի պատասխանը. «Շատ շնորհակալ եմ, հարգելի’ նախագահ։ Հարգելի’ գործընկերներ, շատ շնորհակալ եմ ձեր հարցերի և հետաքրքրության համար։ Իրոք, այս քնարկումները կարող են միայն խրախուսել Հայաստանի Հանրապետությանն ավելի համարձակ քայլեր ձեռնարկել կայուն զարգացման նպատակներին հասնելու համար, և մենք միայն ուրախ ենք տեսնել, որ այն քայլերը, որոնք արդեն արվել են մեր կառավարության և Հայաստանում իմ գործընկերների կողմից, շոշափելի են ու արդյունավետ և տեսանելի են նաև մեր միջազգային գործընկերների համար: Հավատացեք, սա շատ կարևոր է մեզ համար։
Իհարկե, հասկանալի է, որ հիմա չեմ կարող ձեր հարցերին շատ խորն ու մանրամասն պատասխաններ տալ, բայց մենք կապահովենք, որպեսզի պատշաճ պատասխանները ձեզ տրամադրվեն։ Այժմ ես կանեմ ամեն ինչ, որպեսզի հատկացված սեղմ ժամանակում ձեզ ներկայացնեմ ամփոփ պատկերը:
Ուրեմն, ինչո՞ւ բաժանել կամ ինչո՞ւ հիմնվելով 3 բաղադրիչի վրա: Արձագանքելով Գերմանիայի ներկայացուցչին՝ նշեմ, որ պատասխանը շատ պարզ է. մենք պարզապես փորձել ենք լինել ավելի նորարար և հաշվի առնելով նաև մարտահրավերները, կոնկրետ հանգամանքները, որ ստեղծվել են Հայաստանում, ինչպես նաև մեր կողմից ձեռնարկված քայլերը։ Մենք ճիշտ համարեցինք կայուն զարգացման նպատակները և կառավարության ձեռնարկած քայլերը համատեղել այս 3 կոնկրետ խմբերում։ Հուսով եմ, որ այս փորձը հաջող էր և արդարացված։
Ներդրումների և տնտեսության մասով. իմ զեկույցում ես մի քանի րոպե առաջ արդեն խոսել եմ տնտեսական խոշոր բարեփոխումների, հարկաբյուջետային քաղաքականության, գնաճի թիրախավորման և մի քանի այլ քայլերի մասին։ Այն, ինչ կցանկանայի ավելացնել, օրինակ՝ կոռուպցիայի դեմ անզիջում պայքարն է, արհեստական մենաշնորհի վերացումը, որն, իհարկե, իմ երկրում բիզնեսի համար ստեղծում է ազատ և մրցակցային միջավայր։ Արդարադատության բարեփոխումները և դատական համակարգի անկախությունը մեկ այլ բաղադրիչ են այս գործընթացում, առանցքային բաղադրիչ է, որը լրացուցիչ վստահություն է հաղորդում գործարարներին և ներդրողներին։ Ուրեմն, Հայաստանում ունենք բոլոր անհրաժեշտ բաղադրիչները, անհրաժեշտ միջավայրը։ Եվ եթե, օրինակ, գործընկերներից որևէ մեկը որոշի հեռանալ պետական ծառայությունից կամ որոշակի լրացուցիչ գումար ունի և փնտրում է համապատասխամ երկիր ներդրումներ կատարելու համար, ապա Հայաստանը ճիշտ ընտրություն է: Մեր կողմից ամեն ինչ երաշխավորված է։ Անհրաժեշտ է միյան, ձեր սեփական գումարն ու ստեղծագործական գաղափարները։ Բայց սա էլ դեռ ամենը չէ: Կան տնտեսության ոլորտներ որոնք կառավարությունը սուբսիդավորում է, օրինակ՝ բանկային վարկերի տոկոսները, կամ տրամադրում է աջակցություն, օրինակ՝ գյուղատնտեսության, ինչպես նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտներում։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության համար մենք զգալի հարկային արտոնություններ ենք տրամադրում: Բացի այդ, ուզում եմ ընդգծել ճանապարհային ենթակառուցվածքները, որոնք ներկա պահին կառուցվում են Հայաստանում։ Վերջին 3-4 տարիների ընթացքում մենք կառուցել ենք գրեթե 2000 կիլոմետր բարձրորակ ճանապարհ։ Եվ նաև, ինչպես դուք լսեցիք, մենք փորձում ենք խաղաղություն ու ներդաշնակություն հաստատել տարածաշրջանում՝ կարգավորելով հարաբերություններն Ադրբեջանի և Թուրքիայի հետ: Այսպիսով, խճանկարի բոլոր կտորներն առկա են։»