ՄԻՊ-ը չհայտարարված այց է կատարել «Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոն
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու աշխատակազմի ներկայացուցիչները հունիսի 18-ին չհայտարարված մշտադիտարկման այց են կատարել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոն ՊՈԱԿ:
Նպատակն էր տեղում ծանոթանալ հաստատության շահառուների առօրյային և իրավունքների իրացմանը վերաբերելի խնդիրներին:
Անահիտ Մանասյանը կենտրոնի տնօրեն Արթուր Մելքոնյանի ուղեկցությամբ շրջայց է իրականացրել տարածքով, ծանոթացել շահառուների կենցաղային և սանիտարահիգիենիկ պայմաններին, նրանց տրամադրվող սննդին, բժշկական օգնության կազմակերպմանը և այլն։
Անձնազրույցներ են տեղի ունեցել հաստատությունում խնամք ստացող անձանց, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և ներկայում հաստատությունում բնակվող անձանց հետ: Պաշտպանը ծանոթացել է նաև ՊՈԱԿ-ի անձնակազմի աշխատանքային պայմաններին։
Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ խնամքի կենտրոնների շահառուների իրավունքների պաշտպանությունն իր գործունեության կարևոր ուղղություններից է։ Խնդիրները գտնվում են անձամբ իր ուշադրության ներքո։
Այցի արդյունքները կամփոփվեն և արձանագրված խնդիրները կհասցեագրվեն իրավասու մարմիններին։ Չհայտարարված այցերը կրում են շարունակական բնույթ։