Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
Հունիսի 12-ին Ազգային ժողովը շարունակել է Կառավարության հեղինակած «Ոստիկանության գվարդիայի մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը:
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթում խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն անդրադարձել է ներկայում ոստիկանության կողմից հավաքների խաղաղ բնույթը չհիմնավորված, ոչ իրավաչափորեն միջամտելու դեպքերին, հասարակական կարգը պահպանելիս ոստիկանության ծառայողների կողմից համազգեստ եւ տարբերանշան կրելուն, ինչը, ըստ խմբակցության քարտուղարի, չի պահպանվում:
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը, խոսելով ոստիկանության ծառայության տարբեր ձեւերի մասին, ներկայացրել է բացահայտ եւ գաղտնի ծառայությունների աշխատակարգն ու սկզբունքները:
Եզրափակիչ ելույթում ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով շահագրգիռ քննարկման համար, ներկայացրել է պարզաբանումներ օրենսդրական փաթեթի վերաբերյալ:
Ազգային ժողովը քվեարկություններով ընդունել է այս, ինչպես նաեւ երեկ քննարկված օրենսդրական նախաձեռնությունները: