Նոր կարգավորումները միտված են ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանը
Օրենսդրական փաթեթով առաջարկվող կարգավորումները վերաբերում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների իրավունքների իրացմանը:
2023 թվականի նոյեմբերի 22-ին ընդունված օրենքով սահմանված ժամկետում դիմում ներկայացնելու եւ իրավաբանական անձի գրանցումը նաեւ ՀՀ-ում ճանաչելու հնարավորություն էր տրվում: Նախանշված ժամկետը 2023 թվականի հունվարի 31-ն էր: Առաջարկվում է այդ ժամկետը երկարաձգել մինչեւ 2024 թվականի դեկտեմբերի 1-ը՝ վերագրանցվելու համար դիմելու հնարավորություն տալով անհատ ձեռնարկատերերին, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց:
Հաջորդ փոփոխությամբ էլ հնարավորություն է տրվում ԼՂ կենսաթոշակային ֆոնդում ձեռավորված կենսաթոշակային հնարավորությունները տեղափոխել ՀՀ-ում գործող կենսաթոշակային ֆոնդեր:
Վերոնշյալ փոփոխություններն առաջարկվում են կատարել «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» եւ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքներում:
Նոր կարգավորումներն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը, նշել, որ փաթեթը մանրամասն քննարկվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ:
Հարակից զեկույցում պատգամավոր Լիլիթ Մինասյանն առաջարկել է դրական եզրակացություն ներկայացնել փաթեթի վերաբերյալ:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը եւս պարզաբանումներ է ներկայացրել փաթեթի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ, հստակեցրել, որ անհատական հաշիվներում առկա միջոցները երեք ամսվա ընթացքում տեղափոխելու համար դիմելու հնարավորություն կընձեռվի մեր հայրենակիցներին, եթե այդ ընթացքում չդիմեն, ապա դրանք կտեղափոխվեն ինքնաշխատ եղանակով:
Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: