26.11.2024
Առաջարկվում է կիբեռհանցավորության դեմ պայքարի համատեքստում օրենսդրական հիմքեր ձեւավորել
prev Նախորդ նորություն

ՆԳՆ կազմում փորձաքրեագիտական վարչության առկայությունը այլևս նպատակահարմար չէ

ՀՀ ներքին գործերի նախարարությունը դեռ տասնամյակներ առաջ իր կազմում ձեւավորել է փորձաքրեագիտական վարչություն, որն այսօր էլ գործում է: Վարչության ձեւավորման նպատակն է եղել աջակցել նախաքննությանը եւ հետաքննությանը: Քրեական դատավարության օրենսդրության զարգացման պայմաններում Ներքին գործերի նախարարությունն այլեւս չի իրականացնում վերոնշյալ երկու գործառույթները: Նման պայմաններում նպատակահարմար չի համարվել նախարարության կազմում փորձաքրեագիտական վարչության առկայությունը: Այս մասին ասել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը:


Զեկուցողի տեղեկացմամբ ՆԳՆ քննչական ծառայությունը եւ հետաքննչական գործառույթը մեծամասամբ փոխանցվել են Քննչական կոմիտեին: Ըստ Արսեն Այվազյանի` այս հանգամանքով պայմանավորված` իրենք դիմել են Կառավարությանը` փորձաքրեագիտական գործառույթով օժտել Քննչական կոմիտեին:


Նշվել է, որ Կառավարության 2024 թվականի մայիսի 2-ի որոշմամբ Քննչական կոմիտեում արդեն ձեւավորվել է փորձաքրեագիտական վարչություն: «Ներկայացված օրենսդրական նախաձեռնությամբ փորձել ենք ապահովել Ներքին գործերի նախարարության կազմում այս պահին դեռեւս գործող փորձաքրեագիտական վարչության աշխատակիցների սոցիալական երաշխիքները»,- ընդգծել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալը եւ հավելել, որ նախատեսվում է պրոֆեսիոնալ կադրերին տեղափոխել Քննչական կոմիտեում ձեւավորված փորձաքրեագիտական վարչություն:


«Եթե այս պահին ՆԳՆ կազմում նրանց աշխատավարձն ավելի բարձր կլինի, քան նորաստեղծ փորձաքրեագիտական վարչությունում առաջարկվելիք աշխատավարձը, ապա այս նախաձեռնությամբ ամրագրում ենք, որ կպահպանվի վերջիններիս` ՆԳՆ-ում այս պահին ստացած բարձր աշխատավարձը»,- մանրամասնել է զեկուցողը:


Անդրադառնալով նախատեսվող հաջորդ երաշխիքին` Արսեն Այվազյանը նշել է. «Նրանք, ովքեր ունեն 15 տարվա զինծառայության ստաժ, մենք ասում ենք` եթե դուք տեղափոխվեք եւ շարունակեք ծառայությունը, հետագա 5 տարին ձեզ համար կհամարվի զինծառայության երաշխավորված տարիներ»:


ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալի խոսքով նախաձեռնությամբ առաջարկվող երաշխիքների չապահովման դեպքում տասնամյակների մասնագիտական աշխատանքային փորձ ունեցող անձինք կխուսափեն նորաստեղծ վարչություն տեղափոխվելուց:


Պատասխանելով պատգամավորների հարցերին` զեկուցողը փաստել է` այսօր Քննչական կոմիտեում աշխատանքը դարձել է գրավիչ: Կարեւորվել է ոլորտում ճիշտ կադրային քաղաքականության իրականացումը:


Հարակից զեկուցող, պատգամավոր Լիլիթ Մինասյանն առաջարկել է կողմ քվեարկել փորձաքրեագիտական աշխատանք իրականացնող մասնագետների սոցիալական երաշխիքների ապահովմանն առնչվող օրենդրական նախաձեռնությանը:


«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 7-ի նիստում, ստացել դրական եզրակացություն: