22.11.2024
Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն այցելել է Սարդարապատի հուշահամալիր
prev Նախորդ նորություն

Հանրապետությունը ժողովրդի մասին է, ոչ իրեն վերնախավ համարող մեկուսացած խմբերի․ Փաշինյան

Սարդարապատի հուշահամալիրում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ելույթով՝ նշելով, որ մայիսի 28 տոն է, որ խորհրդանշում էմեր ժողովրդի 400-ամյա երազանքի՝ պետականության ստեղծման ի կատար ածումը:


«Սա մի տոն է, որ խորհրդանշում է հայ ժողովրդի ժողովրդական զանգվածների սեփական ճակատագիրը որոշելու դե յուրե իրավունքը, սեփական երկրում բարձրագույն իշխանություն լինելու հանգամանքը, որը մեր հազարմա պատմության ընթացքում նրան տրվել էր առաջին անգամ:


1918-ի մայիսի 28-ին մենք առաջին անգամ ունեցանք Հայաստանի Հանրապետություն անունով պետություն: Այդ պետությունը, սակայն, որքան էլ երազած, երկար կյանք չունեցավ: Ընդամենը 2 տարի եւ դրա պատճառներից մեկը, թերեւս այն էր, որ երբ ասում ենք՝ հայ ժողովրդի երազանք, հաճախ նկատի ենք ունենում իրենց վերնախավ համարող խմբերի երազանքները: Երբ ասում ենք՝ ժողովրդի իշխանություն, հաճախ նկատի ենք ունենում իրենց վերնախավ համարող խմբերի իշխանությունը: Երբեմն, նույնիսկ հաճախ ժողովրդին կառավարվող եւ թելադրվող զանգվածի դեր է վերապահվում, հնազանդ պհատակի դերակատարում:


Բայց հանրապետությունը ժողովրդի մասին է, Հանրապետությունն այն պետական միավորումն է, որ ստեղծվում է ներքեւից՝ անհատի քաղաքացի դառնալու ճանապարհով, գյուղացու, աշխատավորի բոլորին հավասար իշխանություն դառնալու ճանապարհով:


Հանրապետությունը պետք է կերտվի ժողովրդի, անհատի, քաղաքացու, եւ ոչ թե իրեն վերնախավ համարող մեկուսացած խմբերի երազանքներին եւ պատկերացումներին համահունչ: Որ չստացվի այնպես, որ ժողովուրդը գտնվի Հայաստանում, բայց երազի մեկ այլ տեղում, մեկ այլ երկրում ապրելու մասին, ինչպես երկար տարիներ պատահել է մեր հանրապետությունների հետ:


Մեր խնդիրն, ըստ այդմ, մեր հանրապետությունը մեր ժողովրդի երազանքներին համապատասխանեցնելն է, ոչ թե կենացների, ոչ թե իրեն վերնախավ համարող մեկուսացած խմբերի կողմից թելադրվող շինծու տեքստերին, այլ քաղաքացու, իրական մարդու, իրական ժողովրդի կարիքներին, նպատակներին համապատասխանեցնելը»,- ասաց նա։


Փաշինյանը շարունակեց. «Ի՞նչ է ուզում մարդը, ինչ է ուզում քաղաքացին, մարդն ուզում է ապրել, եւ ոչ տառապել: Մարդն ուզում է վայելել կյանքը, եւ ոչ թե ճգնել: Մարդը ուզում է սիրել եւ սիրված լինել: Մարդն ուզում է լինել ազատ, բարեկեցիկ, կենսուրախ ու երջանիկ: Մարդն ուզում է ապրել խաղաղ, արդար եւ արժանապատիվ միջավայրում, եւ այդ նպատակին պետք է ծառայի պետությունը, Հայաստանի Հանրապետությունը, որը մարդու պետությունն է եւ պետք է ծառայի մարդուն:


Բայց սա մի նպատակ է, որ հեշտ չի տրվում, այն անցնում է փշերի ու որոգայթների, ծանր ու դժվար որոշումների, հիասթափությունների ու չհասկացվածության միջով, բայց դա ուղիղ ճանապարհ է, ու մենք անցնում ենք այդ ճանապարհը, ու մենք հասնելու ենք մեր ավետյաց երկրին, մեր ավետյաց հանրապետությանը:


Կեցցե Հայաստանի ժողովուրդը, կեցցե Հայաստանի քաղաքացին, կեցցե ժողովրդի իշխանությունը: Փառք նահատակներին, որոնք ընկել են ոչ թե հանուն մահվան, այլ հանուն կյանքի, եւ պետք է ապրի ազատ, արդար, բարեկեցիկ, խաղաղ ու երջանիկ պիտի ապրի ժողովրդի պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը:


Կեցցե Հայաստանի Հանրապետությունը»։