Բագրատ սրբազանը շարունակում է հանդիպումներ հասարակության տարբեր խմբերի ներկայացուցիչների հետ: Այսօր նրա հանդիպումը հայրենադարձների հետ է:
Իր խոսքի սկզբում նա նշեց, որ այս շարժումը աղաղակ է, ճիչ է և այդ ճիչն արձագանք է գտել։
"Սա տարիներով ձևավորված անհրաժեշտություն չէ, այլ գործընթաց է, որը ծնվել է Արցախի հանձնումից, մեր հայրենիքը կտոր-կտոր փշրելուց հետո",- ասաց նա։
Բագրատ Սրբազանի խոսքով, իրենք ասում են՝ թող լինի սահմանազատման ու սահմանագծման գործընթաց, թող լինի խաղաղություն, բայց օրենքով լինի։
"Փաշինյանը գնաց Ոսկեպար ու Կիրանց, գործընթացի ողջ պատասխանատվությունը թողեց բնակիչների վրա: Բայց մենք կրկնում ենք՝ սա միայն Տավուշի հարցը չէ, խնդիրը չէ, սա ամբողջ Հայաստանի խնդիրն է",- ասաց նա: Ապա ավելացրեց՝ ինչո՞ւ իշխանությունը այս գործընթացի ընթացքում չի բարձրացնում թշնամու կողմից երկու տարի առաջ գրավված հողերի հարցը, բայց խոսում է 90-ականների տարածքներից.
"Քանդում են երկրի ամենապաշտպանված բնագիծը: Ալիևն ասում է՝ մեր մի պահանջով 4 գյուղ հետ բերեցինք, և ինչ ասում ենք, դա էլ պետք է լինի։ Այսքան ստորացումն ո՞ւմ հաշվին է արվում, դուք այսպիսի՞ հայրենիք, այսպիսի՞ պետականութուն եք երազել",- շեշտեց նա։
Բագրատ սրբազանի խոսքով, այն, որ իշխանությունը հայտարարում է, թե ռիսկերի նվազեցում է լինելու սահմանազատման արդյունքում, դա ինչի՞ մասին է, եթե առաջ 20 փամփուշտ էին կրակում, հիմա 10-ն են կրակելո՞ւ:
"Ժամանակին թելադրողի դերում էինք, հիմա հայտնվել ենք խնդրողի դերում, ինչը մեծ վտանգ է ոչ միայն Հայաստանի, այլև այն հայերի համար, որոնք ապրում ենք այլ միջավայրում։ Կանգնած ենք ինքնության կորստի առաջ։ Այն երազը, որ ունեինք պետություն, հայրենիք ունենալու մասին, խլված է մեզանից։ Այս շարժման նպատակն է վերադարձնել այդ երազներն ու իղձերը",- հավելեց նա: