24.11.2024
Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է
prev Նախորդ նորություն

Սյունիքում մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար հատկացվել է 12 մլն եվրո

Կառավարությունն մայիսի 8-ի նիստում հավնություն տվեց Հայաստանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջև «Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոն» դրամաշնորհային համաձայնագրին՝ 2 մլն եվրո արժողությամբ եւ 10 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագրին:


Դրամաշնորհը տրամադրվելու է ՎԶԵԲ բաժնետերերի հատուկ հիմնադրամից:


Ծրագրի նպատակն է Սյունիքի մարզի Շաքի գյուղի մոտակայքում (Սիսիանից 7 կմ հեռավորության վրա՝ Հյուսիս-հարավ ավտոմոբիլային միջանցքին հարող տարածքում) գտնվող 7.7 հա հողատարածքում մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցումը, դրա տեխնիկական ապահովումն ու Ծրագրի իրականացման աջակցության խորհրդատվական ծառայությունների մատուցումը: Ծրագրի իրականացման համար ՎԶԵԲ-ից ներգրավվելու են վարկային միջոցներ՝ 10 մլն եվրոյի չափով:


Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել վարչական շենք՝ տանիքում արևային էներգակայանով: Կենտրոնի տարածքում լինելու են մուտքի և ելքի ուղղությամբ տրանսպորտի մանրամասն զննման, մաքսային ձևակերպումների, բեռնատար տրանսպորտի ռենտգենային զննման մասնաշենքեր, մարդատար տրանսպորտի ռենտգենյան զննման հարթակ և այլ ենթակառուցվածքներ:


Մուտքի և ելքի ուղղությամբ նախատեսված են 5 ուղեգիծ և 2 կշեռք՝ 100 տոննա կշռողությամբ: Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, ռենտգենաճառագայթային սարքավորումներով մարդատար տրանսպորտի, ձեռքի ուղեբեռի և փոքրածավալ բեռների զննման համար, մարդկանց սկանավորման ռենտգենաճառագայթային սարքավորումով եւ այլն:


Առաջնահերթություն է ՀՀ Սյունիքի մարզում այսպիսի կենտրոնի ստեղծումը, քանի որ մարզում թեև գործում են թվով երկու ժամանակավոր պահպանության պահեստներ, սակայն դրանք չունեն բավարար թե՛ տարածքային, թե՛ շենքային պայմաններ: