24.11.2024
«Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորեն համադրվել ենթակառուցվածքային ծրագրերին
prev Նախորդ նորություն

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների համար նախատեսված հատկացումները կբաշխվեն ըստ մարզերի

Կառավարությունը չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունել է որոշում, որի համաձայն ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների համար նախատեսված հատկացումները կբաշխվեն ըստ մարզերի: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է որոշմանը և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանից հետաքրքրվել որոշման մանրամասների մասին:


ԿԳՄՍ նախարարը նշել է. «Մենք նախորդ տարի հոկտեմբերին սահմանել էինք, որ ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները կարող են արտամրցութային կարգով ներգրավվել մեր մարզային դպրոցներում և իրենց ուսուցչական աշխատանքը շարունակել առանց մրցույթի՝ ընդունվելով աշխատանքի և ստանալով աշխատավարձի 30 տոկոս հավելավճար երկու տարվա ընթացքում, իսկ Սյունիքի, Վայոց ձորի մարզերում, Գեղարքունիքի և Տավուշի որոշ խոշորացված համայնքներում՝ նաև ամսական 50 հազար դրամ՝ բացի 30 տոկոս հավելավճարից:


Այս նախագծով մենք արդեն բաշխում ենք անհրաժեշտ միջոցներն ըստ մարզերի: Պետք է ասեմ, որ բավականին մեծ հետաքրքրություն կա ուսուցիչների կողմից: Այս պահի դրությամբ մենք ունենք արդեն 330 ուսուցիչ, և դիմումների թիվը գնալով ավելանում է: Ու նաև դա է պատճառը, որ մենք զուգահեռ այլ նախագիծ ենք շրջանառում, որով դիմելու ժամկետը կերկարացնենք, այսինքն՝ ուսուցիչները կունենան հավելյալ հնարավորություն՝ դիմելու և այս ընթացակարգով աշխատանքի անցնելու: Եվ պիտի ասեմ, որ արդեն մեր համակարգում աշխատում է ավելի քան 500 ուսուցիչ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված: Նրանց մի մասը ոչ այս կարգով է աշխատանքի անցել, նրանք այն ուսուցիչներն են, որոնք հիմնականում Երևանի դպրոցներում են աշխատանքի անցել կամ ուղղակի մասնակցել են մրցույթների, բայց մենք տեսնում ենք, որ այն պահից, որ երբ մարդիկ ավելի երկարաժամկետ կողմնորոշված են իրենց բնակավայրի հարցում, արդեն նաև շատ ավելի մեծ պատրաստակամությամբ այս ծրագրից են օգտվում»:


Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է նաև ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաններին հանրակրթության ոլորտում ներգրավելու գործընթացից, ինչին ի պատասխան Ժաննա Անդրեասյանը վստահեցրել է, որ այդ երեխաները տեղավորվել են դպրոցներում.


«Հիմա մենք մարզերից ստացվող հատուկենտ ահազանգերով տեսնում ենք, որ հիմնականում կրթությունից դուրս մնացած կարող են լինել այն երեխաները, որոնց ընտանիքները բնակության մի քանի վայր են փոխել: Եվ նման մի քանի դեպքեր ունեցել ենք, երբ հայտնում են, որ հիմա այս բնակավայրում ենք և երեխան պետք է դպրոց գնա, մարզերի հետ արագ ու օպերատիվ աշխատում ենք և այդ հարցը լուծում»: