24.11.2024
Ժողովուրդը շշպռել է եվրոդիտորդներին․ ՄԱՄՈՒԼ
prev Նախորդ նորություն

Ազգային արժանապատվության տրիբունալը անհանգստություն է առաջացրել Փաշինյանի և իր թիմի մոտ

Մի քանի ամիս ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հայտարարեց քաղաքականություն մտնելու մասին: Օրակարգը մեկն է՝ հեռացնել իշխանությունից Նիկոլ Փաշինյանի վարչախումբը, որը տանում է երկիրը կործանման:


Արշակ Կարապետյանն այս ամիսների ընթացքում բազմաթիվ հայտարարություններով է հանդես եկել և ահա վերջինը լուրջ անհանգստություն է առաջացրել ՔՊ-ականների շրջանում: Մասնավորապես, նրանք անհանգստացած են պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի առաջարկից՝ ստեղծել ազգային արժանապատվության տրիբունալ, որը պետք է արդարադատություն իրականացնի Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության ներկայացուցիչների նկատմամբ:


Ինչո՞ւ են անհանգստացած: Եթե իրենք ներկայացնում են, թե ազնիվ են, հայրենասեր ու չեն խախտել երկրի օրենքները (ինչն անշուշտ այդպես չէ և օրինակներն ուղղակի բազմաթիվ են), առավել ևս չեն դավաճանել ազգային պետական շահերը,  բայց գործել են ճիշտ հակառակ տրամաբանությամբ, ապա մտահոգվելու և սարսափելու պատճառ իսկապես կա, և բոլոր փորձերը խուսափելու արդարադատությունից անիմաստ են ու սին։

Ի՞նչ է ենթադրում Ազգային արժանապատվության տրիբունալը: Սա, ըստ էության, համահայկական, համազգային դատավարության առաջարկ է, որտեղ մեղադրողի դերում հանդես է գալիս ոչ թե պետական մեղադրող քննիչը կամ դատախազը, այլ ամբողջ հայությունը՝ Հայաստանում և նրա սահմաններից դուրս բնակվող, որովհետև Փաշինյանն ու իր վարչախումբը գործել են ոչ թե մեկ անձի կամ խմբի, այլ մի ամբողջ ազգի և պետության դեմ։ Այդ տրիբունալին պետք է մասնակցություն ունենան ոչ միայն կուսակցությունների կամ ՀԿ-ների ներկայացուցիչներ, այլև Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հարազատները, հայրենիքից զրկված արցախցիները, թշնամու նշանառության տակ հայտնված սահմանամերձ գյուղերի բնակիչները, Հայաստանում ոչ ցանկալի անձ ճանաչված սփյուռքահայերը, Փաշինյանի խոստումներին միամտաբար հավատացած և խաբված մեր միլիոնավոր հայրենակիցները։ Կարճ ասած՝ մենք բոլորս:

Կասկածից վեր է, որ այդ կազմով ձևավորված տրիբունալը չի կարող ոչ մի պարագայում արդարացնել Փաշինյանին ու յուրայիններին, որը նույնիսկ այսքան աղետից ու ողբերգությունից հետո շարունակում է ծառայել նրա իշխանությանը, շարունակում է արդարացնել Փաշինյանի ամեն հակահայ որոում: Փաշինյանը չունի որևէ արդարացում և իր կատարածի հիմնավորում և սա այն դեպքն է, երբ մեղադրողները միլիանավոր են և հնարավոր չէ ազատվել մի ամբողջ ազգի արդար դատից։

Այո՛, ազգային արժանապատվության տրիբունալը կարող է գործել և արդյունավետ քննել Փաշինյանի և նրա իշխանության գործունեությունը, բայց միայն այն դեպքում, երբ վերջինս կզրկվի իշխանությունից։ Այսօր էլ Փաշինյանին ուղղված մեղադրանքների պակաս չկա, այդ մեղադրանքները որևէ կասկած չեն թողնում, որ դրանց հեղինակը պետք է պատասխանատվություն կրի, բայց, ունենալով իշխանություն, տիրապետելով լծակների, Փաշինյանը կարողանում է արդարացնել ինքն իրեն, կարողանում է խուսափել արդարադատությունից։ Հետևապես, ադյունավետ արդարադատություն իրականացնելու համար՝ անհրաժեշտ է պաշտոնազրկել Փաշինյանին, նրան և նրա վարչախմբի ներկայացուցիչներին հեռացնել իշխանությունից, որովհետև հիմա դատողի ու դատապարտողի, բռնողի ու մեղադրողի դերում իրենք են։

«Համահայկական ճակատ» շարժումը՝ Արշակ Կարապետյանի գլխավորությամբ, պետք է իրականացնի իր առջև դրված ամենակարևոր խնդրի իրականացումը՝ իշխանափոխություն։ Եվ «Համահայկական ճակատ» շարժմանը միացած բոլոր ուժերի և անհատների հիմնական խնդիրը պետք է լինի ամենօրյա աշխատանքի ու պայքարի միջոցով դա իրականություն դարձնելը, մարդկանց այս անգամ էլ հուսախաբ չանելը: