VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․Հայաստանի իշխանությունների հակառուսական քայլերը տագնապ են առաջացրել գործարար շրջանակներում: Եվ անգամ իշխանական ու իշխանամերձ գործարարներն այս ամենից լավ հոտ չեն առնում։ Մեզ ասացին, որ այս շրջանակն արդեն Մոսկվայից ուղերձներ է ստացել, որ առաջիկայում պատժամիջոցներ են կիրառվելու Նիկոլ Փաշինյանին մոտ կանգնած գործարարների նկատմամբ: Ասենք, բացի Լարսում քաշքշուկներից ու արգելքներից, նրանց արտադրանքի առաջ փակելու են ռուսական շուկան, հարկային եւ այլ միջոցներ են ձեռնարկելու՝ ցույց տալով, թե ինչի կարող է հասցնել Ռուսաստանից հրաժարվելը։ Ռուսաստանի իշխանությունները սպասում են բրյուսելյան հանդիպմանը, որից հետո այդ քայլերը գործնական տեսք կստանան, երբ պարզ դառնա ՀՀ իշխանությունների ընտրությունը։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Օրերս հայտնի դարձավ, որ Արցախի հայաթափումից հետո Ստեփանակերտում մնացած Սարգիս Գալստյանը կնոջ հետ Հայաստան տեղափոխվելիս ձերբակալվել է, ապա կալանավորվել` լրտեսության մեղադրանքով։ Թե ինչու է Գալստյանը որոշել Արցախը դատարկվելուց միայն յոթ ամիս անց վերադառնալ Հայաստան, հարազատներին մանրամասներ հայտնի չեն։ Մեզ պատմեցին, որ ի սկզբանե Սարգիս Գալստյանին եւ կնոջը հարազատները խնդրել-հորդորել են՝ չմնալ Արցախում, հետագայում էլ շարունակ հորդորել են` հեռանալ, սակայն նա մշտապես հույս է հայտնել, որ բռնի տեղահանված արցախցիները ռուսական կողմի միջնորդությամբ վաղ թե ուշ կվերադառնան Արցախ, իսկ այդ դեպքում ինքն արդեն որոշակի կարգավիճակ կունենա Արցախում՝ իբրեւ Արցախը չլքած, եւ կարող է ինչ-որ դերակատարում ստանձնել։ Թերեւս 7 ամիս անց համոզվել է, որ վերադարձ չկա, ուստի որոշել է տեղափոխվել:
Ամուսինները, որ այս ամիսներին Արցախում բնակվում էին Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի տանը, ում հետ քավոր-սանիկական կապեր ունեն, վերջին ամիսներին հարազատների հետ հաղորդակցության խնդիր են ունեցել: Վերջին անգամ մեկ ամիս առաջ են կապ հաստատել՝ հայտնելով, որ ինտերնետ կապի խնդիր կա Ստեփանակերտում: Բայց հարազատների համար էլ է անսպասելի եղել, երբ իմացել են, որ Գալստյանը սահմանն անցել է եւ Հայաստանում կալանավորվել։ Ի դեպ, արցախցիների շրջանում կան խոսակցություններ, որ այնտեղ մնացած հատուկենտ հայերին ադրբեջանցիները լավ չեն վերաբերվում՝ ծաղրում են, սադրում։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակը Չարենցի փողոցից տեղափոխվում է Հանրապետության փողոց․ Դաշնակցության եւ Հանրապետականի անմիջական հարեւանությամբ, «Եվրոպա» հյուրանոցի դիմաց են տեղակայվել, «Ազգ» թերթի խմբագրության շենքի առաջին հարկում: Տեւական ժամանակ է՝ այստեղ նորոգման աշխատանքներ էին ընթանում: Ժամանակին այստեղ ԲՀԿ-ի շտաբն էր` ինչ-որ նախընտրական փուլում, ընտրություններն ավարտվելուց հետո ԲՀԿ-ն դուրս եկավ: Ուշագրավն այն է, որ շենքում իրականացվող շքեղ վերանորոգմանը զուգահեռ ամբողջությամբ փոխվեցին մայթի սալիկները, թեեւ բոլորովին վատ վիճակում չէին: Շենքին կից տեղադրված մեծ աղբամանները հանվեցին եւ տեղափոխվեցին: ՔՊ-ն փողի պակաս չունեցող իշխանական կուսակցության պահվածք է ցուցաբերում, իսկ պետական կառույցներն ու քաղաքապետարանն ամեն ինչ անում են, որ կուսակցական գրասենյակն էլիտար պայմաններում ու միջավայրում գործի:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ապրիլի 9-ին մեկնարկող ԱԺ նստաշրջանը խոստանում է թեժ լինել: Այսպիսով, արդեն հաջորդ շաբաթ ԱԺ նիստերին քննարկվելու է ՀՀ կառավարության ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը: Նիկոլ Փաշինյանը եւ նախարարներն անձամբ պետք է գան խորհրդարան՝ այն ներկայացնելու: Հաջորդ շաբաթ ԱԺ կգնան նաեւ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը եւ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը:
ԱԺ քառօրյա նիստերին քննարկվելու է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2023 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը, ՀՀ դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդում եւ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2022-2023 թթ. գործունեության մասին հաղորդումը, ինչպես նաեւ 2023 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդում եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2023 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը:
Խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությամբ ապրիլի 9-ին «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության միջեւ սահմանազատման եւ սահմանագծման հիմնախնդիրները» թեմայով հրատապ նիստ տեղի կունենա, որին հրավիրված են նաեւ արտգործնախարար Արարատ Միրզոյանը եւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Ընդդիմությունից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ դեռ նրանցից արձագանք չկա, չգիտեն՝ Միրզոյանն ու Գրիգորյանը կմասնակցեն իրենց նախաձեռնած նիստին, թե ոչ: Հաջորդ շաբաթ խորհրդարանը Սահմանադրական դատարանի դատավոր կընտրի: Առաջադրված թեկնածուն Դավիթ Խաչատուրյանն է: Վերջինս Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրն է»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իրեն ռեֆերենտ է նշանակել Էդգար Մուրադյան անուն- ազգանունով մի մարդու, որը աշխատանքի չի ներկայանում, բայց պարգեւ ու աշխատավարձ ստանում է: «Ժողովուրդ» օրաթերթը հերթական աղմկահարույց բացահայտումն է արել: Եւ այսպես, «Ժողովուրդ» օրաթերթը հարցում ուղարկեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ ներկայացնելով, որ «Ժողովուրդ» օրաթերթի ներկայացուցիչը շրջել է ԱԺ նախագահի աշխատակազմի աշխատասենյակի միջանցքներով, ԱԺ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների աշխատանքային սենյակները արձանագրել է, սակայն Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտն ավարտած Էդգար Մուրադյանի աշխատասենյակը, դրա մասին վկայող ցուցանակը չկա:
Հարց. 1. Էդգար Մուրադյանը վերջին 6 ամիսների ընթացքում քանի՞ անգամ է աշխատանքի հաճախել. խնդրում ենք տրամադրել ՊՊԾ անցակետի միջոցով նրա աշխատանքի ներկայանալու հավաստիացումները:
2. Որտե՞ղ է աշխատանքային գործունեությունը ծավալում Էդգար Մուրադյանը, ո՞ր սենյակում, եւ ինչո՞ւ չկա ցուցանակ:
3. Կոնկրետ ի՞նչ աշխատանքներ է իրականացնում նա՝ ստանալով աշխատավարձ եւ պարգեւավճար պետության միջոցներից:
4. Ճի՞շտ է, որ ԱԺ նախագահի խորհրդական Աշխեն Հայրապետյանը ամսական տաբելը լրացնելիս ԱԺ նախագահի հրահանգով մշտապես Էդգար Մուրադյանի անվան դիմաց ներկա է գրել՝ ապահովելով նրա՝ աշխատավարձի ամբողջական ստացումը:
5. Իրականում Էդգար Մուրադյանի աշխատավարձը ստանում է ինքը՝ Մուրադյա՞նը, թե՞ նրա բանկային քարտին փոխանցված գումարը ձեր մտերիմներից մեկին է փոխանցվում եւ ի՞նչ նապատակով:
Ի պատասխան՝ ԱԺ նախագահի մամուլի խոսակ Նելի Դուրյանը հաստատել է մեր բոլոր ինֆորմացիաները, որոնք շարադրված էին հարցերում: Ճիշտ է, հրաժարվել է տրամադրել Էդգար Մուրադյանի մուտք ու ելքի մասին հստակ տեղեկություն, բայց հայտնել է, որ, այո, Էդգար Մուրադյանը հեռավար է աշխատում, այսինքն՝ աշխատանքի չի գալիս, առանձնացված սենյակ, համապատասխան ցուցանակ ու աշխատանքային պայմաններ չկան նրա համար: «Անհրաժեշտության դեպքում աշխատում է ԱԺ նախագահի աշխատակազմին հատկացված ընդհանուր աշխատասենյակներից մեկում»,- գրել է ԱԺ նախագահի խոսնակը:
Այսինքն՝ միայն անհրաժեշտության դեպքում է աշխատում, իսկ իրականում կան ամիսներ, որ ընդհանրապես ԱԺ չի մտել ռեֆերենտը: Իսկ ինչ վերաբերում է ԱԺ նախագահի խորհրդական Աշխեն Հայրապետյանի կողմից կատարված ենթադրյալ կեղծիքին, ապա ԱԺ նախագահի խոսնակը լղոզված պատասխան է տվել. «ԱԺ նախագահի գրասենյակի աշխատակիցների ներկայությունը լրացվում է աշխատաժամանակի հաշվառման տեղեկագրում՝ սահմանված կարգով»: Այսինքն՝ հաստատել է նաեւ այդ ինֆորացիան: Այ թե ով է իրականում ստանում Մուրադյանի աշխատավարձը. ԱԺ-ից գրել են որ «փոխանցվում է իրեն պատկանող բանկային հաշվեհամարին»։ Այս մասով դեռ լրացուցիչ ճշտումներ կանենք, քանի որ կասկածահարույց տեղեկություններ ունենք:
Բայց այժմ ներկայացնենք նաեւ, թե ով է արտոնյալ ռեֆերենտը, որ աշխատում է «Կարույուտ» ընկերությունում՝ ըստ իր համացանցային էջի, սակայն համատեղության կարգով ԱԺ նախագահի ռեֆերենտ է աշխատում: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ նա ԱԺ իշխանական պատգամավոր Լենա Նազարյանի օգնական Սյուզաննա Գալստյանի ամուսինն է: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաեւ Սյուզաննա Գալստյանի հետ, որն ասաց. «Իմ ամուսինն աշխատում է ԱԺ-ում, այլ աշխատանք չունի, վաղուց դուրս է եկել եւ ամեն օր աշխատանքի է հաճախում»։ Իրականում Լենա Նազարյանի օգնականը ստեց, թե ամուսինն ամեն օր աշխատանքի է ներկայանում, քանի որ հենց ԱԺ նախագահի խոսնակը մեզ հայտնել է, որ Էդգար Մուրադյանը աշխատանքի չի հաճախում, հեռավար է աշխատում: Ինչպես կասեր Պարույր Սեւակը, «…ելել են շալակն աշխարհի»:
Ի դեպ, ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին Նիկոլ Փաշինյանի արդարադատությունը այսօր պատժում է, քանի որ աղջկան գրանցել է որպես աշխատող ոստիկանությունում, որն աշխատանքի չի ներկայացել, բայց գումար է ստացել: Հիմա նույն տրամաբանությամբ նաեւ Ալեն Սիմոնյանը պետք է պատասխանատվության ենթարկվի, քանի որ աշխատող ունի, որ աշխատանքի չի հաճախում, բայց աշխատավարձ ու դեռ պարգեւավճարներ է ստանում»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՔՊ-ում խուլ դժգոհություն կա Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի հարցում: Ինչպես հայտնի է՝ Դատավորների ընդհանուր ժողովը Սասուն Խաչատրյանի եղբորը` ԲԴԽ նախկին անդամ, վճռաբեկի դատավոր Դավիթ Խաչատուրյանին է ներկայացրել այդ պաշտոնի համար: Իշխող թիմը դեռեւս վերեւից հրահանգ չի ստացել քվեարկության վերաբերյալ, սակայն, ըստ ամենայնի, կընտրեն, որովհետեւ չընտրելը կնշանակի մերժել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին, եւ մեկ անգամ արդեն դատավորների թեկնածուին` Դավիթ Բալայանին, մերժել են, երկրորդ մերժումը չի հասկացվի: Սակայն մեր աղբյուրներն ասում են, որ եթե թողնեն օրենսդիրների կամքին, ապա, վստահաբար, կմերժեն նրան` հենց միայն այն պատճառով, որ կարճ ժամանակում Խաչատուրյանը մի քանի պաշտոն է փոխել, եւ ամեն անգամ ԱԺ-ն է նրան նշանակել: Ասում են` Խաչատրյան եղբայրները փողի, պաշտոնի, կարգավիճակի հավերժ փնտրտուքի մեջ են, չեն բավարարվում:
Հիշեցնենք․ Դավիթ Խաչատուրյանը 2021 թվականի հունվարին ՔՊ-ի քվեով ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ, իսկ 2023-ին առաջադրվեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թեկնածու եւ կրկին ընտրվեց: Ամիսներ անց պարզվեց, որ այս պաշտոնին էլ հավան չէ` Սորոսի հիմնադրամի վարչության նախկին նախագահը հիմա էլ ուզում է ՍԴ դատավոր դառնալ։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Իրավապահ համակարգը մոռացել է Երեւանի քաղաքապետարանի միջադեպի գործը։ Քրեական վարույթից 5 ամիս անց քրեական հետապնդման ենթակա անձ չկա։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնի քննչական բաժին է հրավիրվել եւ հարցաքննվել Երեւանի ավագանու կին անդամներից ընդամենը մեկը՝ Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը. նրանից հետո այլ անձ չի հարցաքննվել։ Միջադեպից անցել է շուրջ 5 ամիս, եւ գործով ո՛չ մեղադրյալ կա, ո՛չ տուժող։ Հիշեցնենք, որ ոստիկանությունից հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2023 թվականի նոյեմբերի 21-ին՝ Երեւանի ավագանու հերթական նիստի ժամանակ՝ ավագանու մի քանի անդամների միջեւ առաջացած տարաձայնության ընթացքում, փոխադարձ հարվածներ են հասցվել, որի ընթացքում, հասարակության նկատմամբ դրսեւորելով անհարգալից վերաբերմունք, հնչել են հայհոյանքներ՝ այդկերպ խախտելով քաղաքապետարանի բնականոն աշխատանքը:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը) եւ 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի (մի խումբ անձանց կողմից հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը) հատկանիշներով։ Կատարվում է նախաքննություն, հանգամանքները պարզվում են»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2024 թվականի հունվար ամսին ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության տակ գտնվող բանկերի ռեզիդենտներին տրված վարկերի, ավանդների, ֆակտորինգի, լիզինգի, ռեպո համաձայնագրերի ընդհանուր արժեքը հունվար ամսին կազմել է 3 մլրդ 353 մլն դրամ։ Մեկ ամսում 3 մլրդ դրամ գումարները օգտագործվել են գյուղատնտեսության, անտառային տնտեսության եւ ձկնորսության համար, անտառային տնտեսության եւ փայտամթերումների, հանքագործական արդյունաբերության եւ բացահանքերի շահագործման, մշակող արդյունաբերության, էլեկտրականության, գազի, գոլորշու եւ լավորակ օդի մատակարարման եւ այլ ծառայությունների համար։ Գարնանային հողագործական աշխատանքների բացվելուն պես գյուղատնտեսության եւ բուսաբուծության համար վարկերի շեմը կտրուկ բարձրանում է։ Օրինակ՝ 2023 թվականի մայիսին այն կազմել է 194 մլն 674 հազար դրամ։ ՀՀ-ում, ըստ Կենտրոնական բանկի, բուսաբուծության զարգացման համար 2024 թվականի հունվարին ձեւակերպվել է 37 մլն դրամ վարկ, իսկ անասնապահության զարգացման համար՝ 3 մլն 901 հազար դրամ։
Պետությունն ամեն տարի գյուղատնտեսությունը զարգացնող նոր նախագծեր է նախաձեռնում, սակայն ամեն տարի գյուղատնտեսները բախվում են ավելի ու ավելի լուրջ խնդիրների։ Տարեվերջին գյուղատնտեսների առաջ լճացում անունով պատ է ձեւավորվում, բերքը սակավ վաճառքի պատճառով նեխում է պահեստներում, իսկ պետությունից այդպես էլ ոչ մի արձագանք չեն ստանում։ Շատ հեռուն չգնանք․ հիշենք, որ գրեթե մեկ ամիս առաջ Մարտունի-Երեւան ավտոճանապարհը փակած գյուղատնտեսները բողոքում էին, որ կարտոֆիլը պատշաճ կերպով չի իրացվում Հայաստանում՝ մեղադրելով իշխանություններին, թե խոշոր խաղացողները կարտոֆիլ ներկրում են Հայաստան՝ անտեսելով սեփական շուկան։ Իշխանության «սրտի» օլիգարխները սեփական բիզնեսը առաջ տանելու համար անցել են գյուղացու կողմը։ Ինչեւէ, վարկով եւ հույսով ցանված բերքը հողում է, սակայն հողից դուրս բերքի ապագան անհայտ է՝ կա՛մ կնեխի, կա՛մ կվաճառվի որպես անասնակեր։ Իշխանությունը մարտունեցիների բողոքին արձագանք չտվեց, թեպետ մարզպետը, ըստ գյուղացիների, խոստումներ է տվել։ Ինչպես յուրաքանչյուր պետականաստեղծ աշխատանքի, այս դեպքում եւս իշխանությունը բացահայտ անտարբերություն է ցուցաբերում»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2018թ․, նախընտրական հանրահավաքի ժամանակ Վանաձորում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Դեկտեմբերի մեջ նորանկախ Հայաստանի պատմության մեջ կբացվի առաջին գործարանը, որը կենցաղային տեխնիկա կարտադրի, այսինքն՝ օրինակ, հեռուստացույցի հայկական բրենդ ա լինելու»: Սակայն այս խոստումն իրականում տապալվեց: 05․12․2018թ․ կառավարությունը հաղորդագրություն տարածեց, որ Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզի Մերձավան համայնքում ներկա է գտնվել «Այ Էմ Ջի գրուփ» ՓԲԸ-ի՝ կենցաղային տեխնիկայի արտադրության գործարանի բացմանը: Այն հայ- լիբանանյան-սիրիական համատեղ ներդրումային ծրագիր է։ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել գործարանի տարածքում, ծանոթացել ներդրված սարքավորումներին, աշխատանքային պայմաններին և ծրագրերին։ Նշվեց, որ նախնական կապիտալ ներդրումը և գործառնական ծախսերը կազմում են 4.5 մլն ԱՄՆ դոլար:
Սկզբնական փուլում գործարանը կունենա 70-80 աշխատատեղ և տարեկան կարտադրի 126 հազար միավոր կենցաղային տեխնիկա՝ հեռուստացույց, լվացքի մեքենա, օդափոխիչ, սառնարան և տեխնիկա: Նախատեսվում է, որ գործարանը կսպասարկի ոչ միայն Հայաստանը, այլ նաև տարածաշրջանի և ԱՊՀ երկրները: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում կենցաղային տեխնիկայի արտադրության գործարանի հիմնումը և նշել, որ կառավարությունը շարունակելու է աջակցել Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերում ներդրումային ծրագրերի իրականացմանը:
«Այ Էմ Զի գրուպ» ընկերության տնօրինությունը» ևս հայտարարություն տարածեց, թե՝ արդեն իսկ շուկայում առկա են ընկերության կողմից արտադրված հեռուստացույցները, որոնք այս պահին ներկայացված են «էլդորադո» էլեկտրոտեխնիկայի խանութների ցանցում։ Հրապարակումից հետո «Փաստերի ստուգման հարթակի» լրագրողն այցելել էր գործարանի տարածք, սակայ ն չէր կարողացել հանդիպել տնօրինության հետ, այցելել էր «Էլդորադո» էլեկտրատեխնիկայի խանութների ցանցի և պարզել, որ հայկական արտադրության հեռուստացույցներ չկան։
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը կառավարության՝ 23.05.2019թ․ նիստում հայտարարեց, թե կենցաղային տեխնիկա արտադրող ընկերությունում արդեն այս շաբաթ աշխատանքները սկսվել են: Նա անդրադարձավ լուրերին, որ գործարանը չի աշխատում։ Ասաց․ «Այս պահին այնտեղ 15 մարդ հեռուստացույցներ են հավաքում: Ինձ հրավիրել էին, ես ասացի՝ մինչեւ 70 մարդ էնտեղ միաժամանակ աշխատանքային պրոցեսում չլինեն, չեմ գնա: Սա կատակով, իհարկե, բայց հաջորդ շաբաթներին, երբ արդեն կգան լվացքի մեքենաների եւ մնացած տեխնիկայի մասերը, որոնք ճանապարհին են, եւ 70 մարդ աշխատանքի մեջ կլինի, ես կգնամ այնտեղ եւ լայն հանրային լուսաբանում կլինի: Այս պահին 1200 հատ հեռուստացույցների համար անհրաժեշտ մասերը գտնվում են այստեղ»: Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց, որ սա Հայաստանում առաջին փորձն է կենցաղային տեխնիկա հավաքելու, նման փորձ չի եղել նաեւ խորհրդարային տարիներին: Նա հույս հայտնեց, որ ժամանակի ընթացքում հեռուստացույցներ եւ այլ կենցաղային տեխնիկա Հայաստանում կարտադրվի նաեւ ոչ թե ներկրված սարքերով, այլ տեղում արտադրված։ Սակայն իրական կյանքում այդ գործարանը այդպես էլ գործունեություն չծավալեց»: