Անհրաժեշտ է քաղաքական մտքի ձևավորում
Վրաստանի իշխող քաղաքական ուժը՝ «Վրացական երազանք» կուսակցությունը, կրկին շրջանառության մեջ է դրել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը։ Վրացական երազանքի» ներկայացուցիչները պնդում են, որ օրենքի ընդունումն անհրաժեշտ է, որպեսզի ապահովվի այն հասարակական կազմակերպությունների գործունեության թափանցիկությունը, որոնք՝ «ֆինանսավորում են ծայրահեղականությունն ու հեղափոխական գործընթացները»։ Կար ժամանակ, որ ես սկզբունքորեն դեմ էի նման օրենքի ընդունմանը՝ համարելով, որ դա մեծացնում է իշխանության կամայական միջամտության հնարավորությունը: Այս մասին գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:
"Հայաստանի վերջին տարիների պատմությունը ստիպեց, որ վերանայեմ մոտեցումներս, որովհետև արտաքին օրակարգերի առաջմղումը լրջագույն սպառնալիքներ է ստեղծում երկրի ազգային անվտանգության համար:
Իհարկե, հեռու եմ այն մտքից, որ միայն օրենսդրական կարգավորումներն այդ խնդիրը լուծում են. գոյություն ունեն բազմաթիվ այլ գործիքներ, որոնց հանրագումարում պետք է ձևավորվի այնպիսի միջավայր, որը հնարավոր չդարձնի արտաքին ֆինանսավորման միջոցով պետականության հիմքերի խարխլման այն գործընթացը, որը հիմա տեսնում ենք Հայաստանում:
Դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է քաղաքական մտքի, արժեքի ձևավորում, քաղաքական հասարակության կայացում",- գրել է Սուրենյանցը: