«Համահայկական ճակատը» փորձելու է դառնալ նոր ընդդիմություն և 3–րդ ուժ
Ապրիլի 5-ին Երևանում կկայանա «Համահայկական ճակատ» կուսակցության հիմնադիր համագումարը։ Կուսակցության առաջնորդ, Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանն այդ օրը կարևոր «մեսիջներով» է հանդես գալու՝ կապված Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականության և առկա մարտահրավերների հետ։
Հանրապետության հրապարակ Տելեգրամ ալիքը գրում է, որ ռազմա–քաղաքական լուրջ «բեքգրաունդ» ունեցող Արշակ Կարապետյանը մտնում է մեծ քաղաքականություն։ ՀՀ ներքաղաքական դաշտը կարիքն ունի ռազմական գործի գիտակ մարդկանց, քանի որ թուրք–ադրբեջանական տանդեմը շարունակում է սպառնալ ՀՀ ազգային անվտանգությանը, տարածքային ամբողջականությանն ու անգամ հայ ժողովրդի գոյությանը։
Կարապետյանն իր բազմաթիվ ելույթներում կարևորել է հայոց բանակի մարտունակության բարձրացման, արդիականացման, նոր զինատեսակների ձեռք բերման կարևորությունը։ Վերլուծելով Կարապետյանի հարցազրույցները կարելի է հանգել այն եզրակացության, որ տվյալ քաղաքական գործիչը կարևորում է հայ–ռուսական և հայ–իրանական հարաբերությունների զարգացումը։ ՌԴ–ի և Իրանի հետ ռազմավարական կապերի խորացումը կարևոր է Կարապետյանի համար, որպես արտաքին քաղաքական ուղենիշներից մեկը։ Հավանաբար նրա կուսակցությունն էլ իր ծրագրերում ներառելու է այդ ուժային կենտրոնների հետ կապերի ամրապնդման կարևորության մասին դրույթը։
Կարապետյանը խիստ քննադատում է Փաշինյանի և թիմի վարած ներքին և հատկապես արտաքին քաղաքականությունը։ «Համահայկական ճակատը» մասնակցելու է ՀՀ ապագա ընտրական գործընթացներին՝տվյալ կուսակցությունը ներքաղաքական դաշտում զբաղեցնելու է ընդդիմության շարքերը։ Կարապետյանը պետք է իր շուրջը համախմբի քաղաքական լուրջ թիմ՝ բարձրացնի սեփական կուսակցության ճանաչելիությունը, քանի որ Արշակ Կարապետյանն ողջ կյանքում զբաղեցնելով ուժային պաշտոններ հայտնի չի եղել հանրության լայն շրջանակներին՝ էլեկտորատին։
Այսօր ՀՀ քաղաքացիները ցանկանում են քաղաքականության մեջ տեսնել նոր դեմքեր՝ նոր ուժեր, որոնք կապված չեն լինելու ոչ Փաշինյանի, ոչ նախկին իշխանությունների հետ։ Ամենակարևորը՝էլեկտորատը ցանկանում է լսել կոնկրետ լուծումներ՝անվտանգային, բանակի, սահմանների ամրապնդման, Ադրբեջանին դիմակայելու հետ կապված, բացի այդ՝երկրորդ կարևորագույն թեման էլեկտորատի համար դա սոցիալ–տնտեսական խնդիրների լուծումն է։