26.11.2024
ՀՀ-ն 2023 թ-ին արձանագրել է 8,7 տոկոս տնտեսական աճ. Նիկոլ Փաշինյան
prev Նախորդ նորություն

Պարտավոր են արձագանքել. Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է արտագնա մեկնողների բողոքներին

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է վերջին օրերին արտագնա աշխատանքի մեկնողների շրջանում հնչող որոշակի բողոքներին:


Վարչապետը նշել է, որ օրենքը նախատեսում է, որ արտագնա աշխատանքի մեկնողները նույնպես եկամտային հարկ պիտի վճարեն, այսինքն՝ աշխատանքի երկրում և Հայաստանի Հանրապետությունում առկա եկամտային հարկի տարբերության չափով, բայց դա էլ չի իրականացվում, ինչպես բնակարանի վարձակալության հետ կապված օրենքի դեպքում էր: Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է, թե այս առումով ի՞նչ փոփոխություններ են արվել:


ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի խոսքով, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրության ամբողջ պատմության ընթացքում գործել է հետևյալ կանոնը, որ ՀՀ ռեզիդենտը վճարում է թե՛ ՀՀ-ում ստացած եկամուտները, թե՛ արտասահմանում, իհարկե կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի ուժով նաև կան բացառություններ: «Եվ ինչպես նշեցիք, որևէ մեխանիզմ չի եղել այդ պարտականությունը կյանքի կոչելու: Մենք 2020թ. ԱՊՀ շրջանակներում միացել ենք համաձայնագրին, որով նախատեսվում է, որ հարկային մարմինները կփոխանակեն էլեկտրոնային տեղեկություններ միմյանց քաղաքացիների ստացած եկամուտների և վճարված եկամտային հարկի մասին, և առաջին անգամ նախորդ տարի ենք ստացել այդ տեղեկությունը: Ինչպես պահանջում է հարկային օրենսգիրքը, սկսել ենք մեղմ վարչարարություն իրականացնել, մեր քաղաքացիներին ծանուցել ենք առկա հարկային պարտավորությունների մասին»,-ասել է Ռուստամ Բադասյանը:


Անդրադառնալով արտագնա աշխատանքի մեկնողների շրջանում հնչող բողոքներին, վարչապետը նշել է, որ պետք է հարկ վճարելու նկատմամբ վերաբերմունքը փոխել: «Ամեն իրավիճակում կարող են լինել օբյեկտիվ բողոքներ: Մենք պարտավոր ենք այդ օբյեկտիվ բողոքներին և օբյեկտիվ դիրքորոշումներին արձագանքել: Բայց նաև ուզում եմ ասել, որ Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցները, երբ վերադառնում են Հայաստանի Հանրապետություն, մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի մեր հայրենակիցները, ովքեր գնացել, եկել են, պետք է, որ նկատած լինեն, որ նույն Գեղարքունիքի մարզի ավտոմոբիլային ճանապարհներն այն վիճակում չեն, ինչ վիճակում էին մի ժամանակ: 2018 թվականից մինչև այսօր Գեղարքունիքի մարզում 452 կմ ճանապարհ է կառուցվել: Սա միայն պետական ծրագրերով»,-ասել է կառավարության ղեկավարը և հավելել, որ այստեղ Գեղարքունիքի մարզի մասին է խոսում, սակայն ասվածը վերաբերում է բոլոր մարզերին:


Թեմային շրջանակում կառավարության ղեկավարը նշել է, որ միայն Գեղարքունիքի մարզում, ընդհանուր առմամբ, 76 միլիարդ 980 միլիոն դրամի՝ 180 միլիոն դոլարի չափով սուբվենցիոն ծրագրեր և պետական բյուջեի միջոցներով ծրագրեր են իրականացվել: