24.11.2024
Սահմանվում են բանկային երաշխիքի տրամադրման ընթացակարգերը. քննարկում ԱԺ-ում
prev Նախորդ նորություն

Սաֆարովը հերոս է, ՀՀ-ն խաղաղություն է մուրում.Գուրգեն Մարգարյանի սպանությունից 20 տարի անց

2004 թվականի փետրվարի 19-ին` 20 տարի առաջ այս օրը, Բուդապեշտում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից դաժանաբար սպանվեց հայկական բանակի սպա Գուրգեն Մարգարյանը:


Մարգարյանը մասնակցում էր ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» անգլիալեզու ուսումնական դասընթացներին։


Հունգարիայի իշխանությունները մարդասպանին դատապարտել էին ցմահ ազատազրկման՝ 30 տարի առանց ներման իրավունքի: Գուրգեն Մարգարյանը հրապարակվել էր 2006 թվականի ապրիլի 3-ին:


2008 թվականին այցով Երևանում գտնվող այդ ժամանակ Հունգարիայի ԱԳ նախարար Կինգա Հենցը պատասխանելով Սաֆարովին Ադրբեջան վերադարձնելու հնարավորության մասին հարցին՝ նշել էր, որ նման հնարավորություն կա, բայց Հունգարիան այդպիսի պարտավորվածություն չունի: «Ռամիլ Սաֆարովի արարքը Հունգարիայի հանրության համար շոկ էր և ցնցում: Սաֆարովին վերադարձնելու հնարավորություն կա, բայց Հունգարիան այդպիսի պարտավորվածություն չունի: Սաֆարովին վերաբերող բոլոր հարցերը անչափ լրջորեն են քննարկվելու: Ամենագլխավոր հարցը հետևյալն է՝ Սաֆարովն արդյոք Ադրբեջանում կկրելո՞ւ է ցմահ բանտարկությունը, թե՞ ոչ»,- հայտարարել էր հունգարացի նախարարը:


Սակայն ընդամենը մի քանի տարի անց Հունգարիան շոկը, ըստ էության, հաղթահարեց ու Սաֆարովին արտահանձնեց հայրենիք. Բուդապեշտը, ըստ ամենայնի, Ադրբեջանի իշխանությունների հետ գործարքի գնաց, Ռամիլ Սաֆարովն էլ հայրենիքում հերոսացվեց՝  հերոսի կոչման արժանացավ:


Ի պատասխան, 2012 թվականի օգոստոսի 31-ին, Հայաստանը դադարեցրեց Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները: Դրանք վերականգնվեցին  միայն Նիկոլ Փաշինյանի օրոք, բոլորովին վերջերս: