Վահան Քերոբյանին մեղադրանք է առաջադրվել
Վահան Քերոբյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել: Այս մասին հայտնում է VERELQ-ի աղբյուրը:
Նշենք, որ նա այն ութ անձանցից մեկն է, ում մեղադրանք է առաջադրվել, ինչի մասին քիչ առաջ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել:
Հիշեցնենք, ներկայացնելով Էկոնոմիկայի նախարարության շուրջ սկանդալի մանրամասները, ՔԿ-ն, մասնավորապես, հայտնել էր.
«Հիմնադրամի հայցի քննության ընթացքում, ինչպես նաև Դատարանի կողմից հայցը բավարարվելուց հետո նախարարության պաշտոնատար անձինք, դարձյալ իրենց ղեկավարի հանձնարարությամբ, շարունակել են հանդիպումներն ու քննարկումները «Ս» ընկերության աշխատակիցների հետ, իրենց գործողությունները համաձայնեցրել են նրանց հետ, և նույնիսկ Հիմնադրամի հայցը բավարարված լինելու պայմաններում Ընկերության հետ պայմանագիր կնքելու, իսկ դրա անհնարինության դեպքում գնման առարկայի անհրաժեշտությունը վերանալու պատրվակով մրցույթը չեղարկելու և Ընկերության անվերապահ հաղթանակն ապահովելու նպատակով նոր մրցույթ անցկացնելու հարցը:
Ավելին՝ նույնիսկ դատարանի վճռի հիմքով մրցույթում Հիմնադրամին հաղթող ճանաչելուց հետո նախարարության բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձն իր տեղակալին, նախարարության համապատասխան ստորաբաժանման ղեկավարին հանձնարարել է ծրագրի գնման նպատակով ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնել 400.000.000 ՀՀ դրամի բյուջետային հայտ, որը կատարվել է»,- մասնավորապես ասվում է հաղորդագրության մեջ: