26.11.2024
Էկոնոմիկայի նախարարության սկանդալային գործով մեղադրանքներ են ներկայացվել 8 անձանց. ՔԿ
prev Նախորդ նորություն

Տեղի կունենա Բախի «Սի մինոր Մեսսա» ստեղծագործության հայաստանյան պրեմիերան

Փետրվարի 22-ին, ժամը 19:00 Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Բախի «Սի մինոր Մեսսա» ստեղծագործության հայաստանյան պրեմիերան։


Այն կներկայացնեն Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր ՝ Վահան Մարտիրոսյան), Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան), Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան)։ Մենակատարներ՝ սոպրանո Յոհանա Վինքել (Գերմանիա), կոնտրալտո Սեդա Ամիր-Կարայան (Գերմանիա) տենոր Բենեդիքթ Հայմես (Միացյալ Թագավորություն), բաս Փիթեր Հարվեյ (Միացյալ Թագավորություն)։ Դիրիժոր՝ Ֆրից Կրեմեր (Գերմանիա)։

Բախի «Սի մինոր Մեսսա» ստեղծագործությունը համարվում է դասական երաժշտության գերագույն նվաճումներից մեկը։ Կոմպոզիցիան ավարտվել է 1749 թվականին՝ կոմպոզիտորի մահից մեկ տարի առաջ, և մեծ մասամբ հիմնված է եղել ավելի վաղ ստեղծագործությունների վրա։ Կոմպոզիցիայի առավել անսովոր բնութագրիչներից է նրա մասշտաբը. կատարման ընդհանուր ժամանակը մոտ երկու ժամ է։ Այս ստեղծագործությունը, հավանաբար, երբեք ամբողջությամբ չի կատարվել Բախի կենդանության օրոք: Ամենավաղ վավերագրված ամբողջական կատարումը տեղի է ունեցել 1859 թվականին: Տասնյակ ձայնագրություններ այն դարձրել են Բախի ամենահայտնի վոկալ ստեղծագործություններից:

2015թ.-ին «Սի մինոր Մեսսա»-ի՝ Բախի անձնական ձեռագիրը, որը պահվում էր Բեռլինի պետական գրադարանում, ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային հիշողության ռեգիստրում, որը մշակութային նշանակություն ունեցող փաստաթղթերն ու ձեռագրերը պահպանելու ծրագիր է: