VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ԱԺ-ում՝ նախօրեին, Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հանդիպել է ՔՊ-ականների հետ, քննարկել են տրանսպորտի ուղեվարձերի թանկացման հարցը։ Չնայած փակ հանդիպմանն ամբողջ ֆրակցիան չի մասնակցել` մոտ 2 տասնյակ պատգամավոր է ներկա եղել, եւ թեպետ փոխքաղաքապետը բացատրել է, որ նոր ավտոբուսները պահելը թանկ արժե, ու դրանով է պայմանավորված ուղեվարձի թանկացումը, սակայն ՔՊ-ականները, կարելի է ասել, մեկ մարդու պես ընդվզել են թանկացման դեմ, մանավանդ՝ կրկնակի եւ մի բան էլ ավելի չափով: Նրանք հորդորել են փոխքաղաքապետին՝ չգնալ նման քայլերի, մանավանդ որ առջեւում ընտրություններ են, եւ այդ որոշումն ուղիղ հարվածելու է իրենց ընտրողի գրպանին, ու հնարավոր է` ընտրությունների շեմին ՔՊ-ն փաստի առաջ կանգնի։ Միակ բացառությունը եղել է Տիգրան Պարսիլյանը, ով կարծիք է հայտնել, թե պետք չէ վախենալ նման ռեֆորմներից, ի վերջո, մարդիկ կհամակերպվեն։ Թերեւս այս հանգամանքով է պայմանավորված, որ ավագանու երեկվա նիստում հայտարարվեց, թե քաղաքապետարանը կվերանայի ուղեվարձի թանկացման առաջարկը։ Նշենք, որ, ըստ նախագծի, մեկ ամսվա համար միասնական տոմսի արժեքը լինելու է 11 հազար դրամ։ Հիշեցնենք, որ նախագիծն ավագանու անցած շաբաթվա նիստում էր ներառված, սակայն հանրային աղմուկից հետո քննարկումը հետաձգվել է: Ըստ ամենայնի, ավագանին որոշակի զիջումների կգնա, քանի որ նախնական տարբերակով ավելի քան կրկնակի էր թանկանալու ուղեվարձը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը Պաշտպանության նախարարության գործառույթներն իրեն է վերապահել ու շտապում է ՊՆ-ից առաջ պաշտոնական տեղեկություններ հաղորդել: Այսպիսով, երեկ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղում տեղի ունեցած սահմանային միջադեպի ընթացքում ՊՆ-ն առավոտից պարբերաբար պաշտոնական հաղորդագրությամբ էր հանդես գալիս՝ կոչ անելով հետեւել միայն պաշտոնական լրահոսին: Եւ, ահա, Անդրանիկ Քոչարյանը, առաջ ընկնելով պաշտպանական գերատեսչությունից, խախտելով ՊՆ սահմանած կարգը, հայտարարեց, որ հայկական կողմի զոհերի թիվը հասել է 4-ի: Շեշտենք, որ սահմանային միջադեպերի մասին պաշտոնական տեղեկություն հաղորդելու լիազորություն ունի բացառապես ՊՆ-ն. դա պատգամավորի կամ այլ բարձրաստիճան պաշտոնյաների գործառույթների մեջ չի մտնում: Ավելին՝ երբ սահմանային միջադեպից հետո տվյալ համայնքի ղեկավարը լրատվամիջոցների հետ զրույցում մանրամասներ է ներկայացնում տիրող իրավիճակից, իշխանություններն անմիջապես աղմուկ են բարձրացնում, որ մարզպետն իրավասու չէ սահմանային իրավիճակի մասին տեղեկություն տալ:
Փաստացի երեկ ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը փորձեց մրցակցության մեջ մտնել ՊՆ-ի հետ ու առաջինը տեղեկություն տալ զոհերի մասին: ՔՊ-ական պատգամավորը, որը նաեւ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է, չարաշահելով իր դիրքը, ՊՆ-ի փոխարեն, ինքն է առաջինը զոհերի թիվը հայտնում: «Ժողովուրդ» օրաթերթն այս խայտառակ փաստի առնչությամբ դիմեց ՊՆ՝ պարզելու, թե ինչպես են վերաբերվում, որ իշխանական պատգամավորը, իրենց փոխարեն, առաջինն է պաշտոնական տեղեկություն տալիս, սակայն ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը հրաժարվեց մեկնաբանել»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեւանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները կշարունակեն համատեղել ավագանու անդամի եւ հանրային ծառայողի պաշտոնները: Իշխանությունները հնարամիտ տարբերակ են մտածել յուրայիններին չնեղացնելու համար: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Երեւանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու մի շարք անդամներ ավագանու անդամի պաշտոնի հետ անհամատեղելի պաշտոններ են զբաղեցնում։ Այսպես, ավագանու իշխանական անդամ Վլադիմիր Կիրակոսյանը համատեղությամբ նաեւ Անտառային կոմիտեի նախագահն է, Նատալյա Սինորյանը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի օգնականն էր, իսկ հիմա՝ ՔՊ խմբակցության փորձագետը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար, ավագանու անդամ Արման Բարխուդարյանը ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի խորհրդականն է, Զինա Չալիկյանը ԱԺ նախագահի ռեֆերենտն է, իսկ Լեւոն Լեւոնյանը նաեւ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնականն է: Հայաստանի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից մինչեւ փետրվարի 15-ը ժամանակ էին տվել իշխանական ավագանու անդամներին. նրանք կա՛մ ավագանու մանդատից պետք է հրաժարվեն, կա՛մ իրենց զբաղեցրած հանրային պաշտոններից։
Երեկ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստ: Օրակարգում ընդգրկված է եղել ավագանու անդամի կողմից այլ հանրային պաշտոն զբաղեցնելու սահմանափակումների վերաբերյալ հարցը: Այսպիսով, խորհուրդը որոշել է հետեւյալը. այս պահին այն ավագանու անդամներին, որոնք անհամատեղելիության իրավիճակում են հայտնվել, համաներում է տրվում: Այսպիսով, ավագանու ՔՊ-ական այս 4 անդամների նկատմամբ (Հակակոռուպցիոն կոմիտեն գտել էր, որ նրանք խնդիր ունեն պաշտոնի համատեղելիության) համաներում կկիրառվի: Խորհրդի անդամները գտել են, որ տարընթերցումներ կան համապատասխան օրենքներում, իսկ պաշտոնների անհամատեղելիության սահմանափակումները հստակեցված չեն: Այսպիսով, փոփոխություններ կարվեն «Հանրային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում, որպեսզի վերացվեն տարընթերցումները, եւ հստակ սահմանվեն պաշտոնների անհամատեղելիության կանոնները: Փոփոխությունները պետք է նախաձեռնի Արդարադատության նախարարությունը: Համապատասխան փոփոխությունները եւ սահմանափակումները կտարածվեն արդեն նոր ընտրությունների արդյունքում ձեւավորված ավագանու անդամների վրա:
Այսինքն՝ ստացվում է, որ գործող ավագանու անդամները կշարունակեն համատեղել պաշտոնները, իսկ սահմանափակումները միայն նոր ձեւավորված ավագանու դեպքում կգործեն: Միեւնույն ժամանակ, Հակակոռուպցիոն կոմիտեից մեզ հայտնեցին, որ իրենք, ամեն դեպքում, օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում վարույթ հարուցելու են տվյալ՝ իրենց սահմանած ժամկետում որոշում չկայացնելու համար»։
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական թիմի պահվածքը նորություն չէ` նրանց համար չկա օրենք ու բարոյականություն, հանգիստ կարող են ոտնահարել Սահմանադրությունը, տապալել ցանկացած քվեարկություն, անգիտակից կոճակ սեղմել` վերեւից իջած հրահանգով: Շուտով նրանք դատական համայնքի թեկնածու Դավիթ Բալայանին ՍԴ դատավոր են ընտրելու, դեռ պարզ չէ, թե ինչ հրահանգ են ստացել, սակայն մենք տեղեկացանք, որ այժմ խոշորացույցով ուսումնասիրում են նրա գործունեությունն ու կենսագրությունը, փորձում «կեղտ» գտնել, որ համապատասխան հրահանգի դեպքում տապալեն քվեարկությունը: Կենտրոնացել են նրա կրթության վրա` «բացահայտել» են, որ նա 1992-ին ընդունվել է «Գալիք» համալսարան, մեկ տարուց տեղափոխվել Գրիգոր Զոհրապի անվան համալսարան, ավարտել 1997-ին, 2006-2007թթ․ էլ ուսանել է «Գլաձոր» կառավարման ակադեմիայում։ Թե ինչ են տալու այս փաստերը՝ պարզ չէ, քանի որ իրենց մեծ թվով պաշտոնյաներ ոչ պետական բուհեր են ավարտել, ոմանք բարձրագույն կրթություն առհասարակ չունեն»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Կառավարությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում Ազգային ժողովին է ներկայացրել գործող նախագահ Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը: Օրենսդիր մարմինը թերեւս առաջիկա նիստերի ընթացքում փակ քվեարկությամբ ընտրություն կկատարի։ Բաղրամյանն այս տարիներին ոչնչով աչքի չի ընկել, բայց հնազանդորեն կատարել է վերեւից իջեցվող հրահանգները: Նրա միակ «առանձնահատկությունն» այն է, որ նա ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանի բաջանաղն է։ Բաղրամյանն այս պաշտոնին է 2019թ․ ապրիլից։ Մինչ այդ եւս աշխատում էր հանձնաժողովում, իսկ 2018թ․ հոկտեմբերից մինչեւ 2019թ․ ապրիլն աշխատել է էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար։ Չնայած ՔՊ-ական պատգամավորներն Արթուր Վանեցյանի դեմ թեժ պայքարի շրջանում երբեմն խայթում էին նաեւ Բաղրամյանին, բայց նա պահպանեց պաշտոնը, եւ, ինչպես տեսնում ենք, Փաշինյանը, փաստորեն, գոհ է նրա աշխատանքից եւ որոշել է պահել նրան:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Պաշտպանության նախարարությունը կրկնապատկել է «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին տրամադրվող դրամաշնորհի չափը։ Այս ՊՈԱԿ-ի տնօրենը, հիշեցնենք, Վաղինակ Սարգսյանն է, ով զբաղեցրել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի, հետո՝ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարի պաշտոնը: 2018-ի իշխանափոխության օրերին խաղաղապահների գնդին՝ «Ստալիչնի պոլկից», հենց նա է հանել փողոց՝ Փաշինյանի ակցիաներին մասնակցելու, եւ, ըստ որոշ լուրերի, հենց դրանից հետո է Սերժ Սարգսյանը վերջնականապես որոշել հրաժարական տալ։ Այս տարի նշված ՊՈԱԿ-ին տրված դրամաշնորհի չափը կազմում է 483 մլն 792 հազար դրամ, մինչդեռ 2023-ին 2 անգամ պակաս էր՝ 215 մլն 320 հազար դրամ: Ընդ որում՝ այդ թիվն էլ էր այդ ՊՈԱԿ-ի համար շատ, որովհետեւ փողն այնքան էր ավելացել, որ ՊՈԱԿ-ը սկսել էր տարեվերջին ինչ-որ անհասկանալի սեմինարներ ու քննարկումներ անել` խորովածով ուղեկցվող, որ գումարը հասցնի ծախսել։ Հասկանալի չէ, թե 2024-ին այդ 483 մլն 792 հազար դրամն ինչի համար է տրամադրվելու, քանի որ պայմանագրում ծրագրի որեւէ նկարագրություն առկա չէ։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արթուր Հովհաննիսյանի հետ թմրանյութի գործով ձերբակալված անձի գործերը լավ չեն. նա պարտքեր է կուտակել: «Ժողովուրդ» օրաթերթն արդեն տեղեկացրել էր, որ ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը 2017 թվականի նոյեմբերի 28-ին Nissan March մակնիշի ավտոմեքենայով Երեւանի բնակիչ Գեւորգ Սավթալյանի հետ բերման էր ենթարկվել ոստիկանություն: Նրանց մոտից խուզարկությամբ հայտնաբերվել էր 0.24 գրամ կշռով դեղնականաչավուն զանգված: Ոստիկանները հենց թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված ենթադրյալ հանցանք կատարելու կասկածանքով էին Արթուր Հովհաննիսյանին եւ Գեւորգ Սավթալյանին ոստիկանություն տարել: Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ «Դատալեքս» տեղեկատվական համակարգից, ՀՀ օմբուդսմենի ընդդիմադիր թեկնածու Էդգար Ղազարյանի ականջն ու լեզուն կտրելու սպառնալիք հնչեցնող պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի հետ ձերբակալված Գեւորգ Սավթալյանից տարատեսակ կազմակերպություններ դատարանի միջոցով գումար են պահանջում: «Ամերիաբանկ»-ը, «Մոգո»-ն, «Գուդկրեդիտ»-ը, Հերացու անվան բժշկական համալսարանը ՔՊ խմբակցության քարտուղարի հետ ձերբակալված անձից դատարանի միջոցով պահանջում են 15-ից 63 հազար ՀՀ դրամ։ Դատելով Գեւորգ Սավթալյանի ֆեյսբուքյան էջից՝ Արթուր Հովհաննիսյանը նրա միակ եւ անփոխարինելի ընկերն է, որը, սակայն, նեղության մեջ գտնվող ընկերոջը թողել է անօգնական»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ վարչապետի աշխատակազմը 2024 թվականի հունվարի 25-ին 1 մլն 411 հազար 200 դրամ (ներառյալ Ավելացված արժեքի հարկը) աժողությամբ պայմանագիր է կնքել «Եգեր» ՍՊԸ-ի հետ, որը զենքի եւ զինամթերքի, զինվորական եւ որսորդական պարագաների խանութների ցանց է։ Վարչապետի աշխատակազմը գնել է Байкал МР-71 14 ատրճանակներ։ Ատրճանակի մեկ հատի արժեքը կազմել է 100 հազար 800 դրամ։ Պայմանագրով գնման առարկան՝ ատրճանակը, տեխնիկական բնութագով պողպատից է, զենքի տրամաչափը՝ 9×17 մմ, փամփշտատուփի պարունակությունը՝ 8 փամփուշտ, զենքի ընդհանուր երկարությունը՝ 94 մմ, քաշը՝ 0.73 կգ։ Ատրճանակները ձեռք են բերված 2 տարի երաշխիքով։ Թե ինչ նպատակով, փաստաթղթերում չի երեւում»։