25.11.2024
ՀՀ-ն Համաշխարհային բանկից 2.9 մլն դրամաշնորհ է ստացել՝ ԼՂ-ից տեղահանված երեխաների մասով
prev Նախորդ նորություն

Ողջունում ենք Երևանի և Բաքվի պայմանավորվածությունները. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան գոհունակությամբ է ընդունել Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի համատեղ հայտարարությունը, որը հաստատում է հարաբերությունները կարգավորելու և երկու երկրների միջև խաղաղության պայմանագիր կնքելու փոխադարձ մտադրությունը։ Այս մասին ասվում է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովայի տարածած հայտարարության մեջ։


«Ողջունում ենք Բաքվի և Երևանի միջև պայմանավորվածությունը հայ և ադրբեջանցի զինծառայողների ազատ արձակման վերաբերյալ։ Ռուսաստանը հետևողականորեն առաջ էր մղում պահվող անձանց փոխանակելու գաղափարը՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Սա նպաստում է վստահության փոխադարձ ամրապնդմանը և նոր հնարավորություններ է բացում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի խթանման համար՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020-2022 թվականների համապարփակ եռակողմ համաձայնագրերին համահունչ։ Մենք պատրաստ ենք շարունակել հնարավոր աջակցությունը ցուցաբերել տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, սահմանի սահմանազատման, խաղաղության պայմանագրի կնքման և քաղաքացիական հասարակության գծով շփումների հարցում։


Մոսկվան նաև ողջունում է Երևանի որոշումը՝ որպես բարի կամքի ժեստ հօգուտ Ադրբեջանի հրաժարվելու իր երկրի թեկնածությունից՝ 2024 թվականի նոյեմբերին ընդունելու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը, ինչպես նաև Բաքվի կողմից ՄԱԿ-ի «COP»-ի բյուրոյին անդամակցելու համար Հայաստանի թեկնածությանն աջակցությունը։


Ռուսական կողմը (ՌԴ նախագահի կլիմայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռ.Ս.-Խ. Էդելգերիևը) շփումներ է ունեցել Բաքվի և Երևանի հետ՝ նպատակ ունենալով հասնել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի շուրջ ընդհանուր համաձայնության», – մասնավորապես ասվում է հայտարարության մեջ։


VERELQ-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ըստ պայմանավորվածության՝ Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների, Հայաստանի Հանրապետությունն իր հերթին ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների: Վերջիններս, հիշեցնենք, գերի չեն, նրանցից մեկը մարդասպան է և երկու օր առաջ դատարանի կողմից դատապարտվեց ցմահ ազատազրկման: