Լարսում մոտ 1700 հայկական բեռնատար սպասում է իր հերթին
Ավելի քան 1700 հայկական բեռնատարներ Վերին Լարսի մոտ՝ սահմանի վրացական և ռուսական կողմերում սպասում են անցման իրենց հերթին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
«Մոտ 800 Վրաստանի տարածքում են սպասում և արդեն 900՝ Ռուսաստանի կողմից»,- նշեց Հակոբյանը։
Հիշեցնենք, որ երեկվանից՝ նոյեմբերի 28-ից, երթևեկությունը բաց է միայն թեթև մարդատար և մարդատար տրանսպորտի համար:
Նշենք, որ Վերին Լարսի ճանապարհը եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով պարբերաբար փակվում է։
Մասնագետների կարծիքով՝ իրավիճակը կփոխվի վրացական կողմի խոշոր նախագծի՝ տարածաշրջանում ամենաերկար թունելի կառուցումից հետո, որը կտանի դեպի Վերին Լարսի անցակետ:
Հիշեցնենք` Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինըկիլոմետրանոց թունելի մասին է։
Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո՝ 2024 թվականին, տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում մեքենաների անխափան երթևեկություն կապահովվի ամբողջ տարվա ընթացքում: