28.11.2024
Երևանում հունվարից ավտոկայանատեղիների վճարները կվերանայվեն
prev Նախորդ նորություն

Մեր բոլոր պարտավորություններն արտահայտված են «Խաղաղության խաչմերուկ»-ում. Փաշինյան

Տեղյակ եք, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման վերջին տարիներին ամենաշատ քննարկված, շահարկված թեմաներից է, որի շրջանակներում Հայաստանին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը, անձամբ ինձ վերագրվել են խոստումներ, պարտավորություններ, նույնիսկ դավադրություններ: Մեր բոլոր խոստումներն ու պարտավորություններն արտահայտված են «Խաղաղության խաչմերուկ» նախագծում, և մենք պատրաստ ենք րոպե առաջ մեկնարկել այդ նախագծի իրագործումը և ակնկալում ենք տարածարջանային երկրների և միջազգային հանրության աջակցությունը: Հիմա նաև ուզում եմ արձանագրել, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագծում արտահայտված են նաև մեզ տրված խոստումները և մեր առաջ ստանձնած պարտավորությունները: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Հիմա ուզում եմ անդրադառնալ իմ ասածից ակնհայտորեն բխող մի հարցի: Եթե Ադրբեջանի հետ խաղաղության սկզբունքները համաձայնեցված է, ինչո՞ւմն է ուրեմն խնդիրը, ինչո՞ւ առաջ չենք գնում, ինչո՞ւ չենք ստորագրում խաղաղության պայմանագիրը: Մեծ հաշվով պատճառն անվստահությունն է կողմերի միջև, որովհետև ամեն անգամ մենք՝ Ադրբեջանի, երևի Ադրբեջանը՝ մեր հայտարարությունների, որոշ գործողությունների մեջ տեսնում ենք վերը նշված պայմանավորվածություններից հրաժարվելու և ագրեսիվ գործողություններ պլանավորելու մտադրություններ, ինչն էլ բացասաբար է ազդում խաղաղության պայմանագրի տեքստային աշխատանքի վրա: Մինչդեռ առաջիկայում հստակեցնելու ևս մի քանի առանցքային հարցեր կան, որոնցից մեկը խաղաղության պայմանագրի բովանդակության շուրջ հնարավոր տարընթերցումների հաղթահարման մեխանիզմի ձևակերպումն է:


Ցավոք, այդպես է իրողությունը, որ յուրաքանչյուր նախադասություն երբեմն հնարավոր է լինում տարբեր կերպ մեկնաբանել, հետևաբար՝ պետք է շատ հստակ մեխանիզմ ունենանք, թե տարբեր մեկնաբանությունների դեպքում ինչպե՞ս ենք դա հաղթահարելու: Մյուսը՝ անվտանգային երաշխիքների ստեղծումը, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո որևէ էսկալացիա հնարավոր չլինի",- ասաց վարչապետը: