23.11.2024
Ինդոնեզիայի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
prev Նախորդ նորություն

Հայաստանն ունի քաղաքական կամք՝ գնալու խաղաղության ճանապարհով. Հակոբ Արշակյան

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են ՀՀ ԱԺ Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի անդամներ Ռուստամ Բաքոյանը, Շիրակ Թորոսյանը և Արեն Մկրտչյանը, աշխատանքային այցով Սիրիայի Արաբական Հանրապետությունում է:


Նոյեմբերի 13-ին պատվիրակության անդամները հանդիպել են Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի նախագահ Համմուդահ Սաբբաղի հետ:


Շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդգծել է, որ Սիրիան Հայաստանի և հայ ժողովրդի համար յուրահատուկ նշանակություն ու դերակատարում ունի: Նա գոհունակությամբ արձանագրել է Սիրիայի հետ ավանդական ջերմ և գործընկերային հարաբերությունները՝ խարսխված մեր ժողովուրդների դարավոր պատմական կապերի, բարի կամքի և փոխվստահության ամուր հիմքերի վրա:


Անդրադառնալով սիրիական ճգնաժամին՝ ԱԺ փոխխոսնակը նշել է, որ ճգնաժամի առաջին իսկ օրվանից Հայաստանը հանդես է եկել Սիրիայի միասնության և ինքնիշխանության պահպանման ու համապարփակ երկխոսությամբ խնդրի կարգավորման օգտին:


«2019 թվականից ի վեր Սիրիայում հայկական մարդասիրական առաքելությունն ականազերծել է գյուղատնտեսական նշանակության գրեթե 2.400.000 քմ տարածք, ինչպես նաև բուժօգնություն է ցուցաբերել ավելի քան 60.000 բնակչի: Բացի այդ, Հայաստանը 2023 թվականի փետրվարին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի ժամանակ կանգնեց Սիրիայի բարեկամ ժողովրդի կողքին՝ ուղարկելով մոտ 55 տոննա մարդասիրական բեռ»,- նշել է փոխխոսնակը:


Հանդիպման ընթացքում հանգամանալից ներկայացվել է Հարավկովկասյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, քննարկվել տարածաշրջանում տևական խաղաղության հասնելու անհրաժեշտությունը:


«Ուզում եմ հատուկ ընդգծել, որ չնայած բոլոր բարդություններին և մարտահրավերներին՝ Հայաստանի Հանրապետությունն ունի քաղաքական կամք՝ գնալ խաղաղության ճանապարհով: Մենք դա հնարավոր ենք համարում երկու կողմերի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ինչպես նաև ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքների հիման վրա: Ճանապարհների ապաշրջափակումը մեր տարածաշրջանում կարող է ծառայել որպես Պարսից ծոցը Սև ծովին և Կասպից ծովը Միջերկրական ծովին միացնող մի խաչմերուկ, որին անվանում ենք «Խաղաղության խաչմերուկ»,- շեշտել է ԱԺ փոխխոսնակը:


Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի նախագահ Համմուդահ Սաբբաղը խոսել է երկու երկրների և ժողովուրդների դարավոր բարեկամության մասին, կարևորել Սիրիայի հայ համայնքի դերն ու նշանակությունը՝ կառավարման հարցերից մինչև տնտեսական և մշակութային կյանքը:


Խոսելով խաղաղության մասին՝ նախագահ Սաբբաղն ընդգծել է, որ իրենք կիսում են ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ինչպես նաև ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքների կարևորությունը:


ՀՀ ԱԺ փոխխոսնակի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաև Սիրիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Լյուսի Իսքենյանի և բարեկամական խմբի անդամների հետ:


Հանդիպման ընթացքում Հակոբ Արշակյանը նշել է, որ կարևորում է խորհրդարանական դիվանագիտության դերը և խորհրդարանական կապերի խորացումը, որի գործում մեծ է բարեկամական խմբերի դերը՝ որպես օրենսդիր մարմինների միջև համագործակցության շարժիչ ուժ:


Նախագահի տեղակալն ընդգծել է, որ պատգամավորական բարեկամական խմբերը լրացուցիչ խթան են հանդիսանում երկու երկրների փոխըմբռնման ու փոխվստահության ամրապնդման գործընթացին, ինչպես նաև միասնական տեսակետների շրջանակի ընդլայնմանը:


Սիրիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Լյուսի Իսքենյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար՝ նշելով, որ ջանքեր կգործադրվեն համատեղ օրակարգային հարցերը հասցեագրելու և երկու երկրների միջև խորհրդարանական կապերի ամրապնդման ուղղությամբ: